Սերժ Սարգսյանը մասնակցել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին

Սերժ Սարգսյանը մասնակցել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին

ԷկոԼուր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ին մասնակցել է Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին, այցելել է Թեղուտի հանքավայր, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին։ Հանքավայրը շահագործելու է «Վալլեքս» խմբի կողմից ստեղծված «Թեղուտ» ընկերությունը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը, Ծրագրի շնորհանդեսի ժամանակ մասնավորապես նշվել է, որ անցած ժամանակահատվածում անտառահատում իրականացվել է շուրջ 149 հա գումարային մակերեսով տարածքներում: Զուգահեռաբար ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Լեռնահովիտ, Օձուն, Արջուտ համայնքների վարչական սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում գտնվող շուրջ 378.5 հա գումարային մակերեսով տարածքներում:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի համաձայն՝ հատվելու է 357 հա  անտառ։ Փոխարենը ընկերությունը նախատեսում է անտառապատման իրականացում հատման ենթակա անտառի կրկնակի գումարային մակերեսով՝ 714 հա տարածքներում:

Սակայն երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի հաշվարկների համաձայն՝ Թեղուտում հատվելու է 2070 հա անտառ։  «…Ընկերությանն է հատկացվել 1970 հեկտար հողատարածք, որից 1589,6 հեկտարը անտառային ֆոնդի հողերն են…ընկերությանը հատկացված հողատարածքն ամբողջությամբ դրվելու է Թեղուտի հանքավայրի շահագործման եւ շահագործման հետ կապված օժանդակ կառույցների տակ (հակառակ դեպքում ինչո՞ւ է հատկացվել), անտառահատման ու ոչնչացման է ենթարկվելու ոչ միայն 1589,6 հեկտար «անտառային ֆոնդը», այլ դրանից շատ ավելին,- գրում է Հրաչյա Ավագյանը եւ բացատրում,- եթե զառիթափ լեռնալանջերում անտառապատ բաց հանքի տարածքը զբաղեցնում է 240 հեկտար, ապա ոչնչացման ենթակա անտառները ոչ թե կարող են զբաղեցնել հենց այդքան, (240հա տարածք), այլ դրանից մոտ 3 անգամ ավելի: Բանն այն է, որ բաց հանքից լեռնալանջերով վերեւ ընկած անտառները եւս ենթակա են ոչնչացման. այդ տարածքի ծառերը սնուցող ջրերը, կորցնելով ներքեւի ապարների դիմադրությունը, ազատ եւ սրընթաց հոսելու են դեպի բաց հանքի դատարկ տարածքը, որի հետեւանքով էլ բաց հանքից վերեւ ընկած տարածքի (մակերեսով մոտ 2 անգամ ավելի, քան բաց հանքի տարածքն է) ամբողջ ծառերը չորանալու եւ ոչնչանալու են: Հետեւապես ոչնչացման ենթակա անտառների մակերեսը կազմելու է ոչ թե 1589,6 հա, այլ մոտ 2070 հա»:

17:18 Ապրիլ 23, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news