Քաղաքացիական պայքար և քաղաքական լուծումներ

Քաղաքացիական պայքար և քաղաքական լուծումներ

ԷկոԼուր

Շրջակա միջավայրի  շարունակական ոչնչացմանը դիմադրում է միայն քաղաքացիական հասարակությունը: Ինչպե՞ս  է աշխատում այդ թեզը: Զարգացման ո՞ր փուլում են այժմ գտնվում հասարակական շարժումները: Ինչպիսի՞ որոշումներ է առաջարկում քաղաքացիական ակտիվիզմը:

Լոնդոնի համալսարանի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի ուսուցիչ Արմինե Իշխանյանը  իրականացրել է Հայաստանի քաղաքացիական շարժումների 3 տարվա ուսումնասիրություն՝ կենտրոնանալով բնապահպանական ակտիվիզմի վրա: Նա արդյունքները ամփոփել է «Քաղաքացիական հասարակությունը, զարգացումը և բնապահպանական ակտիվիզմը Հայաստանում» աշխատության մեջ: Դեկտեմբերի 24-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ վերոնշյալ գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին բնապահպաններ, ակտիվիստներ, «Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպությունը, իսկ աշխատության հեղինակը քննարկմանը Լոնդոնից միացել էր առցանց: 

«Ակտիվիզմը գնում է իր տրամաբանական զարգացման հաջորդ փուլին,այսինքն` քաղաքականացվում է: Ցանկացած շարժում, որը չի ստանում արդարացի լուծում մասնագիտական հարթության վրա, դառնում է քաղաքական, իսկ Հայաստանում որևէ հարց չի լուծվում մասնագիտական հարթության վրա,- ասաց Թեղուտի պաշտպանության «կանաչ» շարժման ակտիվիստ, իրավաբան Արթուր Գրիգորյանը` օրինակ բերելով Մաշտոցի պուրակը,- 4 «խուժան» բուծիկի հարց լուծվեց միայն նախագահի պարտականությունները դե ֆակտո կատարող անձի անմիջական մասնակցությամբ»: 

«Կանաչ» շարժման ակտիվիստ Հրայր Սավզյանն առանձնացրեց ուսումնասիրության երկու փուլ՝ բնապահպանական  ակտիվիզմ և առհասարակ ակտիվիզմը Հայաստանում: «Բնապահպանական ակտիվիզմը կապված է 80-ականների բնապահպանական բողոքի ալիքի հետ, որը 90-ականների երկրաշարժի և պատերազմի բերումով ճնշվեց և նույնիսկ քննադատվեց՝ որպես տնտեսական զարգացման խոչընդոտ: Երկրորդ փուլը շարունակվում է 2007-ից մինչև մեր օրերը: Ես կարծում եմ, որ մենք արդեն երրորդ փուլում ենք, որովհետև ակտիվիզմը, քաղաքացիական նախաձեռնությունները փոխել են իրենց տարիներ շարունակ կրող բնույթը»,-ասաց Հրայր Սավզյանը` նշելով, որ գազի, տրանսպորտի, պարտադիր կենսաթոշակային կուտակումների խնդիրները նոր բնույթի խնդիրներ են: «2007-2009 մենք մտածում էին փրկենք Թեղուտի անտառը:  Հիմա մենք շատ ավելի խորությամբ ենք հասկանում այն ամբողջ սոցիալական տնտեսական քաղաքական խնդիրները, որոնք բերել են Թեղուտի հիմնախնդրին և հասկանում ենք, որ միայն բնապահպանական բաղադրիչը առաջ տանելով՝  հնարավոր չէ լուծել այս խնդիրը: Մի հանք կամ անտառ փրկելով ընդհանուր քաղաքականությունը չենք փոխի»,- ասաց նա: Ակտիվիստի խոսքով` քաղաքացիական ակտիվիզմի մեջ ամենակարևոր խնդիրը քաղաքական գիտելիքների պակասն է, որը պետք է ակտիվիստները զարգացնեն ինքնակրթությամբ եւ արտասահմանյան ակտիվիստական խմբերի հետ համագործակցելով:

Գրքի հեղինակ Արմինե Իշխանյանը այս առիթով նշեց, որ քաղաքացիական շարժումները որոշ չափով ճգնաժամի մեջ են: «Տեսնելով, որ ջանքերը արդյունավետ չեն, նրանք ուզում են փոխվել, բայց ինչպես` չգիտեն:  Ես մտահոգված եմ, որ քաղաքական դաշտ տեղափոխվելով՝ քաղաքացիականը կթուլանա: Պետք է պահպանել բալանս»,- նշեց նա:

Շվեյցարիայից ժամանած ակտիվիստ Արտուշ Եղիազարյանը ներկայացրեց իր տեսակետը  խնդիրների լուծման եւ ակտիզմի զարգացման ուղղությամբ Սփյուռքի դերի վերաբերյալ: «Սփյուռքը շատ մտահոգված է, բայց միայն մտահոգ լինելով ոչինչ չես փոխի:  7-8 միլիոնի մեջ պայքարում են 200-300 մարդ: Դա բոլորիս խնդիրն է»,- ասաց նա: Արտուշ Եղիազարյանը նշեց, որ իրենք Ժնևում ստեղծել են հասարակական կազմակերպություն, որը հանդես է գալիս Սփյուռքի համար որպես հարթակ: «Մեր միջոցով շատերը փորձում են օգնել, օրինակ Թեղուտի խնդրի հարցով: Մենք առաջարկում ենք այլընտրանքային տնտեսական նախագծեր, որ մարդիկ տեսնեն` միայն հանքում չէ, որ կարող են 150-200 հազար դրամ աշխատեն»,- ասաց նա:

«Հիմա փորձում են բնապահպանությունը հակադրել տնտեսական զարգացմանը: Իրականում խնդիրը սոցիալ-տնտեսական է, որովհետև կապված է բնակչության սոցիալական կյանքի վատթարացման հետ: Հանքարդյունաբերության արդյունքում վատթարանում է նաև մարդկանց առողջական վիճակը, որը որևէ կերպ չի փոխհատուցվում: Հանքարդյունաբերությունից ստացված եկամուտից պետությունը ստանում է չնչին տոկոսներ, իսկ ողջ իրական եկամուտը գնում է օֆշորային գոտիների «ծակերը»,- նշեց իրավաբան Արթուր Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանում քաղաքացիական տարբերակով չեն որոշվում անգամ ոչ ռադիկալ հարցերը: «Միայն համակարգային փոփոխությունները կարող են լուծել խնդիրները: Հետո, երբ մենք կունենք քիչ թե շատ նորմալ հասարակական հարաբերություններ, այդ ժամանակ միգուցե տարանջատվի քաղաքացիական շարժումը քաղաքականից»,- նշեց Արթուր Գրիգորյանը:

13:50 Դեկտեմբեր 25, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news