Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարելու համար դեռևս մեկ շաբաթ կպահանջվի. Կամո Արեյան

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարելու համար դեռևս մեկ շաբաթ կպահանջվի. Կամո Արեյան

Արդեն հինգերորդ օրն է, ինչ Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները: Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայրում աշխատում են քաղաքապետարանի 6 բեռնատար, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի 2 ջրատար, 2 տրակտոր, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

«Կան ծխացող օջախներ։ Մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում է մոտ 1000 խմ աղբ։ Շինարարական աղբավայրում՝ մոտ 1000 քմ տարածքում, այրվում է շինարարական աղբ, որը ներկա պահին մեկուսացված է»,- նշված է Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ:

2023թ. մայիսի 18-ին բռնկված հրդեհը մարելու համար դեռևս մեկ շաբաթ ժամանակ կպահանջվի: Այս մասին մայիսի 22-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ 

Նշենք, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ են արտանետվում մարդու առողջության համար վնասակար նյութեր՝ դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ և այլ աղտոտիչներ:

«Այսօր արդեն 5-րդ օրն է՝ բռնկում է եղել։ Մասնակի էր, հետո ծավալվեց ամբողջ պարագծով։ Երեկ շատ դժվար աշխատեցինք, եղանակը թույլ չտվեց։ Մոբիլիզացված են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ամբողջ շարժակազմը, վարչական շրջանների ղեկավարների աջակցությամբ մասնավոր ընկերություններից տեխնիկա է եկել, շատ մեծ օգնություն ցուցաբերեց մեր ճարտարապետության և քաղաքաշինության վերահսկողության վարչությունը: Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Եթե ռեալ գնահատենք, դեռևս մեկ շաբաթ կպահանջվի մեզնից՝ ամբողջությամբ մարելու և այդ տարաածքից ծուխը դադարեցնելու համար: Հարցի հետագա ընթացքի և վերահսկողության համար, պարոն Ավինյան, թույլ տվեք որոշ նկատառումներ Ձեզ առանձին ներկայացնել ու քննարկել մեր հետագա քայլերը: Սակայն մեր առաջնահերթ խնդիրն եմ համարում նոր աղբավայրի ծրագրի վերականգնման ընթացքին արագ ձեռնամուխ լինելը»,- նշեց Կամո Արեյանը: Ի պատասխան փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ նոր աղբավայրի կառուցման ծրագիրն այս պահի դրությամբ արդեն ընթացքի մեջ է։ «Առաջարկում եմ այցելել Նուբարաշենի աղբավայր և շրջայց կատարել՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, եթե հավելյալ ռեսուրսի կարիք կլինի՝ հասկանանք, թե որտեղից ենք ներգրավելու»,- ընդգծեց նա: 

Հիշեցնենք, որ 2015թ. ՀՀ կառավարությունը վարկային համաձայնագրեր է կնքել ՎԶԵԲ-ի և ԵՆԲ-ի հետ՝ իրականացնելու «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը»: Ծրագրով նախատեսված է նոր աղբավայրի հիմնում Նուբարաշենի գործող աղբավայրի հարևանությամբ: Ծրագրի իրականացման համար տրամադրվել է 8 միլիոն եվրո վարկ Եվրոպական ներդրումային բանկից, 8 միլիոն եվրո վարկ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, 8 միլիոն եվրո դրամաշնորհ՝ ԵՄ-ից՝ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով, 2 միլիոն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միավայրի գործընկերությունից (E5P):

Սակայն դեռևս նոր աղբավայրը չի կառուցվել: ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման մրցույթը 2022թ. սեպտեմբերի 1-ին չեղյալ է համարվել:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվում է վերոհիշյալ մրցույթի չկայացման պատճառների վերհանման ուսումնասիրություն, ինչպես նաև իրականացվում է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, որպեսզի սահմանվի նոր հայտարարվելիք մրցույթի ձևաչափը և չափորոշիչները: 

Նշենք, որ 1950-ական թվականներից սկսած Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում ավելի քան 30 հա մակերեսով տարածքն օգտագործվում է որպես աղբավայր /Նուբարաշենի աղբավայր/: Տարածքն ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով որպես աղբավայր, այն չի համապատասխանում իր չափանիշներով միջազգային տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին:



Մայիս 22, 2023 at 16:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր