«S.O.S. Սևան» նախաձեռնության քարոզարշավը Գեղարքունիքի մարզում. մաս 2

«S.O.S. Սևան» նախաձեռնության քարոզարշավը Գեղարքունիքի մարզում. մաս 2

ԷկոԼուր

«S.O.S. Սևան» նախաձեռնության շրջանակներում «ԷկոԼուր»-ի թիմը շարունակեց Սևանա լճից հավելյալ ջրառի դեմ քարոզարշավը Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Աստղաձոր համայնքներում:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն մտադիր է Սևանա լճից բացի օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ից հավելյալ 40 միլիոն խմ ջուր վերցնել Արարատյան դաշտի ոռոգման և Սևան-Հրազդան հիդրոէներգոկասկադի հավելյալ էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով:

Գավառ համայնք

Լիանա Ասոյան, «Բլեջան» ՀԿ-ի նախագահ

- Սևանա լիճը միայն ջուր չէ, այն էկոհամակարգ է, և մենք ուզում ենք, որ կառավարության մոտեցումը հենց այդպիսին լինի: Սևանից վերջին 10 տարվա ընթացքում 4 անգամ հավելյալ ջուր են վերցրել: Սևանի խնդիրները շատ են: Դրանցից մեկն էլ լճի ափին կառուցված ապօրինի շինություններն են: Սևանա լճի մակարդակի թույլատրելի նիշը շինությունների համար ժամանակին 1908 մ էր, հետո 3 մ իջեցրեցին, բայց անգամ այդ պայմաններում կան շինություններ, որոնք չեն համապատասխանում այդ նիշին, օրինակ, «Լավանդա Սիթի»-ն, որը հիմա ջրի տակ է մնացել: Այդ շինությունների սեփականատերերն են, որ խոչընդոտում են Սևանի մակարդակի բարձրացմանը:

Բնակիչներ

- Սևանի խնդիրների մասին պետք է ոչ թե լռել, այլ բարձրաձայնել դրանք և գտնել լուծման եղանակները...

- Մենք պետք է կարողանանք փրկել Սևանա լիճը, որպեսզի մարդիկ վայելել այն...Եթե մենք նստենք և ասենք` ոչ ոք ոչինչ չի անում, ոչ ոք ոչինչ չի անելու: Պետք է սկսենք ինքներս մեզանից և օրինակ ծառայենք մյուսներին, չաղտոտենք մեր Սևանը:

- Այո, Սևանի խնդիրների մասին պետք է բարձրաձայն խոսենք, որպեսզի լուծենք այդ խնդիրները:

Համբարձում Համբարձումյան, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

- Մենք կառավարությանն ենք ուղարկել հրատապ առաջարկություններ` խիստ սահմանափակել Սևանա լճից ջրի բացթողումները, գտնել այլ հնարավոր միջոցներ` ապահովելու անհրաժեշտ ջրի պահանջարկը և, ամենակարևորը, անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել լճի ջրի մակարդակի տատանումները բացառելու համար, և ջրի մակարդակի բարձրացման հետ կապված մաքրման աշխատանքները կատարել առաջանցիկ տեմպերով:

Իշխան Սաղաթելյան, Գեղարքունիքի մարզպետ

Սևանա լճից հավելյալ ջրառի մասին

- Լրացուցիչ ջրի բացթողումը մեզ համար անընդունելի է, որովհետև, մեր գնահատմամբ, անցյալ տարվա բացթողումների արդյունքում են այս տարվա Սևանա լճի փոփոխությունները` ծաղկումը և այլն, որ տեղի ունեցավ: Մեր կարծիքով` ջրի լրացուցիչ բացթողումը բացասական է անդրադառնում լճի վրա: Կառավարության դիրքորոշումն էլ այդ ուղղությամբ է, որ Սևանը ջրի տարա չէ և այսքան տարիներ, որ շահագործել ենք, պետք է հրաժարվենք այդ քաղաքականությունից:

