ԷկոԼուր
Հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրեց իր աշխատանքը, իսկ գործարանի աշխատակիցները ի նշան բողոքի փակեցին միջպետական ճանապարհը և երկաթգիծը: Պահանջը մեկն է՝ գործարանը պետք է աշխատի:
ԷկոԼուրի հետ զրույցում Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգայանը հայտնեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցուցարարներին առաջարկել է 10 հոգանոց խումբ կազմել, գալ Երևան՝ քննարկելու խնդիրը: Բողոքի ակցիան դադարեցվել է, խումբը գալիս է Երևան՝ հանդիպելու Տիգրան Ավինյանին:
Գործարանի աշխատակիցները նույն պահանջով բողոքի ակցիա էին իրականացրել նաև հոկտեմբերի 10-ին: Իսկ հոկտեմբերի 16-ին նրանք բաց նամակ էին ուղարկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար:
Հիշեցնենք, որ 2018թ-ի սեպտեմբերին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տուգանեց «Էյ Սի Փի» ընկերությանը 380 միլիոն դրամի չափով՝ մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասի համար:
Հոկտեմբերի 11-ին ընկերությունը 3 պահանջ ներկայացրեց ՀՀ կառավարությանը` նշելով, որ դրանց չկատարման դեպքում կդադարեցնի պղնձաձուլարանի աշխատանքը և ավելի քան 500 աշխատողներ գործազուրկ կդառնան:
«Էյ Սի Փի» -ն պահանջում է՝
• թույլ տալ մինչև 6 անգամ գերազանցել արտանետումների՝ դեռևս 2005 թվականին կառավարության որոշմամբ սահմանված նորմերն ու դրա դիմաց տուգանքներ չկիրառել
• ՎՏԲ-ի հետ կնքված վարկային պայմանագրի երրորդ կողմ հանդիսացող կառավարությունը արգելափակի բանկի ոտնձգությունները «Արմենիան Փափըր Փրոգրամ» ընկերության և «Վալլեքս» խմբի այլ ձեռնարկությունների առգրավման ուղղությամբ
• օրենսդրական նախաձեռնությամբ աջակցել նոր պղնձաձուլարանի կառուցման հայ-չինական ներդրումային ծրագրին:
Հոկտեմբեր 19, 2018 at 19:03