«Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատատեղերի կրճատումը Շնող գյուղի համար արդեն իրականություն է

«Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատատեղերի կրճատումը Շնող գյուղի համար արդեն իրականություն է

ԷկոԼուր

«Թեղուտ» ՓԲԸ-ում սկսվել է աշխատողների կրճատումը, ինչ   ծանր է անդրադառնում Շնող համայնքի վրա: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Շնողի համայնքապետ Հովհաննես Սահակյանը:

Աշխատատեղերի խնդիր`

«Մեզ համար առանցքային հարցը և դժգոհության առիթը հասարակության մեջ, դա աշխատատեղերի խնդիրն է: «Թեղուտ» ՓԲԸ-ն շուրջ 1300 աշխատող ուներ, որից ընդամենը 253-ը՝ Շնողից: Վերջին շրջանում, քանի որ շինարարական աշխատանքները ավարտվում են, բնականաբար կրճատումներ է գնում. մոտ 50 հոգի կրճատվել է: Ինձ մտահոգում ու զարմացնում է այն, որ այս նույն կվալիֆիկացիայով աշխատող դրսի մարդը մնում է, իսկ տեղացին կրճատվում: Այն մասնագետները որ մեզանում չկան, թող դրսից բերեն, բայց ոչ վարորդներ, էքսկավատորշիկներ, բանվորներ...»:- ասաց  Հովհաննես Սահակյանը:

«340 ընտանիքից ընկերությունը հող է վերցրել (ԷկոԼուրի նկատառում. հողերը վերցվել են Թեղուտի նախագծի իրականացման համար հանրային գերակա շահի ձևակերպամամբ, մասամբ էլ բնակիչների հետ պայմանավորվածությամբ): Յուրաքանչյուր ընտանիք, ով զրկվեց իր հողից, միջինը 3 աշխատող ունի: Եթե բազմապատկենք ընտանիքների թվով, ապա կստացվի մոտ 1300 աշխատատեղ, ու հիմա նրանք կրճատվում են»,- ասաց համայնքապետը:

Շնող գետի աղտոտման խնդիր`

«Մյուս խնդիրը Շնող գետի խայտառակ վիճակն է: Պոչամբարի անմիջապես տակը՝ պատվարից ներքև, արհեստական ջրամբար է դրած, ջուրը փակ  ցիկլով մատակարարելու համար: Բայց առանձին օրերին խայտառակ վիճակ է, հատկապես գիշերներն են գետ բաց թողնում: Ջրի մեջ քարերից երևում է այդ մնացորդների (պոչերի) հետքերը: Մենք թաղամաս ունենք, որ երբ ջուրը բաց են թողնում, մարդիկ չեն կարողանում տուն գնալ: Մարդիկ ծառը ջրում են, չորանում է: Իրենք («Թեղուտ» ՓԲԸ) ասում են, որ պարզարններ են կառուցում նստվածքների համար: Արդեն երկու տարի լրացավ ու ոչինչ չի կարգավորվում:» - ասաց Հովհաննես Սահակյանը:

Լալվարի անտառի հատված տեղամարի խնդիր`

 «Կառավարթյան որոշմամբ «Թեղուտ» ՓԲԸ-ն  պարտավոր է ամեն հատած 1 հեկտար անտառի դիմաց, տնկել 2 հեկտար՝ նախապատվությունը տալով Շնող և Թեղուտ համայնքներին:  Եթե մենք չունենք տարածք, կարող են տանել հանրապետության այլ համայնքներում տնկել: Բայց վնաս կրողը մենք ենք: Ընկերությունը հողատարածք էր ուզում անտառապատման համար, որոնք  հիմնականում մասնավոր տարածքներ են: Մենք ունենք տարածքներ ալպիական գոտում, որը կարելի էր անտառապատման համար տրամադրել, բայց այդ դեպքում էլ անասնապահությամբ զբաղվողներին ենք վնասում, որովհետև անասունների արոտավայրի մակերեսը կրճատվում էր:  Ես հարց բարձրացրի, որ Շնող և Թեղուտ համայնքներում անտառային ծառատեսակների փոխարեն մասնավոր սեկտորի հողերի վրա պտղատու ծառատեսակներ տնկեն: Արդեն 23 հեկտար տնկել ենք:

Անտառհատումները իրականացնում է «Ռամիկ» ՍՊԸ-ն: Հատված փայտանյութը հանձնում են անտառտնտեսությանը, իրենք էլ այդ փայտը վաճառում են: Այդ տարածքը ցանկապատի մեջ է, ահռելի քանակությամբ անտառ կա, որ դեռ չի հատվել ու չգիտեմ կհատվի, թե՝ ոչ: Կա բավականին մեծ թափուկ, որը թույլ չեն տալիս, որ գյուղացին գնա, իր ուժերով հանի: Այդ փայտանյութը բուլդուզերով լցնում են հողի տակ և գյուղացին իրավունք չունի՝ այդ փայտը այդտեղից հանի: Դա աբսուրդ է: Վերջին հաշվով` ափսոս չի՞ այդ փայտանյութը, որ լցվում է հողի տակ»,- ասաց համայնքապետը:

Բաց հանքի ազդեցությունը օդի վրա`

Ըստ Շնողի համայնքապետի, համայնքը «Թեղուտ» ՓԲԸ-ից չի ստանում տվյալներ օդի աղտոտվածության վերաբերյալ. «Ես օդի աղտոտվածության վերաբերյալ չունեմ պաշտոնական տեղեկատվություն, բայց այդ տարածքի` հանքավայրին մոտ թաղամասերում, կանայք դժգոհում են, որ լվացք են փռում դրսում ու դրա վրա փոշի է նստում: Բայց ինչ չափով է թույլատրելի, ես չգիտեմ: Ես տվյալներ չունեմ»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

17:57 Հուլիս 20, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news