Քաղաքացիական հասարակությունը կպահանջի սանկցիաներ կիրառել բնապահպանության նախկին նախարարի նկատմամբ

Քաղաքացիական հասարակությունը կպահանջի սանկցիաներ կիրառել բնապահպանության նախկին նախարարի նկատմամբ

ԷկոԼուր

Բնապահպանության ոլորտը, 15 տարուց ավելի գտնվելով Հանրապետական կուսակցության քաղաքական պատասխանատվության ներքո,  մեծ փոփոխության է ենթարկվել: Բնապահպան հասարակությունը կարծում է, որ Հայաստանը շատ արագ տեմպերով կորցնում է  իր բնական պաշարները, և այդ կորուստները կարող են անդառնալի լինել հանրապետության համար: Պատճառը մեկն է՝ բիզնես շահի գերկայությունը բնապահպանության ոլորտում: Ինչպե՞ս են վարվել այս պարագայում բնապահպանության նախարարները, ովքեր պատասխանատու են եղել բնական պաշարների պահպանման համար և ի՞նչ ակնկալիքներ կան նոր նախարար Արամայիս Գրիգորյանից:

«Արամ Հարությունյանը, ով  ամենաշատ ժամանակաշրջանն է ղեկավարել այս ոլորտում՝ 7 տարի (2007-2014), շարունակեց Վարդան Այվազյանի քաղաքականությունն այն տարբերությամբ, որ Վարդան Այվազյանը՝ հակաբնապահպանական որոշում անցկացնելիս, ասում էր՝ սա քաղաքական որոշում է, իսկ Արամ Հարությունյանը ասում էր՝ դա կխանգարի բիզնես ոլորտին, այն դեպքում որ բիզնես ոլորտում ու բնապահպանության ոլորտում կա շահերի բախում»,- ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը մայիսի 6-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշեց, որ Հայաստանում ջրային պաշարների ոչնչացման լավագույն ապացույցը Արարատյան դաշտի աղետալի վիճակն է: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են Համաշխարհային բանկի վարկային ծրագրերը ուղղակիորեն աջակցում մեր ՋՕԸ-երին, որոնք վիշապի նման նստած են մեր ջրային պաշարների վրա: Մեր բյուջեի փողերն անիմաստ վատնում են իմիտացիոն գործողությունների վրա՝ փակելով այն հորերը, որոնք անպիտան են և չեն օգտագործվում»,- նշեց Ինգա Զարաֆյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր խորքային հորի փակման համար նախատեսված է 2.500 միլիոն ՀՀ դրամ:

Ինգա Զարաֆյանի կարծիքով՝ ՀՀ բնապահպանության նախարարությունում ոչ մի անգամ  նախարարը չի եղել ոլորտի մասնագետ բացառությամբ Կարինե Դանիելյանի. «Երբ նայում ենք բոլոր 7 նախարարների ժամանակաշրջանը, տեսնում ենք, թե ինչպես է բիզնեսն անխնա օգտագործում մեր բնական պաշարները: Պաշտոնաթող նախարար Արամ Հարությունյանը ոչ մի անգամ պաշտպան չի եղել բնությանը, ընդհակառակը, նա իր թեթև ձեռքով ստորագրեց երկու հանցավոր որոշումների տակ՝ կապված  Սևանա լճում արհեստական ձկնաբուծության զարգացման և լրացուցիչ  ջրբացթողումների հետ»: Ինչ վերաբերվում է նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին, Ինգա Զարաֆյանն ասաց. «Նոր նախարարը զուտ բիզնես ոլորտի մարդ է»: 

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ, էկո-իրավաբան Արթուր Գրիգորյանի կարծիքով՝ պետք չէ շեշտը դնել բիզնեսի վրա: «Մենք գործ ունենք համակարգային կոռուպցիայի հետ, որը իրականացվում է բիզնեսի անվան տակ: Բիզնեսը պարզապես պատրվակ է»,- ասաց Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ կոռուպցիան, որը մտած է ամբողջ համակարգի մեջ,  ոչնչացնում է ամեն ինչ՝ և՛ բիզնեսը, և՛ շրջակա միջավայրը:

«Այն բանից հետո, երբ ընդիմադիր պատգամավորներն ապացուցեցին, որ լրացուցիչ ջրբացթողումների քանակի ավելացումը մինչև 240 միլիոն խմ հակասում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին, քանի որ, ըստ օրենքի, լճում չպետք է գրանցվի մակարդակի բացասական հաշվեկշիռ, պատասխան եղավ, որ, այո, մենք համաձայն ենք, բայց սա քաղաքական որոշում է: Մի ողբ էր դրել Վարդան Այվազյանը, մեր գյուղացին մնացել է առանց ջուր և այլն... դա պարզապես դեմագոգիա է: Ամբողջ հարցի էությունը նրանում է, որ պետք է պահել Սևանի մակարդակը այնպես, որ այն չբարձրանա»,- կարծում է  Ա. Գրիգորյանը:

Նա մեջբերեց այն փաստերը, որոնք ապացուցում են, որ կառավարությունը հատուկ թույլ չի տալիս, որպեսզի Սևանա լճի մակարդակը բարձրանա. «2 տարի առաջ 150 միլիոն խմ լրացուցիչ ջուր բաց թողնվեց, այդ ընթացքում արդեն 12 տարի շարունակվումեն Արփա-Սևան թունելի վերանորոգման աշխատանքները, որը դարձել է դարի շինարարությունը,  չի աշխատում Որոտան թունելը: Այդ երկու թունելները միասին 400 միլիոն խմ ավելի ջուր են բերում Սևան, իսկ իրենց պետք չէ, որ Սևանի մակարդակը բարձրանա»:

