ԷկոԼուր
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից նավթավերամշակման գործարանի կառուցման շինարարական աշխատանքներ չեն իրականացվում: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:
Հիշեցնենք, որ տեսչական մարմինը հոկտեմբերի 18-ին որոշում էր ընդունել դադարեցնել գործարանի նավթավերամշակման շինարարությունը. «Արմօյլ»-ը գործարանը կառուցում էր առանց բնապահպանական փորձաքննություն անցնելու: Մի քանի օր անց Եղվարդի բնակիչներից ԷկոԼուրը տեղեկացավ, որ գործարանի շինարարությունը շարունակվում է:
Վրույր Պեպանյանի փոխանցմամբ` բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները ստուգայց են կատարել «Արմօյլ» ՓԲԸ-ի տարածք և պարզել, որ ընկերության կողմից գործարանի կառուցման շինարարական աշխատանքներ չեն իրականացվում, «Արմօյլ»-ին պատկանող տարածքում կատարվում են վարչական շենքի շինմոնտաժման և տարածքի պարսպապատման աշխատանքներ, որոնց համար առկա է թույլտվություն:
Նշենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով` նավթավերամշակման արտադրությունը ենթակա է փորձաքննության որպես «Ա» կատեգորիայի ամենաբարձր ռիսկայնություն ունեցող գործունեություն:
Լուսանկարը վերցված է «Արմօյլ»ընկերության կայքէջից:
Հոկտեմբեր 30, 2017 at 17:55