Թեղուտի հանքավայրի ազդեցությունը Շնող գետի ջրերի որակի վրա. Սեյրան Մինասյանի հետազոտությունը

Թեղուտի հանքավայրի ազդեցությունը Շնող գետի ջրերի որակի վրա. Սեյրան Մինասյանի հետազոտությունը

Համահայկական բնապահպանական ճակատ

Դարավոր անտառային էկոհամակարգի ոչնչացումից բացի Թեղուտի հանքավայրի շահագործումն առաջացրել է նաև այլ լուրջ բացասական հետևանքներ, որոնցից մեկն է հանքավայրին հարակից տարածքներում հոսով գետերի ջրերի որակի խիստ վատթարացումը։ Դրա վառ ապացույցները ներկայացված են ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սեյրան Մինասյանի «Շնող գետի ջրերի որակի դինամիկան 2009-2015թթ. ընթացքում» հետազոտության մեջ։ Աշխատանքում ներկայացված են այդ տարածքի բնական միջավայրի կարևորագույն բաղադրիչ համարվող Շնող գետի ջրերի որակին վերաբերող խիստ մասնագիտական և գիտականորեն հիմնավորված տվյալներ, աղյուսակներ և եզրակացություններ, որոնց ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Որպեսզի ոչ մասնագետ մարդիկ նույնպես պատկերացում կազմեն իրական վիճակի մասին, առանձին ներկայացնում ենք Սեյրան Մինասյանի նախնական եզրակացությունները, որոնք կատարվել են վերոնշյալ մոնիտորինգային հետազոտության արդյունքում ստացված տվյալների հիման վրա.

«Շնող գետի ջրերի հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական որակի ցուցանիշների մեծությունների փոփոխությունները 2009-2015թթ. ժամանակահատվածում, ցույց են տալիս, որ Թեղուտի հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքներն ու շահագործումը էական բացասական ներգործություն ունեն Շնող գետի ջրային էկոհամակարգի վրա:

Գետի ջրերի որակը անշեղորեն վատանում է հանքարդյունաբերական գործունեության ընդլայնման հետ զուգահեռ, 2009-2015թթ ընթացքում:

Գետի ջրերում 2009 թվականի համեմատությամբ բարձրացել են (Mn, Ni, Cu, Zn, As, Se, Mo, Pb), տարրերի, սուլֆատ անիոնի տարեկան և ըստ ջրաբանական սեզոնների միջին կոնցենտրացիաները:

Գետաբերանի հատվածում գետի ջրերի ֆիզիկաքիմիական հատկությունները սկսել են վատանալ: Նվազել են ջրի թափանցելիությունը և ջրածնային ցուցիչի արժեքները, աճել են էլեկտրահաղորդականությունը և կախված մասնիկների կոնցենտրացիաների արժեքները:

Գետաբերանում տեղի է ունեցել ջրային կենսաբազմազանության կտրուկ անկում:

Ակունքի և գետաբերանի ջրերի որակի ցուցանիշների համեմատությունը և որակի անկումը պայմանավորող ցուցանիշների համախումբը ցույց են տալիս, որ գետի ջրային էկոհամակարգի որակի անկման պատճառը Թեղուտի հանքավայրի շահագործման նախապատրաստումն ու բուն շահագործումն է:

Քանի, որ տեղի է ունեցել և շարունակվում է Շնող գետի ջրերի որակի անկում ըստ քիմիական, ֆիզիկաքիմիական և հիդրոկենսաբանական ցուցանիշների մոնիտորինգային տվյալների, ապա կարելի է արձանագրել, որ Թեղուտի հանքավայրի կողմից ճնշումը գետի ջրերի որակի և էկոհամակարգի վրա կրում է լայնածավալ բնույթ:

Շնող գետը ըստ Եվրոմիության Ջրի շրջանակային դիրեկտիվի (ՋՇԴ) մոտեցումների ներկայումս արդեն դասվում է ռիսկային ջրային մարմինների դասին:

Հիմնական եզրակացություն. բնապահպանական նպատակային միջոցառումներ չիրականացնելու դեպքում Շնող գետի էկոհամակարգը մոտակա տարիներին կնմանվի Ախթալա և Կարճևան «գետերի» ջրային էկոհամակարգերին»:

16:15 Մարտ 09, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news