Սևանա լճի ափերի ապօրինի շինությունների մասին

Ես չեմ կարծում, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման դեպքում սեփականատերերն այն 5-6 օբյեկտի, որոնք կարող են մնալ ջրի տակ, կարող են ազդեցություն ունենալ: Ես դրան չեմ հավատում, որովհետև այդ քանակությամբ, այդ ծավալով, այդ ազդեցության մարդիկ չկան: Այստեղ մի այլ խնդիր կա. պետք է հասկանալ` ինչքան պետք է ջրի մակարդակը բարձրանա, որովհետև կան տարածքներ, որ առանց մաքրվել մնում են ջրի տակ: Սա ևս բացասական ազդեցություն է ունենում լճի վրա: Պետք է ամբողջությամբ վերանայվի, հաշվարկվի: Այդ տարածքները պետք է կարողանանք մաքրել:

Սևանա լիճ թափվող կոյուղաջրերի մասին

Կա կոյուղաջրերի խնդիր, որի լուծումը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում: Մաքրման կայանները պետք է պատշաճ լինեն, մենք այստեղ շատ անելիքներ ունենք:

Սևանա լճի ավազանի ՓՀԷԿ-երի մասին

Մենք չենք կարող վեր կենալ և ասել` այսօրվանից ոչ մի ՀԷԿ պետք է չաշխատի, բայց եթե կան խախտումներով կառուցված ՀԷԿ-եր, որոնք այսօր էլ անօրինական ճանապարհով են աշխատում, դրանց մենք պարտավոր ենք անդրադառնալ:

Եթե կա ՀԷԿ, որ բոլոր փաստաթղթերը համապատասխանում են օրենքին, բոլոր գործընթացներով անցել են, մենք չենք կարող ասել` այսօրվանից մի աշխատի: Եթե դուք կոնկրետ ՀԷԿ-ի փաստաթղթեր ունեք, մենք էլ կարող ենք զբաղվել այդ հարցով: Այստեղ նաև պետական քաղաքականության հարց կա, չենք կարող ընտրովի մոտենալ, ընդհանուր քաղաքականությունը պետք է ճշտվի` այդ ՀԷԿ-երի հասցված վնասը, դրանց բերած օգուտը և աշխատելու նպատակահարմարությունը: Իսկ եթե կան ՀԷԿ-եր, որոնք ամբողջությամբ կանոններով խախտել են, մենք որևէ կաշկանդվածություն չունենք դրանց խնդիրները բարձրացնելու, հարկ լինի նաև կասեցնելու:

Սևանա լճում տուրիստական բիզնեսի մասին

- Տնտեսվարող սուբյեկտները փողոցը փակել էին: Մի քանի բնապահպաններ հայտարարում են, որ ջուրը թունավոր է, վտանգավոր է Սևանա լիճը, ճահիճ է դառնում և այլն: Երբ Սևան մարդ չի գալիս, դա էլ իր բացասական ազդեցությունն է ունենում: Այսօր Սևան մարդ չի գալիս, այնպես չէ, որ այս մեկ ամսվա ընթացքում, ովքեր օգտվել են, լողացել են, որևէ մեկ դեպք, ամբողջ մարզի հիվանդանոցների տվյալներով եմ ասում, վարակների, ինֆեկցիայի մենք չենք ունեցել: Այս լուրերի պատճառով բավականին տուժեց Սևանը, որը մեր Սևանի շահերից չի բխում: Բնապահպաններն ունե՞ն դեպք, որ ասում են վտանգավոր է: Առողջապահության նախարարությունը հուլիսի 10-ին նմուշ է վերցնում, հուլիսի 30-ին հայտարարում է (Սևանա լճի ջրի վտանգավորության մասին ԱՆ-ի պաշտոնական հայտարարությունը), բայց այդ 20 օրը մարդիկ լիարժեք օգտվում են, որևէ դեպք չունենք արձանագրված: Հիմա նոր փորձանմուշներ վերցնում ենք, բայց իրականում մեծ վնասներ ենք հասցնում Սևանին: Մարդիկ այս 40 օրն են աշխատում, և երբ Սևան մարդ չի գալիս, տուժում է հենց կողքի համայնքի բնակիչը: 

ԷկոԼուր

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հուլիսի 25-ին հայտարարեց.
«Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:
Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։

Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։

Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`

չլողալ կանաչ կամ «ծաղկած» ջրում,

արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,

վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:

http://www.moh.am/#1/1431»:

Գեղարքունիքի մարզպետարանը օգոստոսի 8-ին տարածել է հաղորդագրություն, որտեղ մարզպետ Իշխան Սաղաթելյանը մասնավորապես ասում է.

