Նորվեգիայի հայերը աջակցում են Մաշտոցի այգին եւ Թեղուտը պաշտպանող ակտիվիստներին

Նորվեգիայի հայերը աջակցում են Մաշտոցի այգին եւ Թեղուտը պաշտպանող ակտիվիստներին

ԷկոԼուր

Նորվեգիայում հայկական սփյուռքի ներկայացուցիչները բաց նամակ են գրել` ի պաշտպանություն Մաշտոցի այգու եւ Թեղուտի պաշտպաններին: Նամակում նշված է. «Մաշտոցի այգու խնդրի շուրջ համախմբված հարգելի ակտիվիստներ, հարգելի երևանցիներ,

 Սույն նամակով Նորվեգիայի հայերս զորակցություն ենք հայտնում ձեր բնապահպանական նախաձեռնությանը:  

Մենք խորապես մտահոգված ենք Մաշտոցի այգու և Թեղուտի անտառների շուրջ ծավալվող խնդրով, և մշտապես հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Մենք միանում ենք ձեր պահանջին՝ դադարեցնելու այգու շինարարությունը, ապամոնտաժելու կրպակները և տարածքը հանձնելու իրական տերերին՝ Երևանի բնակիչներին:

Անընդունելի և անօրինական ենք համարում այն, որ հանրային տարածքն օգտագործվում է ի նպաստ մասնավոր շահի (նույնիսկ եթե այն ժամանակավոր է), այլ ոչ թե ի նպաստ հանրային շահի: Խնդիրը հատկապես մտահոգիչ է, երբ ներկայումս Երևանում, և ընդհանրապես Հայաստանում, կանաչ տարածքներն ավելի ու ավելի վտանգված են դառնում: Մենք քաջատեղյակ ենք այգու շինարարության շուրջ ծավալվող օրինախախտումներին և դատապարտում ենք ոստիկանության ոչ իրավապաշտ գործողությունները: Միևնույն ժամանակ, շինարարությունը դադարեցնելու և կրպակները հեռացնելու ձեր պահանջները համարում ենք օրինական:

Մենք նաև խորապես գնահատում ենք այն մարդկանց` հատկապես երիտասարդների, քաղաքացիական ակտիվությունը, ովքեր ներգրավված են այգու նախաձեռնության մեջ, արտահայտում են իրենց կարծիքը, և ձգտում են կերտել ավելի լավ, կանաչ և օրինական երկիր: Երկիր, որի քաղաքացիները նախընտրում են ձմռան ցուրտ գիշերներն անցկացնել բացօթյա այգում, քան թե մնալ անտարբեր և անմասն իրենց փակ բնակարաններում: Մենք համարում ենք, որ այս իրադարձությունները հանրային շահը պաշտպանելու և անարդարության մասին բարձրաձայնելու նախադեպ և լավ օրինակ կարող են դառնալ: Անկասկած, Մաշտոցի այգու օրինակը կարող է քաջալերել բոլորին՝ բարձրացնելու քաղաքացիական կարծիքը և հանրային մաս լինելու զգացողությունը, ինչն այնքան պակասում է ներկայումս:  

Մենք նաև դիմում ենք Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և սփյուռքի համայնքներին՝ հետամուտ լինելու այս խնդրին և արտահայտելու իրենց աջակցությունը ակտիվիստներին: Դուք մեծապես ներգրավված եք Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերում, և, հետևաբար, չեք կարող անմասն մնալ նման դեպքերում: Դուք պետք է հետևեք, թե ինչպիսի արդյունքներ է ունենում Ձեր համագործակցությունը Հայաստանի տարբեր կառույցների հետ: 

Ուրախությամբ տեղեկացանք այն մասին, որ Նորվեգիայի Արտաքին Գործերի նախարարությունը Հայաստանի Ծառերի Ծրագիր կազմակերպությանն է տրամադրել  1.2 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ գումարը մասամբ պետք է օգտագործվի Հայաստանի հյուսիսում անտառների վերականգնան համար, մինչդեռ, հենց նույն հյուսիսում արդեն գոյություն ունեցող Թեղուտի հսկա անտառները ոչնչացվում են հանքարդյունաբերության համար, արդյունաբերություն, որից օգուտ կքաղեն միայն քչերը, բայց որը կվնասի մեծամասնությանը:

 Հուսով ենք, որ պատասխանատու մարմինները ճիշտ որոշում կկայացնեն խնդրի վերաբերյալ, և դուք, սիրելի բնապահպաններ, շուտով կնշեք ձեր ձայնի վաստակած հաղթանակը:

Հարգանքով,

Erik Grigoryan                     ​              Aas
Liana Gyulzadyan Svendsen        Oslo
Mariam Matevosyan                    ​    Finnsnes
Irena Grigoryan                     ​           Stavanger
Gaizag Demirdjian                    ​      Oslo
Susan Chaparian Tunge               Randaberg
Narene Gregorian                     ​      Vegaarshei
Anna  Hovhannisyan                  ​    Sandnes
Davit Asilbekyan                    ​          Dale I Sunnfjord
Emma Khachatryan                   ​      Oslo
Lusine Harutyunyan                   ​     Oslo
Monika Gyulzadyan                    ​     Aas
Haykanush Olsen                         ​   Oslo
Satik Mkrtchian                     ​           Sandnes
Hasmik  Tahmasian                     ​   Slependen
Hamlet Tashchyan                     ​     Oslo
Diana Avagyan                       ​         Oslo
Lilit Mkrtchyan                     ​             Asker»:

Մարտ 22, 2012 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր