Թեղուտի հանքի խնդիրները պետք է լինեն պատգամավորների օրակարգում

Թեղուտի հանքի խնդիրները պետք է լինեն պատգամավորների օրակարգում

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի դադարեցման, ազդակիր բնակավայրերի բնակիչների իրավունքների ոտնահարման վերաբերյալ նամակ է ուղարկել ՀՀ ԱԺ պատգամավորներին: Նամակում ասված է.

«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,

ՀՀ կառավարությունն անտարբերություն ցուցաբերեց և չարձագանքեց «Թեղուտ» ՓԲԸ-ի մտահոգիչ հայտարարությանը, որ ընկերությունը՝ առաջինը՝  դադարեցնում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը, և երկրորդը՝ լուծարում է 1032 աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը:  

Մինչդեռ գործադիրը Թեղուտի ծրագրի իրագործման համար գործադիրը ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներին զրկեց գյուղատնտեսականնշանակության 81,483 հեկտար հողից, հայտարարելով  այդ հողերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ  2007 թ-ի նոյեմբերի 1-ին 1279-Ն որոշմամբ, և խոստացավ բացել աշխատատեղեր, զարգացնել գյուղերը հանքարդյունաբերության շնորհիվ: Ստացվում է, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը շահագործվեց շուրջ երեք տարի մինչև ընկերության հայտարարությունը: Այս երեք տարիների ընթացքում կուտակվել են լուրջ խնդիրներ՝ կապված հողի,  ջրի աղտոտման հետ, մարդկանց առողջության իրավունքի, առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի, վնասի փոխհատուցման իրավունքի, սեփական գործունեության ազատ ընտրության իրավունքի ոտնահարման հետ, սանիտարական նորմերի խախտման հետ: Բնակչությունը բազմիցս դիմել է և շարունակում է դիմել պատասխանատու մարմիններին, սակայն ոչ խնդիրների լուծումն է ստացել, ոչ կառավարության խոստումներն են իրականացել: 

«Գերակա շահով աշխատեցրին հանքը, հիմա, փաստացի, ժողովրդին վնաս է տալիս` առողջությանն էլ, աշխատանքինն էլ, մեծ մասին զրկում է իր հողամասից, իր անասնապահությունից: Դուրս է գալիս, որ այս դեպքում ժողովուրդը պետության համար գերակա շահ չի ճանաչվել: Եթե այսօր համեմատենք նրանց արածները տված վնասների, անդառնալի կորուստների հետ, 0.5 տոկոսն էլ չի կազմելու… Մեր մտավախությունը հետևյալն է. հիմա կանգնած է, բայց որ սկսի, ո՞նց կսկսի, հաշվի առնելո՞ւ է մեր կարծիքը, որ ընդլայնմանը դեմ ենք, թե` ոչ: Փաստացի ժողովրդին ամեն ինչից կտրում են: Երկու ճանապարհ կա. կամ պետք է հավաքվեն, թողնեն, գնան այստեղից, կամ էլ դուրս գան իրենց դեմ», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց  Շնող համայնքի ավագանու անդամ Աշոտ Ադամյանը:

Թեղուտի ծրագրի իրականացման արդյունքում խախտվել է մարդկանց` սեփական գործունեության ընտրության իրավունքը

«Իրենց պոչամբարից թափոնները գալիս, Շնող գետն էր թափվում, Շնողն էլ` Դեբեդը: Մեր ոռոգման պոմպակայանն էլ Դեբեդից է սնուցվում: Մենք բողոքեցինք, սկսեցին չթափել Շնող գետը, իրենց համար առանձին պոմպակայան ունեն, կեղտը թափում են անմիջապես Դեբեդը: Էնքան շատ էր իրենց կեղտը, որ ցերեկներն էլ էին արդեն թափում: Հատկապես այս տարի արևային տարի էր, ստիպված էինք շատ ջրել, ամեն ջուրը խնդիր էր, անմիջապես ջրելուց հետո բույսը չորանում էր:

Ես այսօր 350 հատ բերքի տակ ծառ եմ կտրել: Նույն տեմպով եթե շարունակվի, եկող տարի մյուս այգին էլ եմ ստիպված կտրելու, 350 ծառ էլ նրա մեջ է: Ես էլի հողեր ունեմ, որ այգի պետք է դնեմ, բայց ռիսկ չեմ անում: Եթե կոնկրետ մարդկանցից  հողերն են վերցրել, ինձ էլ զրկել են իմ սեփական հողերից օգտվելու իրավունքից», - ասաց Աշոտ Ադամյանը:

Դեբեդ գետը՝ Թեղուտի պոչամբարի արտահոսքերից հետո

Հիշեցնենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն հատվող 357 հա անտառի փոխարեն պետք է 714 հա անտառ տնկի: 2015թ-ին ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարների հրամանով որոշվեց, նախատեսված 714 հա անտառից 180 հեկտար տարածքում այգի տնկել: Շնողում արդեն հիմնվել է 31 հա այգի: Թե ինչպես այդ այգին կաճի և որքանով անվտանգ կլինի այդ այգու բերքը, այս մասին ՀՀ պատասխանատու պետական մարմինները և ընկերությունը լռում են:

Խախտվել է առողջ շրջակա  միջավայրում ապրելու իրավունքը:

«Անտառում, որ ամենամաքուր օդը պետք է լինի, գազի հոտից խեղդվում էի, երբ իմ անասուններին բարձրացնում էի սար` արոտավայր: Այդ մաքուր օդից էլ են մեզ զրկել», - ասաց Շնողի ավագանու անդամը:

Խախտվել է սեփականության իրավունքը:

Շնող համայնքի բնակիչ Լևոն Ալիխանյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է, որ ծրագրի իրականացման հետևանքով ոտնահարվել է իր սեփականության իրավունքը: Ալիխանյանի խոսքով` առանց իր կամքի ծրագրի տակ է անցել իր 7.5 հեկտար հողատարածքը, շենք-շինությունը: Առանց իր իմացության օտարվել է 7000քմ տարածք: «Մինչև քարտեզագրումը իմ անուն ազգանունով ինձ սեփականության իրավունքով տվել են 1 հեկտար 3500քմ տարածք: Քարտեզագրման ժամանակ այդ հողատարածքը դարձել է 6000քմ, այսինքն, 7000քմ կորավ: Ստացվում է, որ այս կեղծ գործարքների ընթացքում ես ունեցել եմ սեփականության կորուստ: Ստորագրողը` գյուղապետը, չի իմացել, որ իմ սեփականության իրավունքն է ոտնահարվում, նրանք այդ պահին չեն նայել, որ քարտեզը փոխված է», - պատմեց Լևոն Ալիխանյանը:

Հարգելի պատգամավորներ,

դիմում ենք ձեզ, որպեսզի  ուսումնասիրեք տնտեսական, սոցիալական և բնապահպանական լուրջ խնդիրները՝ կապված «Թեղուտ» ՓԲԸ-ի  կողմից հանքի շահագործման աշխատանքների դադարեցման և աշխատանքային պայմանագրերի  անորոշ ժամկետով լուծարման, պատճառված վնասի փոխհատուցման բացակայության հետ, ուսումնասիրեք ՀՀ կառավարության և «Թեղուտ»  ՓԲԸ-ի միջև կնքված ընդերքօգտագործման թույլատվության փաստաթղթերի պայմանները, Թեղուտ և Շնող գյուղերի հողերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության 2007 թ-ի նոյեմբերի 1-ին 1279-Ն որոշման հիմնավորումները, «Թեղուտ» ՓԲԸ-ի արձագանքը՝ ուղղված տեղի բնակիչների՝ վնասի փոխհատուցման մասին պահանջներին: Ակնկալում ենք, որ խախտումների հայտնաբերման դեպքում կպահանջեք ՀՀ կառավարությունից համապատասխան միջոցառումներ ձեռնարկել` ընկերությանը ստիպելու վերացնել խախտումները, վերականգել բնակիչներին և շրջակա միջավայրին պատճառված վնասը, վերականգնել շրջակա միջավայրի խախտված տարածքները, ապահովել շրջակա միջավայրի անվտանգությունը»:



19:52 Մարտ 06, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news