300 գառնեցիներ ՀՀ վարչապետին ահազանգում են «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագրի ռիսկերի մասին

300 գառնեցիներ ՀՀ վարչապետին ահազանգում են «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագրի ռիսկերի մասին

«S.O.S. Գառնի» նախաձեռնություն
ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի 300 բնակիչներ «S.O.S. Գառնի նախաձեռնության հետ միասին նամակով դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` ահազանգելով «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագրի ռիսկերի մասին և պահանջելով անցկացնել ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում:
Նամակի կրկնօրինակներն ուղարկվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար պարոն Աշոտ Մանուկյանին, ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արծվիկ Մինասյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
պարոն Արսեն Հարությունյանին:
Գառնեցիների նամակում նշված է.
«Հարգելի պարոն վարչապետ,
մենք` Գառնի համայնքի բնակիչներս, ովքեր անհանգստացած են «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագրով, կազմավորել ենք «SOS Գառնի» նախաձեռնությունը: Հայաստանում իրականացվում են նոր ջրամբարների կառուցման վարկային ծրագրեր, մինչդեռ արդեն իսկ գոյություն ունեցող Ազատի ջրամբարը «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագրի պատճառով կկորցնի իր գործառնական նշանակությունը: Ազատի ջրամբարը, որը սնուցվում է Ազատ գետից, ոռոգում է Երևանի մերձքաղաքային գոտու և Արարատի մարզի գումարային 7100 հա հողատարածք (ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ, 2007, էջ 5): «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագիրը, որն օգտագործելու է Ազատ գետի ջուրը, չի գնահատել իր ազդեցությունը Ազատի ջրամբարի վրա:
Քաղցրաշենի ծրագրի համար ջրառն իրականացվելու է ապրիլ-հոկտեմբեր ամիսներին, այսինքն այն նույն ամիսներին, երբ ոռոգում է իրականացվում Ազատի ջրամաբարից ոռոգվող տարածքներում: Քաղցրաշենի ծրագրով պետք է ոռոգվի գումարային 1232 հա հողատարածք Արարատի մարզում, որից նոր հողատարածքները 378 հա են, իսկ 854 հեկտարը մինչ այժմ ոռոգվում է Ազատի ջրամբարից:
Ներկայացնում ենք Ձեզ 2016թ-ի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին Ազատի ջրամբարի լցվածության վերաբերյալ ‹‹Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն›› ՊՈԱԿ-ի տվյալները:
2016թ-ի ապրիլի 1-ի դրությամբ 70 միլիոն խմ տարողությամբ Ազատի ջրամբարը լցված է եղել 43.3 միլիոն խմ ջրով: Լցվածության ցուցանիշը բարձրացել է մինչև հունիսի 10-ը` 70 միլիոն խմ: Այնուհետև ջրամբարի լցվածությունը սկսել է իջնել և օգոստոսի վերջին կազմել է 17.2 միլիոն խմ, սեպտեմբերի 30-ի դրությամբ` 8.44 միլիոն խմ, այնուհետև մինչև հոկտեմբերի վերջ իջել է մինչև 7.48 միլիոն խմ:




Հիդրոմետ ծառայության տվյալներից երևում է, որ ոռոգման սեզոնի առնվազն 3 ամիս սակավաջուր են, և Ազատի ջրամբարի լցվածությունը 10-20 տոկոս է:
Նշենք նաև, որ 2016թ-ի հունիս ամսին ջրամբարի 100 տոկոս լցվածությունը պայմանավորված է եղել նրանով, որ այդ ժամանակ ներքին կարգով ոռոգման համար թույլ չի տրվել Գառնի համայնքի ոռոգման համակարգի գլխամասից և Ազատի ջրամբարից ջրառ իրականացնել: Ավելին, Ազատի ջրամբարի լցվածությունը պայմանավորված է նաև մեծաքանակ տիղմով, որը տարիներ շարունակ լցվել է ջրամբար և չի մաքրվել:
«Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագրի համաձայն` Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի պահանջարկը հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին համապատասխանաբար կազմում է 2.55 միլիոն խմ, 2.47 միլիոն խմ, 1.34 միլիոն խմ: Այսինքն` Ազատի ջրամբարի ցածր մակարդակն ավելի կիջնի նշված ջրառի հաշվին:
Ազատի ջրամբարի սնուցումն ապահովող Ազատ գետի ջուրն էլ ավելի կպակասի Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցման պատճառով, քանի որ Գեղարդալիճ է ուղղվելու Ազատ գետի վերին վտակ Գիլանլարի ջուրը:
Այս պարագայում կարևոր է նշել, որ տարիներ շարունակ մեր համագյուղացիներին թույլ չեն տալիս Քաղցրաշենի ծրագրով նախատեսված ջրառի մոտակայքից 100լ/վ ջուր վերցնել իրենց հողերը ոռոգելու համար` պատճառաբանելով Ազատ գետի սակավաջրությունը, Ազատի ջրամբարի և տեղի էկոհամակարգի վտանգվելը: Գառնի համայնքը իրականում ունի շուրջ 2000 հեկտար ոռոգման ենթակա տարածք, որը ժամանակին ոռոգվել է, սակայն տարիներ շարունակ այդ հողերի հիմնական մասն անմշակ է մնում ջրի բացակայության պատճառով: Այդ տարածքներն անապատացել են, և մոտ 1500լ/վ ջուր է անհրաժեշտ այդ տարածքների ոռոգման համար:
Ակնհայտ է, որ կոնֆլիկտ կա Ազատի ջրամաբարից տարիներ շարունակ ինքնահոս եղանակով օգտվող ջրօգտագործողների և «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագրի միջև:
Ելնելով նրանից, որ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը փոխվել է և այդ փոփոխությունների վերաբերյալ չի կազմվել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական (ՇՄԱԳ), որում արտացոլված կլինեին սոցիալական և բնապահպանական ռիսկերը, ինչպես նաև ծրագիրը վնաս է հասցրել Գառնիի բնակիչներին, պահանջում ենք «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագիրը մտցնել օրինական դաշտ և անցկացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթաց:
07.06.2017թ.
«S.O.S. Գառնի» նախաձեռնություն և Գառնի համայնքի բնակիչներ»:

16:09 Հունիս 08, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news