Երկրի տնտեսության զարգացում էկոլոգիայի հաշվին

Երկրի տնտեսության զարգացում էկոլոգիայի հաշվին

ԷկոԼուր

Սույն թվականի փետրվարի 15-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարի մասնակիցների հարցերին: Առանձնացնենք Սերժ Սարգսյանի ելույթից երկու հատված. «Կարծում եմ՝ լավ կլինի, Մեսրոպ ջան, իրոք, լավ է լինելու: Ինչո՞ւ, որովհետև, կարծում եմ, մենք արդեն մտել ենք որոշակիության դաշտ: Ինչքան էլ մենք ասենք, որ Մաքսային միությանն անդամակցությունն անցել է հարթ, առանց որևէ խնդիրների, այնուհանդերձ, հասարակության մեջ և ներդրողների համար անորոշություն կար, թե ի՞նչ ուղղություն ենք ընտրելու, դա ինչի՞ է բերելու և այլն: Մենք արդեն ունենք որոշակիություն, ունենք կոնկրետ ծրագրեր, և այս որոշակիությունը, կոնկրետ ծրագրերը մեզ հուշում են, որ կարողանալու ենք շատ ավելի մեծ առաջընթաց ունենալ…2014 թվականին ավարտելու ենք լեռնաարդյունաբերության ոլորտում մի ծրագիր՝ մեծ ծրագիր, որ տարիներով ենք աշխատում դրա ուղղությամբ, ինչը հնարավորություն է տալու Հայաստանի Հանրապետությունում արտադրել 80-100 հազար տոննա պղինձ խտանյութում: Իսկ դա այն կրիտիկական քանակն է, որ հնարավորություն է տալիս ունենալու պղնձաձուլարան՝ մեծ պղնձաձուլարան, ինչն իր հերթին հնարավոր է միայն ծծմբաթթվի վերամշակման գործարան ունենալով: Եթե չունենանք՝ չենք կարող անել: Այսինքն՝ լեռնաարդյունահանման ոլորտում մենք ունենալու ենք զգալի աճ…

…2014 թվականին արդեն առարկայական է դառնալու 2013 թվականից սկսած մեծ ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզում ձկնարդյունաբերական մեծ համալիրի ստեղծման ուղղությամբ, որի նպատակն է 2019 թվականին ունենալ 50 հազար տոննա ձկան արտադրություն և վերամշակում: Իսկ սա մեծ տնտեսական շրջանառություն է ու նաև մեծ քանակով աշխատատեղերի բացում Գեղարքունիքի մարզում…»:

Հիշեցնենք, որ պղնձաձուլական գործարանի դեպքում, խոսքը «Վալլեքս Գրուպի» Թեղուտի ծրագրի մասին է, որը դուրս է եկել հաջորդ փուլ եւ  ավարտում է ենթակառուցվածքի շինարարությունը 2014թ-ին: «Վալլեքս Գրուպը» մեկ անգամ չէ հավաստիացրել, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանում զտիչները կարող են աշխատել արտադրության բարձր ծավալների պայմաններում, ինչը կարող է ապահովել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը:

Մյուս դեպքում, խոսքը Սեւանա լճում ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի մասին է, որի բնապահպանական փորձաքննության գործընթացը դեռեւս չի ավարտվել: Հանրությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով ` ապացուցելով ծրագրի անօրինականությունը,  ցույց տալով ծրագրի հակասությունը «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին եւ բացասական ազդեցությունը  լճի էկոհամակարգի վրա: Ներկայացրել է գիտական փաստեր սպասվելիք ռիսկերի վերաբերյալ, որոնք կարող են ունենալ անդառնալի հետեւանքներ: Ծրագրի հասարակական լսումներից հետո ԷկոԼուրը եւ մյուս մասնակիցները ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացան պատասխան այն մասին, որ եզրակացություն տրամադրելիս բոլոր դիտողությունները հաշվի կառնվեն: Սակայն, դժվար է պատկերացնել, որ բնապահպանական փորձաքննությունը ծրագրին կտա բացասական եզրակացություն, երբ քաղաքական մակարդակով ծրագրին աջակցում է անձամբ ՀՀ նախագահը: Դժվար է պատկերացնել, որ ծրագրին բացասական եզրակացություն կտա նաեւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը: Մնում է միայն գուշակել, թե ինչու է ծրագիրը ներկայացվել բնապահպանական փորձաքննությանը, որը այս դեպքում դառնում է անօրինական ծրագրի օրինականացման սովորական շոու:

11:43 Փետրվար 17, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news