Արմեն Աշոտյան. Թեղուտի խնդիրը ծառայում է որպես հասարակական լարվածության սրման մեխանիզմ

Արմեն Աշոտյան. Թեղուտի խնդիրը ծառայում է որպես հասարակական լարվածության սրման մեխանիզմ

ԱրմԻնֆո

Էկոլոգիայի խնդիրներն առաջնային են ցանկացած պետության համար: Սակայն, ինձ թվում է, որ չափազանցնելը վտանգավոր է: Նախօրեին այդպիսի կարծիք է հայտնել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում:

«Չեմ ցանկանում մանրամասն խոսել որոշ էկոլոգիական ակցիաների մասին, սակայն, իմ կարծիքով, դրանք չափից դուրս թատերականացված են և վերամբարձ, անհամաչափ ու անհամարժեք են շոշափվող թեմային», - հայտարարել է նա: Աշոտյանի ասելով` Թեղուտի հարցն ընդամենը էկոլոգիական խնդիրների միջոցով որոշակի հասարակական լարվածության սրման մեխանիզմ է` հանուն առաջիկայում ակնկալվող քաղաքական անվանարկումների: «Չե՞ք հավատում: Կապրենք մինչև ընտրությունները և կտեսնենք», - ասել է նախարարը:

Ինչ վերաբերում է հանուն Թեղուտի հանքավայրի շահագործման ավելի քան 300 հա անտառահատմանը, ապա այդ թիվն Աշոտյանի վրա տպավորություն չի գործել: Պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի հարցին` նա, մասնավորապես, հայտարարել է. «Ինձ, անշուշտ, հուզում է անտառահատումը, և` ոչ միայն Թեղուտում: Սակայն Ձեր տվյալներն, ինձ թվում է, ստուգված չեն: Թեղուտ այցելած լրագրողներին տեղում ցույց են տվել, թե իրականում որքան անտառահատում է կատարվելու (Ձեր նշածից մի քանի անգամ պակաս)»:

Այստեղ հարկ է նշել, որ Թեղուտում 375 հա անտառահատումը հանքավայրի շահագործման հետևում կանգնած «Վալլեքս» ընկերությունների խմբի պաշտոնական տվյալն է: Ուշագրավ է, որ մինչ օրս ոչ մի պաշտոնական անձի մտքով իսկ չի անցել ոչ թե, պարզապես, կասկածել այդ թվերին, այլև հայտարարել, թե դրանք «մի քանի անգամ մեծացված են»:

Եթե խոսելու լինենք էկոլոգների դիրքորոշման մասին, ապա, մասնավորապես, Կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանը նշել է, որ դեռ 2003  թվականին, երբ Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը հաստատված չէր, փաստաթղթերում նշվում էր, որ նախատեսվում է անտառահատում իրականացնել 2500 հա տարածքում: Երկու տարի անց այդ թիվը խորհրդավոր կերպով նվազեց մինչև 1970 հա, այնուհետև` մինչև 1400 հա: Այդչափ տարօրինակ մաթեմատիկան հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ ընկերությունը որոշեց հաշվի չառնել Թեղուտի անտառի թփերն ու թփուտները:

Ինչ վերաբերում է «որոշակի հասարակական լարվածության սրմանը», ապա այստեղ բավական է նշել, որ 2010 թվականի աշնանը Ժնևի Օրհուսի կոնվենցիայի պահպանման կոմիտեն որոշում է կայացրել այն մասին, ոչ Հայաստանը չի կատարել որպես կոնվենցիայի կողմ ստանձնած որոշակի պարտավորություններ: Խոսքը վերաբերում էր հենց Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծին, որի առնչությամբ խախտվել է կառավարության որոշումների կայացման գործընթացին հասարակայնության արդյունավետ մասնակցության իրավունքը, ինչպես նաև չի ապահովվել հարցը դատական կարգով լուծելու իրավունքը: Տարօրինակ կլիներ ենթադրել, թե անմիջականորեն Թեղուտին վերաբերող այդ որոշումը կոմիտեն կայացրել է հանուն «քաղաքական անվանարկման»:

Հայաստանի կառավարությունը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին հավանություն է տվել 2007 թվականի նոյեմբերին: Ինչպես բազմիցս նշել են էկոլոգները, կառավարության քննարկմանը ներկայացված նախագծում էկոլոգիական ռիսկերը մի քանի անգամ նվազեցված են:

16:54 Փետրվար 17, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news