Մեղրիի բնակիչները ՀՀ նախագահին ահազանգում են հանքարդյունաբերության ծանր հետեւանքների մասին

Մեղրիի բնակիչները ՀՀ նախագահին ահազանգում են հանքարդյունաբերության ծանր հետեւանքների մասին

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ահազանգում են իրենց տարածաշրջանում հանքարդյունաբերության ծանր հետեւանքների մասին: Մեղրեցիների` meghrinews.com կայքում հրապարակված բաց նամակում ասված է: 

««Մեղրու տարածաշրջանում այժմ շահագործվում են Տերտերասարի ոսկու, Լիճքվազ-Թեյի ոսկու,Ագարակի պղինձ-մոլիբդենի, Լիճքի պղինձ-մոլիբդենի. Այգեձորի պղինձ-մոլիբդենի /Թխկուտի ևԿենտրոնական տեղամասեր/ հանքավայրերը…Այժմ երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում Խաչքար-Փարավանի բազմամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին–Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք և Կալեր գյուղերի շրջակա տարածքի բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի և Նռանաձորի պղինձ-ոսկու հանքաերևակումներում…»

Այս տեղեկատվությունը վերցված է ՀՀ նախագահին ուղված Մեղրու համայնքի ավագանու 25.01.2013թ. ուղերձի պատասխանից, որը ստորագրված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանի կողմից: /27.03.2013  № 5/33/50851/

Վերոհիշյալ հանքավայրերի շահագործումը աղետալի վիճակի կհանգեցնի Մեղրիի տարածաշրջանի առանց այդ էլ անբարենպաստ էկոլոգիան:                                             Այս ամենին ավելացնենք նաև այն հանգամանքը, որ Մեղրի գետի վրա այժմ կառուցվում են 9 ՀԷԿ-եր, որոնց գործարկման պայմաններում կոչնչանա զգալի տարածքով բուսածածկույթ: Ովքե՞ր են տերերն այս կառույցների…

Մեղրու տարածաշրջանի նման ստրատեգիական տարածքի  վրա նմանատիպ էկոլոգիական  գրոհը հղի է աղետալի հետևանքներով. հրաշալի բնակլիմայական պայմանների և մեղրեցու  քրտնաջան աշխատանքի  արդյունքում ստեղծված մրգի այգիներն այսօր վերացման վտանգի տակ են: Չորանում են ընկուզենիները, թթենիները, կեռասենիները, դեղձենիները : Ծիրանենիները վաղուց ի վեր եզակի ծառատեսակներ են մեր տարածաշրջանում: Գյուղատնտեսությամբ զբաղվելն ապարդյուն և անօգուտ է. մեղրեցին լքում է իր հողը, որը տարիներ ի վեր նրան պահում էր սահմանային  այս տարածքում:

Առողջական խնդիրներ ունեցող մարդիկ նշում են, որ զգալիորեն լավ են զգում Մեղրիից դուրս. կարգավորվում է արյան ճնշումն առանց դեղորայքի կամ դեղերի նվազագույն դեղաչափերի օգտագործման, վերանում է հոդերի առավոտյան կարկամությունը,  անցնում է գլախացավը և վերականգնվում է մարդկանց աշխատունակությունը: Այս հանգամանքը ևս մարդկանց ստիպում է լքել Մեղրին…:

Վերոհիշյալ էկոլոգիական իրավիճակը տագնապ է առաջացնում և կրկին ու կրկին հաստատում այն մտահոգությունը, որ ահագնացող այս վտանգը հղի է լուրջ  հետևանքներով. Մեղրին այլևս անպիտան կլինի որպես բնակավայր, կդատարկվեն համայնքերը և կիրականան ազգի թշմանիների վաղեմի երազանքները. տեսնել  Մեղրին ամայի տարածք և օգտագործել այն ընդամենը որպես միացման ճանապարհ:

Որպես վերջաբան հիշեցնում ենք Վազգեն Սարգսյանի «..,Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը» ստեղծագործությունից հատված.

«Մեղրին ավելի կարեւոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը:Մեղրին իր քարուքռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալը՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ:…: Եթե տան, ավելի վատ: Որովհետեւ իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով:Իրենց շահով»:

Մեղրեցիները մտահոգված են  տարածաշրջանի նկատմամբ վարվող այս սպառողական քաղաքականության աղետալի հետևանքներով:

Մարդկային կյանքերի և տարածքների ամայացման գնով  մի´ իրականացրեք անհատներին հարստացնելու և «Մեղրին՝ առանց մեղրեցու»  քաղաքականությունը:

Մեղրեցիներ»:

 

Լուսանկարը` vernagir.blogspot.com կայքից

Մայիս 30, 2013 at 11:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր