Սուտն արդեն ճեղքվել է

Սուտն արդեն ճեղքվել է

Սիրանույշ Պապյան, Lragir.am

Մեր զրուցակիցն է «Թեղուտ» պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը

Մարիամ, Քաջարանից, Թռչկանից հետո գործողությունների վեկտորը թեքում եք դեպի Թեղուտ՝ պատրաստվելով այնտեղ բնապահպանական ակցիա կազմակերպել հունվարի 15-ին: Ինչո՞ւ նորից վերարթնացավ Թեղուտի թեման, Թռչկանում գրանցված հաջողությա՞մբ է արդյոք պայմանավորված:

Այո, բայց դա չի նշանակում, որ Քաջարանը մոռանում ենք: Թիմը մեծացել է, համալրվել նոր ակտիվիստներով, բնապահպանական շարժումը հզորացել է: Բայց զուգահեռ Քաջարանի համար էլ ենք աշխատում, մի տեսակ թարմացել է Թեղուտի թեման, վերակենդանացել է Թեղուտի շարժումը, որովհետև իրականում Թռչկանի հաղթանակը ոգևորեց և լիքը տարբեր ճյուղավորումներ տվեց: Օրինակ՝ Հրազդանը կամ Ջերմուկը պայքարում են, նշում են, որ իրենց պայքարի դրդապատճառը Թռչկանն է եղել: Այդ մոդելը սկսում է աշխատել անկախ ոլորտներից, անգամ ոչ բնապահպանական:

Բացի այդ, իմացանք, որ երեք ամսից Թեղուտում սկսվելու են բուն հանքի գործողությունները, պայթեցումները: Այդքանով էլ Թեղուտի թեման արդիական է և շատ հրատապ:

Թեղուտից ի՞նչ տեղեկություններ ունեք, ի՞նչ վիճակ է այնտեղ ծառահատումների հետ կապված: Գիտեմ, որ հանքի շահագործման հսկայական աշխատանքներ են կատարվել:

Մի քանի օր առաջ վերադաձան խմբի անդամները: Ինչքան էլ գործողություններ են արված, բայց դա ընդամենը աշխատանքի հինգ տոկոսն է, ձեռքիդ եղունգի չափ կորուստ է այն կորուստների դիմաց, որ ունենալու ես պոչամբարի ժամանակ, թափոնների առկայությունը լեռներում լինելու ժամանակ: Իսկ այդ անտառները դեռ մնում են կենդանի, կանգուն, դեռ փրկվելու հնարավորություն կա:

Սակայն 71 հեկտար արդեն ոչնչացվել է:

Որոշ մասը արդեն ոչնչացվել է, բայց դեռ հազարավոր հեկտարներ կան, որ նախատեսված է ոչնչացնել: Այս չարաբաստիկ նախագիծը միայն անտառի կորուստ չէ, այն նաև հինգ հարյուր տոննա թափոն է, որը ուղղակի լցվելու է ձորի մեջ և ռումբ է հանդիսանալու ներկա և հետագա սերուդների համար:

Երբ մենք եղանք Քաջարանում և այդ աղետը տեսանք և զգացինք դա մեր մաշկի վրա, հասկացանք, որ սրանից տաս անգամ մեծ պոչամբար ենք ունենալու Հայաստանի հյուսիսում: Շատ դեպքերում, երբ չես տեսնում, չես պատկերացնում, որ այդ սիրուն տեղը մի օր մահացած գոտու է վերածվելու և չես պատկերացնում իրական կորուստը: Կոնկրետ Սյունիքում մենք այդ մահը զգացել ենք:

Երբ Սյունիքում էիք, մարզպետին հանդիպեցիք, նա անգամ հասցրեց վիրավորել Ձեզ: Լոռու մարզպետի հետ պայմանավորվա՞ծ եք արդյոք: Նրա վերաբերմունքը Թեղուտի հարցում դրակա՞ն է:

Պայմանավորվածություն չկա: Սյունիքի մարզպետի հետ էլ մենք պայմանավորվածություն չունեինք: Մենք գնացել էինք գյուղը տեսնելու՝ որքանով է այն մոտ սահմանին, մոտիկից ծանոթանալու, և նա պարզապես այնտեղ հայտնվեց: Լոռու մարզպետը եթե կուզենա, թող գա տեսնենք՝ ինչ է կարծում: Մեր արշավի նպատակն է մտահոգ քաղաքացիներին տանել տեղում ապրեցնել, որ մարդը ոչ միայն ֆեյսբուքյան ստատուսներից կարդա ու չիմանա՝ դա ինչ բան էր, այլ գնա տեսնի, շատ ենք կարևորում քայլարշավը:

Մարիամ, այնուամենայնիվ, ընդունո՞ւմ եք, որ այսքան տարիների ակտիվ պայքարի արդյունքը Թռկանի ջրվեժն էր: Կարծիք կա, որ պայքարը հաջողությամբ պսակվեց, որովհետև “հզոր” մարդիկ չէին կանգնած, այնինչ Թեղուտի դեպքում իրավիճակն այլ է, այստեղ շատերն են շահագրգիռ:

Պայքարը հնարավոր է հաջողությամբ պսակվի, և դա մեզանից է կախված: Թռչկանի դեպքում, երբ ասում են՝այնտեղ մեծ շահեր չէին, բայց այնտեղ կար բացառիկ մի դեպք, որը բնապահպանները երբևէ չեն կիրառել, դա “մինչև վերջ” գնալն է: Արդյունքը միշտ լինում է այնքան, որքան քո պայքարն է: Այսինքն՝ եթե դու ասում ես, որ ամեն գնով գնալու ես դրան, քո անձի, էգոյի վրայով, քո կոնֆորտը զոհելով՝ գնում ես ինչ-որ քայլի մինչև վերջ, դա ստացվում է: Պետք է լինել թափանցիկ ու ազնիվ: Թռչկանը լավ մոդել է ավելի մեծ խնդիրներ լուծելու համար:

Մի քանի տարի առաջ, երբ սկսվել էր Թեղուտի համար պայքարը, երիտասարդները այսքան ակտիվորեն ներգրավվա՞ծ էին, հիմա փոփոխություն նկատո՞ւմ եք:

Ես 2007-ից եմ պայքարի մեջ և, այո, ես տեսնում եմ այդ գիտակցությունը: Մարդը գնալով իրեն արժևորում է, տեսնում է, որ իր մեջ պետք է փնտրի մեղավորին, որ ինքն է այս երկիրը կառուցողը, մենք ենք այս երկրի տերը գիտակցությունը գնալով ամրապնդվում է, էկոլոգիական գիտակցությունն է բարձրացել: Իհարկե այս ամենին “օգնում” է նաև մեր երկրի աղետալի վիճակը, որովհետև եթե առաջ լուրջ չէին ընդունում, ասում էին`ինչ են շուխուր անում, մեկ էլ տեսնում են Թեղուտի բազմադարյա անտառն են վերացնում, Սևանա լճի ափին ոսկու հանքեր են բացում, Հրազդանի հենց մեջտեղում երկաթի բաց հանք են ուզում շահագործել, Տաթևի վանքի հարևանությամբ երկաթի բաց հանք, Աբովյանում երկաթի բաց հանք և այսպես շարունակ: Մի կողմից հանքարդյունաբերական գիշատիչն է խեղդում, մյուս կողմից էլ ավելի ակնառու են սկսում երևալ պսևդոտնտեսական զարգացումները, պսևդոհամայնքային զարգացումները, այդքան արտերկրին հումք տվող Սյունիքի գյուղերում մարդիկ խղճալի վիճակում են ապրում: Չնայած որ կոմբինատում աշխատողն ունի առողջապահական պարտադիր ապահովագրություն, սակայն գումարը միայն ծանոթով է ստանում, իսկ թե ծանոթ չունի, ի վիճակի չի լինում իր աշխատավարձով սեփական առողջության խնդիրները հոգալու համար: Սուտն արդեն ճեղքվել և պարզ երևում է` նույն քաջարանցին աշխատանքով այսօր չի ոգևորվում և ասօր արդեն խոսում է պրոբլեմներից: Էկոգաղութացման է գնում մեր երկիրը: Ի վերջո հասկանում են, որ սա միայն կանաչ շարժումներ չեն, որ սա նաև ազգային հարց է:  

