ԷկոԼուրը կարծիք է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն. Թեղուտի հանքավայրի ընդլայնման հայտին պետք է բացասական եզրակացություն տրվի

ԷկոԼուրը կարծիք է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն. Թեղուտի հանքավայրի ընդլայնման հայտին պետք է բացասական եզրակացություն տրվի

ԷկոԼուր

ԷկոԼուրը կարծիք է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին «Թեղուտ» ՓԲԸ-ի Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախնական գնահատման հայտի վերաբերյալ: Կարծիքի կրկնօրինակը ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանին:

Կարծիքում նշված է. ««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն սույն թվականի օգոստոսի 24-ին մասնակցեց Լոռու մարզի Թեղուտ համայնքում «Թեղուտ» ՓԲԸ-ի Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախնական գնահատման հայտի վերաբերյալ 2-րդ հանրային քննարկմանը: Քննարկման ընթացքում ազդակիր Շնող և Թեղուտ համայնքների բնակիչները բարձրաձայնեցին հանքարդյունաբերական արտահոսքերով և արտանետումներով Շնող գետի և իրենց հողատարածքների աղտոտման մասին: Բնակիչները պահանջեցին վերացնել արտահոսքերը և փոխհատուցել իրենց առողջությանը և իրենց եկամուտի աղբյուրներին հասցված վնասը մինչ նոր հայտի քննարկումը: Նոյեմբերի 25-ին ԷկոԼուրը հանդիպեց տեղի բնակիչների հետ և պարզեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն իր տարածքային հողերից փորձանմուշներ է վերցրել` հայտնաբերելու մետաղների և տարրերի առկայությունը հողում: Ուսումնասիրություններն իրականացվել են «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի շրջակա միջավայրի պահպանության բաժնում: Արդյունքում պարզվել է, որ հողում պղնձի, կադմումի, մկնդեղի, ցինկի և ծծմբային միացությունների պարունակությունը նորմայից բարձր է:

«Թեղուտ» ՓԲԸ-ն 2-րդ հանրային քննարկման ժամանակ ընդունել է արտահոսքերի փաստը, ինչը պետք է ներառվի քննարկման արձանագրության մեջ: Եթե այս հանգամանքը բացակայում է արձանագրության մեջ, մենք կարող ենք տրամադրել տեսաձայնագրություն: Բնակիչների պնդմամբ, չնայած ընկերությունը չի հերքել հողի և ջրի աղտոտման փաստը, որևէ միջոցառում աղտոտվածության վերացման ուղղությամբ չի իրականացրել և բնակիչներին փոխհատուցում չի տրամադրել: 

Շնող համայնքի տարածքում հանքարդյունաբերական արտահոսքերով հոսող Շնող գետի աղտոտման լուսանկարներ

«Պոչամբարում կուտակում չկա, քանի որ պոչերը մտնում են գետը ու գնում: Առաջ ավելի քիչ էր, հիմա ավելի շատ է․․․Պոչամբարի գրունտի ու պոչանքի արանքում պետք է կավային կամ ինչ-որ պաշտպանիչ շերտ լինի, որ այդ մասսայի խոնավությունը չհասնի հողին: Պոչամբարի շահագործումից երեք ամիս հետո իմ տան տակից ու ևս երկու տեղից աղբյուր դուրս եկավ։ Վերջինը երկու ամիս առաջ ցամաքեց: Կանչեցի, նմուշ վերցրին, մինչև հիմա պատասխաններին սպասում եմ»,- ԷկոԼուրին հայտնեց Շնողի բնակիչը։

Բնակիչները Թեղուտի պնձամոլիբդենային հանքավայրի շահագործումից կրում են կրկնակի վնաս, քանի որ, ապրելով անտառամերձ համայնքներում, օգտվում էին անտառի բարիքներից և 8 խմ անվճար թափուկից: Այժմ անտառի հասանելի հատվածները բնակիչների համար փակ են ընկերության կողմից: Իսկ ընկերության տնկած անտառը փաստացի գոյություն չունի, որպեսզի բնակիչներն ապագայում օգտվեն այդ անտառից:

Մարդիկ կորցրել են սեփական տարածքում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունը արոտավայրերի սակավության, հողի և ջրի աղտոտվածության պատճառով և կախման մեջ են ընկել «Թեղուտ» ՓԲԸ-ից, ընկերության առաջարկած աշխատատեղերից: Շինարարական աշխատանքների ավարտից հետո զգալիորեն կրճատվել են Շնողի և Թեղուտի բնակիչների համար աշխատատեղերը «Թեղուտ» ՓԲԸ-ում` Շնողից՝ 131 մարդ, Թեղուտից՝ 75 մարդ:

Թեղուտի ծրագրի իրագործման արդյունքում խախտվել է ազդակիր համայնքների բնակիչների առողջության և առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը: «Եթե իմ ապրելավայրը ապրելավայր չէ, իրավունքներս ոտնահարվե՞լ են, թե ՝ ոչ։ Ես չեմ ձգտում, որ տանս քաղցկեղով հիվանդ մարդ լինի, բայց կա»,- ասում է Շնողի բնակիչը:

Խախտվել է մարդկանց սեփականության իրավունքը: «Համեմատության համար ասեմ, որ այսօր ՀԷՑ-ը մեր համայնքի վարչական տարածքում վարձակալած տարածքներ ունի՝ մեկ մետր քառակուսու համար տարեկան 3 հազար դրամ վարձավճար են տալիս։ Մինչդեռ մեզ վճարել են 40, 50, 60 դրամ 1 քառակուսի մետր հողատարածքի համար որպես արժեք»,- ասում են ազդակիր համայնքների բնաիչները:

Խախտվել է մարդկանց տեղկատվության մատչելիության իրավունքը: «Երրորդ լսումը խուսափում էին հայտարարել: Բերանացի, զանգով ասել են, որ երկու օր հետո լսում է լինելու: Անգամ համայնքապետարանում փակցված չէր հայտարարությունը»,- Թեղուտի հանքավայրի ընդլայնման հայտի 3-րդ հանրային քննարկման մասին պատմեցին շնողեցիները:

Բնակիչները պնդում են, որ որոշումների կայացման ընթացքում իրենց կարծիքը հաշվի չի առնվում. «Մենք միշտ մասնակից ենք քննարկումներին, քանի որ միշտ տուժողի կարգավիճակում ենք։ Մենք մասնակից ենք, բայց ազդեցություն չունենք. այդ որոշումները միշտ ի վնաս մեզ են»:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն միանում է Թեղուտի ծրագրի ազդակիր համայնքների բնակիչների պահանջներին և կարծում է, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է բացասական եզրակացություն տա «Թեղուտ» ՓԲԸ-ի հայտին` հաշվի առնելով «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում մարդկանց և շրջակա միջավայրին պատճառված վնասները:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն անհրաժեշտ է համարում.
1. Անցկացնել Թեղուտի ծրագրի ազդակիր համայնքներում հողի, ջրի, օդի և գյուղմթերքների աղտոտվածության ուսումնասիրություն, հրապարակել ուսումնասիրության արդյունքները:
2. Պարտադրել «Թեղուտ» ՓԲԸ-ին միջոցառումներ ձեռնարկել` հանքարդյունաբերական արտահոսքերը վերացնելու, աղտոտված տարածքները մաքրելու և վերականգնելու համար:
3. Պարտադրել «Թեղուտ» ՓԲԸ-ին իրականացնել Թեղուտի ծրագրի ՇՄԱԳ-ով հաստատված անտառատնկման և խնամքի աշխատանքները` լիազոր մարմնի կողմից իրականացնելով մշտադիտարկում անտառատնկման տարածքներում:
4. Պարտադրել «Թեղուտ» ՓԲԸ-ին գնահատել և փոխհատուցել բնակիչներին պատճառված նյութական վնասը` վերականգնելու բնակիչների` առողջության և առողջ շրջակա միջավայր ունենալու խախտված իրավունքները»:

Դեկտեմբեր 07, 2017 at 16:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր