Բնապահպաններն ահազանգում են առողջության և շրջակա միջավայրի համար հիմնական ռիսկերը

Բնապահպաններն ահազանգում են առողջության և շրջակա միջավայրի համար հիմնական ռիսկերը

էկոԼուր

Հունիսի 5-ը նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր: Տոնի նախօրեին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում բանախոսներ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը եւ «Հայ կանայք հանուն առողջության և շրջակա միջավայրի» ՀԿ տնօրեն Լիլիկ Սիմոնյանը ներկայացրեցին առողջության և շրջակա միջավայրի վերաբերյալ հիմնական ռիսկերը։

«Մեզանում անապատացման ռիսկերը աճում են: Ահազանգեր կան, որ աղբյուրներն են չորանում արդեն Արարատյան դաշտավայրում և, փաստորեն, այստեղ վտանգվում է գյուղատնտեսությունը»,- ասաց Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ այսօր վտանգված են նաեւ Էկոհամակարգերը: Պատճառներից են հանքարդյունաբերությունը եւ փոքր ՀԷԿ-երը: «Եթե ոչ ամբողջ ջուրը, ապա գոնե 90 %-ը վերցվում է խողովակի մեջ: Էկոհամակարգը չորանում է, բնակչությունը զրկվում է ոռոգման ջրից և կենսաբազմազանությունն ենք գետում կորցնում: Իսկ եթե գետի վրա մի քանի ՀԷԿ-եր են, համարեք, որ դա արդեն մեռած գետ կլինի»,- ասաց Կարինե Դանիելյանը: Նա անդրադարձավ նաեւ Երեւանի խնդիրներին: «Երևանի քաղաքաշինությունն ուղղակի, կարծես նպատակաուղղված ոչնչացնում է Երևանի էկոլոգիան և Երևանի պատմամշակութային ժառանգությունը»,- նշեց Կարինե Դանիելյանը:

Լիլիկ Սիմոնյանն էլ անդրադարձավ շրջակա միջավայրով պայմանավորված առողջության խնդիրներին: Նրա խոսքերով` «Հայ կանայք հանուն առողջության և շրջակա միջավայրի» ՀԿ-ն ուսումնասիրություններ է կատարել Ալավերդիում եւ պարզել, որ Ալավերդու պղնձաձուլարանի ծուխը ազդում է շնչառական օրգանների վրա: «Մարդկանց մոտ հիմնականում շնչառական օրգանների հիվանդությունները բավականին շատ են արտահայտված»,- ասաց Լիլիկ Սիմոնյանը: Նա նշեց, որ Սյունիքում եւ Գեղարքունիքում կատարած ուսումնասիրությունների արդյունքում սնդիկ են հայտնաբերել երեխաների մազերում, եղունգների տակ, որը մեծ ազդեցություն է թողնում երիկամների վրա: Սա պայմանավորված է այս մարզերում գործող հանքարդյունաբերությամբ:  Լիլիկ Սիմոնյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ սննդային անվտանգության հարցերին` մասնավորապես նշելով. «Մեր հանրապետությունում ավելի շատ օգտագործվում է սիլիտրա, որը ազոտական պարարտանյութ է: Այս պարարտանյութի բավականին շատ քանակներ հայտնաբերվել են ձմերուկի մեջ, և չնայած վիճակագրությունն այդքան էլ ճիշտ չի տալիս, բայց բավականին շատ թունավորման դեպքեր են լինում Երևան քաղաքում»:



Հունիս 05, 2013 at 17:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր