SOS. Գառնիի ձորին վտանգ է սպառնում

SOS. Գառնիի ձորին վտանգ է սպառնում

էկոԼուր

Գառնիի ձորին վտանգ է սպառնում: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեցին Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչները: Պատճառը Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրն է: Գառնեցիների խոսքերով` նախագծով Քաղցրաշենի համար Ազատ գետից վայրկյանում 1000 լիտր ջուր վերցնելու են այն վայրից, որտեղ Ազատ գետին են միանում Գեղարդ գետը եւ Խոսրովի արգելոցից եկող Ազատի մյուս վտակը:

Սույն թվականի դեկտեմբերի 10-ին Գառնիի մշակույթի կենտրոնում նախատեսված էին «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացրած Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծի նախնական գնահատման փուլի վերաբերյալ հանրության ծանուցում եւ հանրային քննարկումներ: Ինչպես էկոԼուրին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Գրիգորյանը, իրենք այդ նախագիծը չեն ստացել, այդ գործունեությունը ենթակա է փորձաքննության: Ըստ նրա` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքով նախքան փորձաքննությանը նախագիծը ներկայացնելը նախաձեռնողը պետք է ազդակիր համայնքում իրականացնի քննարկում, նոր քննարկման արձանագրության հետ միասին ներկայացնի բնապահպանական փորձաքննության:

Նշենք, որ նախագիծը Գառնիում չունեին, այն չկար նաեւ գյուղապետարանում:

Գառնեցիների խոսքերով` իրենք բոյկոտել են, եւ քննարկում տեղի չի ունեցել: «Մենք դեմ ենք արտահայտվել այդ  նախագծի իրագործմանը եւ թույլ չենք տա այն իրականացնել»,- ասացին բնակիչները:

«Եթե 1000 լիտր վայրկյանում ջուր վերցնեն, արդեն գետում ջուր չի մնա: Ամռան ընթացքում մոտավորապես 1000 լիտր Գառնին վերցնում է ոռոգման համար: Այսինքն, արդեն 1000 լիտր պակասելու է այս գետը: Որովհետեւ Գառնիի ոռոգման սեզոնը փակվել է, այդ ջուրը լցվում է գետը»,- ասաց Գառնիի բնակիչներից մեկը:

Ըստ բնակիչների գետում թողնելու են 300-400 լիտր ջուր:

«Այստեղից ներքեւ ջուր վերցնում է Հացավան գյուղը, Գեղադիր գյուղը կվերցնի, Ողջաբերդ գյուղը ժամանակին վերցրել է: Այսինքն, իրենց թողած ջուրը չի հասնելու լիճ (Ազատի ջրամբար): Եթե չհասավ լիճ, լիճը ջուր չլցվեց, Արտաշատի գյուղերն էլ ջուր չեն ունենալու: Այստեղից մինչեւ Ազատի ջրամբար 8-10 կմ է, մինչեւ Ազատի ջրամբար չորացնելու են այս ամբողջ տարածքները: Գառնիում մոտ 400 հա չի ոռոգվում ջուր չլինելու պատճառով»,- ասաց Գառնիի  բնակիչը: Գառնի գյուղապետարանի տվյալներով` Գառնիի ձորում հողատարածքների 28 սեփականատեր կա:

«Դեռևս 1970-ական թվականներին մեր աղբյուրները տարան Արտաշատ, տարան Երևան, մեր ձորի ջրի մակարդակը իջավ, այլևս աղբյուրներ չկան, քարերի սիմֆոնիայից վերևի և ներքևի հատվածներում տարածքները ամայացան, հիմա էլ ուզում են այս ջուրը տանեն»,- ասաց գառնիի բնակչուհի Արուսյակ Այվազյանը:

«Վաղը եթե ինչ-որ բարելավում լինի եւ համայնքի միջոցներով կարողանանք պոմպակայաններ ստեղծել, մեր շուրջ 60-70 տոկոս  անջրդի տարածքները դարձնել ջրային տարածքներ,  ուրեմն այստեղից մտավախություն կա, որ եթե նրանք ջուրը տանեն, ապա Գառնի համայնքը չի կարողանա իրականացնել իր հետագա ծրագրերը»,- ասաց Գառնի համայնքի ղեկավարի տեղակալ Վոլոդիա Հովհաննիսյանը: Անդրադառնալով Գառնիի ձորի ճակատագրին, Վոլոդիա Հովհաննիսյանն ասաց. «Ձորը միանշանակ վնաս կկրի. եթե դուք իջնեք ձոր, այդ մասշտաբով ջուր չկա: Այդ ծրագիրը նշանակում է Ազատ գետը փակել, այդ կիրճը փակել, չկա, գոյություն չունի: …Իհարկե, ծառեր կան, կհատվեն»:

«Քաղցրաշենին ընդամենը 50 լիտր ջուր է պետք, թող տանեն, հալալ լինի, բայց ինչի՞ են տանում 1000 լիտր: …Եթե խողովակով ջուրը հասցնեն հարեւան մարզ, իհարկե, վրան կսկսեն մտածել ՀԷԿ-եր կառուցել» - եզրակացնում էին բնակիչները:

Այն հարցին, թե որ կազմակերպությունն է այս ծրագիրը ցանկանում իրականացնել, բնակիչները չգիտեին, սակայն ասացին հետեւյալը. «Ինչ-որ վարչապետի հրամանով է, թե ներքին կարգով, թե իր եղբայրն է, թե ովքեր են, այգիներ են գցում և այս ամբողջ ջուրը հավաքում են` տանեն»: Բնակիչների խոսքերով` նախագծող կողմն ասել է, թե եվրոպական ինչ-որ ֆինանսական կառույցից 10 միլիոն դոլլարի վարկ են ստացել այդ ծրագիրն իրականացնելու համար:

«Այստեղ կարմրախայտ կա, գետը ցամաքելու է, եթե մարդ մի քիչ կարմրախայտ է բռնում, բռնում և դատում են, իսկ եթե հիմա իրենք ջուրը հավաքելու են` տանեն, կարմրախայտը, որը գրանցված է Կարմիր գրքում, քարերի վրա՞ պետք է բազմանա»: Բնակիչների խոսքերով, Գառնիի ձորում հանդիպում է նաեւ Կարմիր գրքում գրանցված  արջ, գետ ջուր խմելու են  իջնում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերը: Եւ վերջապես, սա զբոսաշրջիկների եւ բոլորսի սիրելի հանգստի գոտին է, այստեղ է գտնվում նաեւ Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանը, եւ այս ծրագրի իրականացումը մեծ վնաս կպատճառի այս ամենին:

Բնակիչներն ասացին, որ պայքարելու են մինչեւ վերջ:



19:43 Դեկտեմբեր 10, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news