«Մենք ՀՀ բնապահպանության և առողջապահության նախարարությունների հետ համատեղ կանենք հնարավորը, որպեսզի ապահովենք ապատեղեկատվությունը լիարժեքորեն հերքող քարոզչություն»:

Մինչ օրս առողջապահության նախարարությունը պաշտոնական տեղեկատվությունը չի հերքել, որն իր բովանդակությամբ Սևանի վտանգավորության մասին զգուշացում է: Քանի դեռ առողջապահության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել, որ Սևանա լճի ջուրն անվտանգ է, այս հայտարարությունը մնում է ուժի մեջ:

Աստղաձոր համայնք

- Մենք շատ անհանգստացած ենք այս խնդրով: Մենք դեմ ենք, որ Սևանից թեկուզ մի բաժակ ջուր տանեն: Մենք զրկվել ենք մեր Աստղաձոր գետի ջրից, որից օգտվում էինք նախկինում, իսկ հետո այդ ջուրը IFAD-ի ծրագրով կառավարությունն ամբողջությամբ տարավ Զոլաքար գյուղ: Հիմա օգտվում ենք խորքային հորերի ջրից, որն անպիտան է խմելու համար, բայց ստիպված ենք օգտվել, և Սևանա լճի ջրից: Սևանի ջուրը գյուղի մի մասին են կարողանում հասցնել: Պոմպերը շատ հին են և ջուրը չեն քաշում: Մենք ինքներս այստեղ ապրում ենք և ջուր չունենք:

Մարտունի համայնք

Անահիտ Գևորգյան, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ

- Սևանի ջրառով միանգամից 3 նապաստակ են խփում: Առաջինը` ապահովում են իրենց շինությունները բարձրացող ջրից: Երկրորդը` Սևանա լճից լրացուցիչ ջրառը չի գնում ոռոգման համար, այլ գնում է Արարատյան դաշտի ձկնաբուծարանների համար: Երրորդը` ջուրը գնում է Սևան-Հրազդան հիդրոկասկադ հավելյալ էլեկտրաէներգիայի արտադրության համար, որի շահույթը իրենց գրպանն է գնում:

Լրացուցիչ ջրառ, այս տարի հատկապես, երբ փակ է Արփա-Սևան թունելը, լիճն ունի բացասական բալանս, ջերմաստիճանը բարձրացել է և լիճը ճահճացման է գնում, մեկ դույլ ջուր էլ չի կարելի վերցնել Սևանից: Երբ Սևանը բարձրանում է, դա տագնապ է Սևանի ափերի ապօրինի շինությունների սեփականատերերի համար: Հիմա իրենք մեխանիկորեն դեմ են առնում բնության օրենքներին` թունելը կանգնեցրել են, ՀԷԿ-երը դրել են, գետերը ցամաքել են, Մարտունի, Արգիչի գետերում ջուր չկա, որտեղի՞ց պետք է ջուր լցվի Սևան: Սևանից կողակը, որը լճում աճող ձուկ էր, բարձրանում էր գետեր, վերացել է: Պետք է այդ բոլոր ՀԷԿ-երն ապամոնտաժել:

Թավշյա հեղափոխությունից հետո մեր մարզում ոչինչ չի փոխվել, մեր տարածաշրջանում, բացի մարզպետից, նոր մարդ չկա նշանակված: Բնապահպանության նախարարությանը պատկանող «Սևան» ազգային պարկի գործունեությունը բացարձակ չենք զգում. ջրի ափին պատ են շարել, ցանցերը պատել են, բոլոր ափերը 99 տարով վարձակալության են տվել, ջրի ափին մուտք չկա: Ի՞նչ է նշանակում ծովը վարձակալել, ծովի ափը վարձակալել, այն էլ կոպեկներով: Ամբողջ ազգային պարկը կիսած, մեջ-մեջ արած է, վերցրեք, պայմանագրերով նայեք, էլ ի՞նչ ազգային պարկ:

Օգոստոս 10, 2018 at 14:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր