«Վալլեքս» խումբը Ալավերդու պղնձաձուլարանի վերագործարկման համար արտանետումների թույլտվություն է ուզում

«Վալլեքս» խումբը Ալավերդու պղնձաձուլարանի վերագործարկման համար արտանետումների թույլտվություն է ուզում

ԷկոԼուր

«ԷՅ-ՍԻ-Փի» ընկերությունը պատրաստ է շատ կարճ ժամանակահատվածում վերսկսել աշխատանքը Ալավերդու պղնձաձուլարանում։ Այդ մասին հայտնել է «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը «Անկյուն+3» հեռուստաալիքի եթերում:

Մեջլումյանը խոսել է օժանդակ արտադրություններ ձեռնարկելու մասին, մասնավորպես, պողպատե գնդերի, եթե ունենան 1.5-2 տարվա ժամանակավոր թույլտվություն արտանետումների համար:

«Հիմա սպասում ենք պատասխանի: Թույլտվություն ունենալու դեպքում ամբողջ մեր թիմը կպահպանենք, որովհետև այս ընթացքում աշխատում ենք նաև այն ծրագրի վրա, որ Հայաստանում, առաջին անգամ գնելով զտված պղինձ շուկայում, կարտադրենք որորակներ, ինչու չէ նաև այլ ապրանքներ», - ասաց Մեջլումյանը:

Նշենք, որ «Վալլեքս խմբի» ընկերությունները Ալավերդու պղնձաձուլարանի վերագործարկման համար կրկին անգամ պայման են դնում արտանետումների համար արտոնության ստացումը։ Թույլատրված նորմերը մի քանի անգամ գերազանցող արտանետումների արդյունքում շրջակա միջավայրի աղտոտումը Ալավերդիում և հարակից տարածքներում արդեն իսկ հասել է անթույլատրելի սահմանների։ Ինչպես ներկայացրել են քիմիական անվտանգության «Արնիկա» չեխական ընկերության ծրագրով Լոռու մարզում աշխատած Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանի մասնագետները, ծանր մետաղներով աղտոտվածությունը բավական մեծ է, ազդում է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա: Չեխ գիտնականների կողմից հայտնաբերվել է նոր ռիսկ՝ քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին, Ալավերդու տնային տնտեսությունների հավերի հավկիթներում:

Անդրադառնալով Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի աշխատանքների դադարեցման վեճին, Վալերի Մեջլումյանը նշեց, որ Թեղուտի ծրագիրը ֆինանսավորող «ՎՏԲ» բանկի հետ վեճը դեռ ընթացքի մեջ է և միայն դրա ավարտից հետո կարելի կլինի մանրամասն խոսել այդ թեմայի շուրջ:

«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի խոսքով` բանկին առաջարկվել է, մասնավորապես, կտրուկ իջեցնել վարկային տոկոսները, որոնք, ըստ Մեջլումյանի, հասնում էին մինչև 19 տոկոսի, սակայն բանկը չի ընդունել այս առաջարկը:

Հիշեցնենք, որ «ՎՏԲ» բանկը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար «Վալլեքս» խմբին 380 միլիոն դոլլարի վարկ է տրամադրել: Վարկը չմարելու պատճառով Թեղուտի հանքը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը «Վալլեքս» խմբի ընկերություններից էր, անցավ «ՎՏԲ» բանկին:

 

12:10 Մայիս 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news