

ԱրմԻնֆո
Գործող լեռնահանքային ձեռնարկությունների մերձակա շատ շրջաններում արդեն չկա որակյալ գյուղմթերք: Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:
«Շրջակա միջավայրի` ծանր մետաղներով աղտոտումը տեղի է ունենում այնպիսի չափերով, որ դա հանգեցնում է ծանր մետաղների ներթափանցմանը սննդային շղթա: Դա դիտվում է Հայաստանի գրեթե բոլոր լեռնահանքային շրջաններում` հարավում, հյուսիսում, ինչպես նաև Արարատյան դաշտավայրում»,-հայտարարել է Սաղաթելյանը:
Նրա խոսքով, մետաղները ջրի հոսքի միջոցով աղտոտել են ոչ միայն հողը. շատ վայրերում այսօր աղտոտվում են ոռոգման ջրերը: «Այդ ամենն անցնում է բանջարեղենային մշակաբույսերի մեջ և մեծ վտանգ ներկայացնում մարդու առողջության համար: Դա գենոֆոնդի խախտման իրական սպառնալիք է»,- ասել է նա:
Փորձագետը նշել է, որ խնդիրն օրենդրական դաշտում լուրջ բացթողումների, ինչպես նաև այդ ոլորտում կոռուպցիայի բարձր մակարդակի մեջ է: «Այսօր Հայաստանում չկա լեռնահանքային ընկերությունը, որը չխախտի աշխարհում ընդունված նորմերը: Ուրախացնում է միայն այն, որ հասարակայնությունն սկսել է ակտիվ մասնակցություն ունենալ բնապահպանական խնդիրների բարձրացմանը: Կարծում եմ, որ կառավարական որոշակի շրջանակները նույնպես կսկսեն ավելի խելամտորեն մոտենալ այդ հարցերին»,- ընդգծել է փորձագետը:
Ապրիլ 12, 2012 at 18:35