Մարիամ, շատ հաճախ կարծիք է հնչում, որ քաղաքացիական նախաձեռնությունները, եթե իրենց գործունեության վեկտորը ուղղեն դեպի քաղաքականություն, ապա հաջողությունն անխուսափելի կլինի: Նախըտրական պրոցեսներ են, Դուք քաղաքացիական վեկտորը կուղղե՞ք քաղաքականի և ասենք պայքարեք կեղծված ընտրությունների դեմ: Գիտեմ, որ այս կարծիքը չեք կիսում, ինչո՞ւ չեք կիսում:

Մարդիկ, որոնք անընդհատ նշում են՝ արդյոք ձեր շարժումը կդառնա՞ քաղաքական, ասեմ, որ մենք պայքարելով՝ ազդում ենք նաև համակարգի վրա: Մեր դրդիչ ուժը իշխանության գնալը չէ, կուսակցական դառնալը չէ, բայց ես գիտեմ, չլինելով ոչ մի կուսակցության մեջ, պայքարելով Թեղուտի, Թռչկանի, Հայաստանի համար, մենք նաև ձևավորում ենք նոր համակարգ, այսինքն՝ուզի թե չուզի քաղաքացիական հասարակությունն է հենց կերտում մեր բարեփոխումները քաղաքական դաշտում: Ու այսօր ես այդ միջոցով եմ տեսնում, որ կկարողանանք փոխել մեր երկիրը և համակարգը, որից մենք այդքան սարսափում ենք, քան, օրինակ, ընտրություններով:

Պայքարը ընտրությունից ընտրություն չի: Այլ ամեն օր…ամեն ակնթարթ

Ինձ համար Հայաստանը մի օրգանիզմ է, որտեղ կան բազմաթիվ մակաբույծներ, որոնք, եթե սկսես մաքրել, առողջացնել, ինքնըստինքյան օրգանիզմից դուրս կթռչեն, մենք բռնել ենք այդ ճանապարհը: Եթե յուրաքանչյուրն իր ոլորտում չծախվի, չվախենա, գնա մինչև վերջ, կփոխվի այս համակարգը, այստեղ ես չեմ տեսնում անձնավորման խնդիր, այս մեկին հանեմ մյուսին դնեմ:

Եթե մենք ներսից ենք փչացած, ուրեմն փրկությունը ներսից է լինելու…

Եթե ներսն է թույն, ստրուկ ժողովուրդ, չպայքարող, համակերպվող, ծախվող, ով էլ որ գա նախագահ, անգամ ամենալուսավոր մարդը, այս գիտակցությամբ ապրող ժողովուրդը կտապալի նրան: Այսօրվա համակարգը ընդամենը մեր ներսի հայելին է:

Այսինքն՝ ես մեր մեջ եմ տեսնում այս խնդիրը, եթե յուրաքանչյուրը իր գիտակցությամբ փոխվի, երբ դառնա այս անտառների, սարի պահապանը, ապագայի կրողը, երկրի նվիրյալ ծառան այն ժամանակ երկիրը անտեր չի լինի ու կկենդանանա…

Մենք այս պայմաններում չպետք է երազենք, որ մի հերոս կգա և կփրկի Հայաստանը, կնստի նախագահի գահին ու մեկ վայրկյանում ամեն ինչ կբարեփոխվի:

Դա նշանակում է, որ ես նորից, իմ տունը պարփակված, սպասում եմ մի փրկչի, որը կիջնի վերևից ու իմ գործը կկատարի իմ փոխարեն ու վերջում էլ ինձ ազատություն կպարգևի: Այդ դեպքում, իսկ ո՞վ եմ ես, ո՞րն է իմ առաքելությունը:

14:33 Հունվար 11, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news