Հակոբ Սանասարյան` Թեղուտի ծրագիրը ջարդում է պետության ողնաշարը

Հակոբ Սանասարյան` Թեղուտի ծրագիրը ջարդում է պետության ողնաշարը

ԷկոԼուր

Հայաստանի կառավարության ներկայացուցիչները չմասնակցեցին մարտի  30-ին` Ժնեւում տեղի ունեցած Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի նիստին: Այս մասին նշված է Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Արմինէ Առաքելեանի Ժնեւից տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի հանրային կառավարման մարմինները ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԷԻՆ ու նաեւ թերացել էին կոմիտեին ուղարկել պահանջված զեկույցն ու գործողությունների ծրագիրն այն մասին, թե ինչպես են պատրաստվում իրագործել հատկապես Թեղուտի վերաբերյալ կոնվենցիայի և կոմիտեի պահանջները: Նիստին մասնակցում էր Հայաստանի մյուս և իրական շահառու կողմը՝ հանրությունը, հանձինս սփյուռքի և Հայաստանի ինքնորոշված քաղաքացիների 4 հոգանոց պատվիրակության: Նրանք ներկայացրեցին խնդրի լրջությունը եւ ժողովրդի գոյությանն ու անվտանգությանը սպառնացող ՀՀ կառավարության որոշումները, որոնք հակասում են ՀՀ օրենքներին ու Կոնվենցիայի պարտավորություններին. նշվեց, որ ՀՀ իշխանությունների մոտ բացակայում է քաղաքական կամքը` հանուն հանրության շահի եւ շրջակա միջավայրի պաշտպանության որոշումներ կայացնելու:

Կոմիտեի անդամներն ու նախագահը …արձանագրեցին, որ հաշվի կառնեն հիմնախնդրի և իրավիճակի լրջությունը և իրենց լիազորությունների սահմաններում կփորձեն ազդարարել և ավելի խստորեն հետամուտ լինել ՀՀ իշխանությունների կողմից Կոմիտեի պահանջների կատարմանը»:

Նշենք, որ այդ նիստի նախօրեին Վանաձորում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ կազմակերպվեց Թեղուտի ծրագրի վերաբերյալ քննարկում: Բնապահպանական հասարակությունը դեմ արտահայտվեց Թեղուտի հանքավայրի շահագործմանը: «Դա մի հերթական քայլ էր, որպեսզի ժողովրդի մեջ եղած լարվածությունը, երիտասարդների փողոց դուրս գալը ջրեն եւ ասեն, որ դրանք հիմքեր չունեն, սակայն դահլիճում Թեղուտի խնդրով հետաքրքրվողները ռեալ փաստեր բերեցին, որ դա հակապետական, հակաժողովրդական ծրագիր է: Թեղուտի ծրագիրը ջարդում է պետության ողնաշարը, այն կարող է ի չիք դարձնել երկիրը,- ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը,- Այսօրվա վիճակում հնարավոր չէ Թեղուտի հարցում բանակցային եղանակով նպատակի հասնել, քանի որ կա իշխանական հզոր լծակ, եւ նաեւ կա մի ուրիշ ողբերգություն, որ հանքատերերը իշխանական լծակներ ունեցող ամենաբարձր ատյանների ղեկավարներն են»:

«Vallex Group» ընկերությունը` ի դեմս «Թեղուտ» ՓԲԸ-ի, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար զբաղեցնում է 1400 հա անտառային եւ համայնքային հողերի տարածք, որոնց կատեգորյան փոխվել է ընդերքօգտագործման: Արդյունքում, «միայն Խառատանոց գետի հունում մոտ 800 հա անտառ կմեռնի  պոչամբարի տակ, իսկ Դուքանաձորի կիրճը, որն ավելի փոքր է, այնտեղ լցվելու են դատարկ ապարները,  որոնք նույնպես շատ թունավոր նյութեր են: Սա նույնպես հավերժորեն մեռնելու է, չհաշված բաց հանքը»,- ահազանգում է Հակոբ Սանասարյանը:

Ապրիլ 02, 2012 at 16:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր