«Թեղուտ» ՓԲԸ-ի գործողություններից տուժած Լևոն Ալիխանյանը կրկին կդիմի դատարան

«Թեղուտ» ՓԲԸ-ի գործողություններից տուժած Լևոն Ալիխանյանը կրկին կդիմի դատարան

ԷկոԼուր

Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Լևոն Ալիխանյանը պատրաստվում է կրկին դիմել ՀՀ առաջին ատյանի դատարան՝ վիճարկելու «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից իր հողակտորի շուկայական արժեքի անարդար որոշման վճիռը:

Լևոն Ալիխանյանը մեկն է այն 6 անձանցից, որոնց օգտին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թեղուտի գործով վճիռ է կայացրել և որոշել պարտավորեցնել ՀՀ կառավարությանը երեք ամսվա ընթացքում 17 հազար 200 եվրո փոխհատուցում վճարել:

«ՄԻԵԴ-ի որոշման մեջ ասվում է, որ մարդու հանդեպ ոչ ճիշտ դատավարություն է իրականացվել: Այդքանը բավարար է այստեղ դատարան նորից մտնելու համար: Այն ժամանակ առաջին ատյանի դատարանում ներկայացված ապացույցները բավարար չէին, քանի որ ոչ մի փորձագետ չէր համարձակվում կրկին իմ հողերի գնահատումն անել», - նշեց նա:

Լևոն Ալիխանյանը ՄԻԵԴ-ում 371 հազար 954 եվրո նյութական վնասի փոխհատուցում էր պահանջել, ևս 9800 եվրո էլ՝ դատական ծախսերի համար: ՀՀ կառավարությունը փոխհատուցման գումարը չափազանցված է համարել:

«Ասում են, թե չափազանցված է այդ գումարը: Սակայն իմ հողի հարակից տարածքում մեկ քառակուսի մետրի համար տարեկան վարձավճարը կազմում է 3000 դրամ: Դա ՀԷՑ-ի՝ էլեկտրասյուների վարձակալության տարեկան վճարն է, որի փաստաթուղթը ես ունեմ», - ասաց Ալիխանյանը:

Ըստ նրա՝ այսօր Շնող-Ալավերդի ճանապարհին ճանապարհաշինարարները յուրաքանչյուր ծառի հատման համար գյուղացիներին վճարում են 100-200 հազար դրամ այն դեպքում, երբ իր այգու յուրաքանչյուր ծառի համար իրեն վճարել են մի քանի հարյուր դրամ՝ հողի արժեքի հետ միասին: Ալիխանյանի 7.5 հա հողատարածքի վրա կային տանձի, խնձորի, սալորի ծառեր, ընկուզենիներ:

Հիշեցնենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն Ալիխանյանին առաջարկել էր 3 միլիոն 439 հազար 650 դրամով գնել նրան պատկանող 7.5 հա հողակտորը: Ալիխանյանը մերժել էր առաջարկը՝ փորձելով հողի իրական արժեքի գնահատման համար այլ մասնագետների դիմել: Սակայն նման ծառայությունների տրամադրմամբ զբաղվող կազմակերպությունները մերժել էին իր առաջարկը: 2008թ. ընկերությունն Ալիխանյանի դեմ հայց էր ներկայացրել՝ պահանջելով դատարանին ստիպել գյուղացուն ստորագրել հողի վաճառքի համաձայնագիրը: Սակայն Ալիխանյանը պատասխան հայցով վիճարկել է, որ ազնիվ դատավարություն չի անցկացվել:

19:06 Փետրվար 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news