Հայաստանում խաղալիքների 20%-ը վարակված են տոքսիկ տարրերով (Լուսանկարներ)

Հայաստանում խաղալիքների 20%-ը վարակված են տոքսիկ տարրերով (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Մկնդեղ, սնդիկ, քրոմ, կապար, ահա թե ինչեր կարելի է գտնել Հայաստանում վաճառվող երեխաների խաղալիքներում: Դեկտեմբերի 17-18-ին «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի կազմակերպած «Խաղալիքներն առանց թույնի» գիտաժողովի ընթացքում ԱՄՆ-ից հրավիրված մասնագետները ստուգել են խաղալիքները եւ այլ առարկաներ` 6 տոքսիկ տարրերի պարունակությունը հայտնաբերելու համար:   3-8 տարեկան աղջիկների շրջանում հաջողությամբ օգտագործվող մանկական շրթներկի մեջ սնդիկի պարունակությունը նորման գերազանցել է 250 անգամ:

Թուրքական արտադրության մրգերի վազայի մեջ հայտնաբերել են մկնդեղ, սնդիկ, քրոմ եւ կապար, թեպետ վազայի վրա գրված է, որ որեւէ վնասակար միացություն չկա: Գիտաժողովի մասնակիցներից մեկը ստուգեց իր ոսկյա ականջօղերը: Պարզվեց, որ նրանցում մեծ է սնդիկի պարունակությունը:

Իսկ մյուս մասնակցի արծաթե ականջողերում հայտնաբերեցին կապար: Բայց ամենածանր տպավորությունը թողեցին ամենափոքրերի համար նախատեսված խաղալիքները` չխչխկանները, ատամների համար նախատեսված օղակները, որոնք միշտ երեխաների բերաններում են: Այդ խաղալիքներում նույնպես առկա 1 մեծ քանակությամբ կապար: Մեքենաներ, ատրճանակներ, վաննաներ, տիկնիկներ, պայուսակներ եւ սպասքի հավաքածուներ` ոչ մի երաշխիք չկա, որ դուք ձեռք կբերեք ձեր երեխաների համար անվտանգ խաղալիքներ: Կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն` Հայաստան ամենից շատ խաղալիքներ ներկրվում են Չինաստանից, տարեկան` 1638 տոննա: Փորձագետ Քնարիկ Գրիգորյանը նշեց. «49 երկրների հետ մենք ունենք խաղալիքների ապրանքաշրջանառություն, տարեկան` ընդամենը 2319 տոննա: Բայց Չինաստանը զբաղեցնում է առաջին տեղը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ խաղալիքների 20%-ը պարունակում է տոqսիկ տարրեր»: Փորձագետ Լիլիկ Սիմոնյանի խոսքերով` միայն ֆիրմային խանութներում են եղել հավաստագրերով խաղալիքներ: Սուպերմարկետների եւ կրպակային տոնավաճառների խաղալիքները հավաստագրված չեն: «Մենք պահանջում ենք, որպեսզի խաղալիքների հավաստագրման  առկա չափանիշները վերանայվեն»,- ասաց նա: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Նաիրա Վարդանյանը նշեց, որ դեկտեմբերի 17-ին նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` խաղալիքների համար նախկին տեխնիկական ռեգլամենտի փոփոխության վերաբերյալ: «Կառավարության նոր որոշումը պետք մոտեցվի եվրոպական չափանիշներին եւ կարգավորի այդ գործընթացը»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Նաիրա Գրիգորյանը: Գիտաժողովն անցնում էր «Տոքսիկ մետաղներ երեխաների համար ապրանքներում» ծրագրի շրջանակներում, որին մասնակցում են 6 երկրներ` Քիմիական անվտանգության  հարցերով միջազգային IPEN ցանցի աջակցությամբ եւ «Գրիդ Արենդալ» կազմակերպության համաֆինանսավորմամբ:

Դեկտեմբեր 19, 2012 at 12:15

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր