ԷկոԼուր
ՀՀ Վճռաբեկ դատարանը հուլիսի 30-ին հետաձգեց «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի`ՀՀ կառավարության եւ «ACP» ընկերության դեմ ուղղված հայցի դատական նիստը: «Էկոդար» հասարակական կազմակերպությունը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել` ընդդեմ Վարչական դատարանի կայացրած որոշման, որով մերժվել էր կազմակերպության` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ կապված բոլոր գործողությունների դադարեցման պահանջով հայցադիմումը:
Դատական նիստը վարող դատավոր Սլավա Սարգսյանը հայցվոր կողմին չբացատրեց նիստի հետաձգման պատճառները: «Էկոդար» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Սա օրենքի սահմաններում չէ. դատական ակտ է գործի քննությունը հետաձգելու մասին որոշումը, եւ այդ դատական ակտը պիտի լինի պատճառաբանված, որպեսզի կողմերին լինի հասկանալի, թե ինչու այսօր գործի քննությունը չկայացավ: Նաեւ երեւի նկատեցիք նախագահող դատավորի արտահայտություններից, որ ինքը ծանոթ չէր գործին: Օրինակ` ինքը, իհարկե հայտարարեց, որ Վճռաբեկ դատարանը մանրամասն ուսումնասիրում է բոլոր գործերը մինչեւ նիստը, բայց ինչպես տեսաք, կողմերի անվանումների մեջ լուրջ սխալներ թույլ տվեց, երբ որ հրապարակեց «Էկոդարը» «Էկադոր», «Արմենիան քափր փրոգրամ»-ը «Արմենիան քափր պրոգրես»: Այս կարգի սխալներ թույլ տվեց, որից պարզ երեւում է, որ գործն իրենց կողմից ուսումնասիրված չէ»:
Փաստաբանը ենթադրում է, որ այս ձգձգումները պայմանավորված են նրանով, որ Ժնեւում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովը սեպտեմբերին պետք է քննարկվի այս խնդրի վերաբերյալ «Էկոդար» եւ «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը: ՀԿ-ներն իրենց դիմումում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովին են ներկայացրել Թեղուտի ծրագիրը կազմելու եւ իրականացնելու փուլում Օրհուսի կոնվենցիայի մի շարք դրույթների խախտումներ: Փաստաբանի ենթադրությամբ` մեր դատական ատյանները սպասում են հանձնաժողովի որոշմանը:
Հուլիս 30, 2010