Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները պահանջում են

Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները պահանջում են

ԷկոԼուր

Արդեն մեկ տարուց ավելի է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը դադարեցված է և անորոշ է, թե երբ հանքը նորից կշահագործվի, կամ արդյոք կշահագործվի: Այս ողջ ժամանակահատվածում հանքի ազդակիր գյուղերի` Շնողի և Թեղուտի բնակիչները մի կողմից հայտնվել են սոցիալական ծանր պայմաններում, կորցնելով աշխատանք, այլևս չունենալով հող գյուղատնտեսական գործունեության համար, մյուս կողմից` մնացել են էկոլոգիական ծանր խնդիրների հետ միայնակ: Իրենց հողի ու ջրի աղտոտման, բերքի ու կենդանիների թունավորման, ծառերի և բույսերի չորացման համար բնակիչները որևէ փոխհատուցում «Թեղուտ» ՓԲԸ-ից չեն ստացել: Դրան զուգահեռ, «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդգրված չէ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքում նշված ընկերությունների ցանկում, հետևապես Շնող համայնքը իր բնապահպանական և սոցիալական ծրագրերի իրականացման համար չի կարող օգտվել ընկերության վճարած բնապահպանական վճարներից:

Թե ինչ խնդիրներ ունեն և ինչ պահանջներ պետության և Թեղուտի հանքը շահագործողի նկատմամբ, ԷկոԼուրին ներկայացրեցին Շնողի և Թեղուտի բնակիչները սույն թվականի մարտի 1-ին և 2-ին Շնողում և Թեղուտում անցկացված Եղիր իրազեկ և պահանջատեր, պաշտպանիր քո շահերն ու իրավունքները ԱՃԹՆ հայաստանյան գործընթացում» թեմայով քննարկման ժամանակ:

Շնողի և Թեղուտի բնակիչներ.

-Եթե մենք չմահանանք Թեղուտի հանքի ծանր արտանետումներից, միևնույն է, սովամահ կլինենք, քանի որ հանքի շահագործման դադարից հետո գյուղացիների մեծ մասը մնացել է անաշխատանք, հետևաբար և՝ սոված:…  Հիվանդությունները շատացել են, երիտասարդացել: Մենք վախենում ենք մեր սեփական հավերի ձուն երեխաներին տալ՝ մտածելով դրա աղտոտված լինելու մասին: Վախենում ենք մեր անասունների միսն օգտագործել, որովհետև դրանք արածում են հանքից եկող փոշու մեջ կորած հանդամասում: Ցակացած քամու ժամանակ էդ փոշին գալիս է, մեր գյուղի վրա նստում:

- Մեզ համար մեծ խնդիր է պոչամբարից բարձրացող փոշին, որի դեմ պետք է շատ շտապ միջոցառումներ իրականացնել, որպեսզի այդ փոշին մնացած տարածքներն էլ չաղտոտի:

-Մեր փոքրիկ գետն աղտոտվում է, հնարավոր է այլընտրանքային ջրագիծ ստեղծել: Մեծ բան չէ, չէ որ ընկերությունը պարտավոր է ներդրումներ անել համայնքի համար:

- Ցանկանում են անտառ ստեղծել, բայց չեն պահպանում, չեն վերահսկում, չեն խնամում: Կարող են համայնքից 1-2 հոգի աշխատավարձով նշանակել որպես հսկիչ, որպեսզի ծառատնկումները ծառայեն իրենց նպատակին: Լրացուցիչ աշխատատեղ էլ կլինի: Միանգամից երկու խնդիր կլուծվի:

-Սովետական միության ժամանակ Հայաստանից դուրս գնացող մրգի 60 տոկոսը էս մի քանի համայնքից էր գնում, Այրում կայարանից էր բարձվում: Իսկ այսօր 700 քառակուսի մետրանոց այգով դու փորձիր տուն պահել:  Հիմա տուր ինձ էդ հնարավորությունը, հանքդ չեմ ուզում:

- «Թեղուտ» ՓԲԸ-ն պետք է հասցեական և համաչափ փոխհատուցում տրամադրի հանքի գործունեության հետևանքով մեր կրած վնասների դիմաց:

-Երբ լինում է ֆորսմաժորային վիճակ, ընկերությունը չունի գումար հետևանքները վերացնելու համար: Պետք է ֆոնդ լինի, որ երբ ընկերությունը դադարեցնի շահագործումը, ֆոնդը բավարարի և՛ ռեկուլտիվացիայի և՛ մյուս բաների ծախսերը: Այսօր 10 հա պոչամբարն է, ոչ մի կոպեկ չունեն, որ երեսը փակեն, թողել, գնացել են:

- Պետք է քննարկել ուղիներ համայնքի զբաղվածության, սոցիալական խնդիրների լուծման, այլընտրանքային տարբերակների համար, քանի որ հանքարդյունաբերությունը չի կարող ամբողջությամբ ծածկել աշխատատեղերի պահանջարկը: Այլընտրանքային աշխատատեղերի ստեղծումը կբերի համայնքի կենսամակարդակի բարձրացմանը:

- Ջրին ու օդին վնաս տալով` առաջին հերթին ազգաբնակչությանն են վնաս տվել: Բա ինչի՞ չպիտի տարեկան առողջապահական հետազոտություն անցկացնեն հենց իրենց հաշվին

- Ընկերության պարտավորությունների մեջ կետ կա, համաձայն որի՝ այն պարտավոր է աշխատատեղեր ստեղծել հանքը փակվելու դեպքում համայնքում որոշ աշխատատեղեր ունենալու համար:

15:43 Մարտ 07, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news