

ԷկոԼուր
«Բնապահպանական աղետ է իրենից ներկայացնում փոքր ՀԷԿ-երի կառուցման թույլտվությունների նման քանակը: Եթե նայենք Բնապահպանության նախարարության մոնիտորինգի կենտրոնի կողմից տրամադրված տվյալները, ապա կարող ենք նկատել, թե ինչպես է վերջին տարիների ընթացքում փոխվել թե ջրի որակը, թե կենսաբազմազանությունը, թե ջերմաստիճանը, թե Եղեգիսի կիրճի լանդշաֆտը»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Նարեկ Բեգլարյանը: Ներկայումս Վայոց ձորում արդեն իսկ գործում են 13-15 հիդրոէլեկտրակայաններ, սակայն կառավարության կողմից կա թույլտվություն նրանց թիվը հասցնել մոտավորապես 50-ի:
Գյուղերում, ինչպես նաեւ ամբողջ Հայաստանում գործազրկության մակարդակը բարձր է, եւ 1 կամ 5 աշխատատեղի բացումը մեծ կարեւորություն է իրենից ներկայացնում թե համայնքի, թե համայնքի բնակիչների համար: Այդ իսկ պատճառով գյուղացիները շատ ժամանակ, սոցիալական խնդիրներից ելնելով, պարզապես համաձայնություն են տալիս ՀԷԿ-ի կառուցմանը, թեւե լինում են դեպքեր, երբ գյուղացիները միահամուռ պայքարում են ՀԷԿ-երի օրինախախտ ճանապարհով կառուցման դեմ, օրինակ` Շատինի դեպքը:
Փոքր ՀԷԿ-երի խնդրով անհանգստացած են նաեւ Վայոց ձորի մարզպետարանում: Մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանն ասում է. «Առանձնապես ծայրահեղ վիճակ չի Վայոց ձորում բնապահպանության տեսակետից: Դա այսօր փոքր ՀԷԿ-երի վնասակարությունն է` բնության, ռելիեֆի դրա վնասաբերության առումով: Որպես մարզպետարանի ներկայացուցիչ եւ որպես քաղաքացի` ես իմ կարծիքը հայտնեմ, որ ամեն ինչը պետք է չափավոր օգտագործվի: Բարբարոսաբար օգտագործումը վնաս է եւ մարդուն, եւ բնությանը, եւ բոլորին: Այսօր, ցավոք սրտի, կարելի է ասել, որ բնությունն օգտագործվում է բարբարոսաբար»:
Ապրիլ 03, 2013 at 12:27