 Արթուր Գրիգորյանի կարծիքով՝ պատճառները հետևլայն են՝ ափամերձ շինությունները, որոնք լճի մակարդակի բարձրանալու դեպքում կանցնեն ջրի տակ, Սևան-Հրազդան կասկադը, որը մոտ 10 միլիոն եկամուտ է ստանում ջրբացթողումների ժամանակ։

«ՀՀ բնապահպանության նախարարությունը Արարատյան արտեզյան ավազանում  գերազանցել է 1 միլիարդ խմ ավելի ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելու սահմանը, և ռազմավարական նշանակություն ունեցող ստորգետնյա ջրերը Սևջուր գետով լցվել են  Արաքս, այնուհետև Նախիջևանի ջրամբար: Նվիրելով ջուրը հարևան պետությանը՝ կառավարությունը նոր ծախս է ավելացրել գյուղացու համար՝ վաճառելով նրան Սևանի ջուրը: Քաղաքացիական հասարակությունը սույն թվականի հուլիսին Մաաստրիխ քաղաքում (Հոլանդիա) կայանալիք Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների հանդիպման ժամանակ առաջարկելու է սանկցիաներ կիրառել՝ փակել բնապահպանության նախարարության ֆինանսական խողովակները:  Ես այս նախարարությունից և այս կառավարությունից որևէ ակնկալիք չունեմ․ ինչպես տեսնում եք, այն գնալով որակազրկվում է: Պետք է փակել սրաց ֆինանսական խողովակները՝ միջազգային գրանտային ծրագրեր և այլն, որոնք բնապահպանության պատրվակով վերցվում և փոշիացվում են»,- հայտարարեց Արթուր Գրիգորյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 37 միլիոն դոլլարի ծրագիր է իրականացվում ոռոգման համակարգերի  ոլորտում, իսկ մենք դեռ ոռոգման համար Սևանից ջուր ենք բաց թողնում:

Արթուր Գրիգորյանը ներկայացրեց քաղաքացիական հասարակության պահանջները՝
1.Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրի բացթողման քվոտավորում

2.Արփա-Սևան, Որոտան թունելների գործարկում

3.Եղվարդի ջրամաբարի կառուցում

4.Ջերմուկ ազգային պարկի կառուցում, որի տարածքը ամիջապես  հասնում է Ամուլսարի հանքավայրի շահագործման տարածքին:

Որպես Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ՝ Արթուր Գրիգորյանը նշեց, որ Թեղուտում այս պահին իրականացվում է հանցագործություն, որում ներգրավված են թե՛ մասնավորը, թե՛ պետական սեկտորի ներկայացուցիչները. «Սա թող դիտվի որպես հաղորդում հանցագործության մասին: Մենք ձեռք ենք բերել ապացույցներ առ այն, որ Թեղուտում այս պահին իրականացվող գործընթացը ոչ միայն անօրինական է, այլ ընթանում է այն ծավալի խախտումներով, որոնք հիմք են քրեական հետապնդում իրականացնելու համար, ընդ որում, ոչ միայն մասնավորների նկատմամբ, ովքեր իրականացնում են այդ գործունեությունը, այլ նախ և առաջ պետական մարմինների այն սուբյեկտների, ովքեր պատասխանատու են նոր լիցենզիաներ տրամադրելու համար, որոնք չեն անցել բնապահպանական փորձաքննություն:  2013 թ-ին էներգետիկայի նախարարությունը տվել է նոր լիցենզիաներ, որոնք չեն անցել բնապահպանական փորձաքննություն, սա ուղղակիորեն ապացույց է կոռուպցիոն գործարքի մասին: Իրենք իրականում իրականացնում են նոր նախագիծ, որը պետք է օրենքով նորից անցներ նույն գործընթացը, որն անցել է նախորդը»: Նա նշեց, որ նոր նախագիծը նախորդից ավելի վտանգավոր է, բայց իրականացնողները թաքցրել են այն, իսկ բնապահպանության նախարարությունը  հետևողականորեն ստուգումներ չի իրականացնում՝ պարզելու համար, թե ինչ ծավալի խախտումներ են այնտեղ իրականացվում: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում իրականացվող խախտումների վերաբերյալ ապացույցները Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը կհրապարակի առաջիկայում:

Ասուլիսի հաջորդ բանախոսը՝ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Լենա Մանվելյանը, նշեց, որ իրենք լայն քարոզարշավ են անցկացնում  ջրային պաշարների պահպանության հարցով: «Մենք աջակցում ենք «S.O.S. Սևան» շարժմանը և  պատրաստվում ենք միջազգային հանրության աջակցությամբ ազդել կառավարության որոշումների վրա՝ կապված Սևանա լճի հետ: Մենք ուղարկել ենք դիմում միջազգային հանրությանը:  Մեր քարոզարշավին պատրաստ են  աջակցել 30-ից ավելի երկրների ավելի քան 100 կազմակերպություններ: Դիմել ենք UNEP -ին (միջկառավարական ծրագիր է, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի որոշմամբ գործում է 1973 թվ-ից),  որ մեզ աջակցեցին Սոտքում, ես հույս ունեմ, որ այս անգամ էլ մեր ղեկավարությունը, հաշվի առնելով միջազգային փորձագետների խոսքը, որոնք պահանջում են այս ծրագրերի լիարժեք մոնիտորինգ և փորձաքննություն, կընդունի հավասարակշռված որոշում»,- ասաց Լենա Մանվելյանը: Նա նաև նշեց, որ իրենց դիմումը գնացել է  բոլոր ռուսական հասարակական կազմակերպությունների ցանցերով  և իրենք հավատում են իրենց քարոզարշավի հաջողությանը: 

16:25 Մայիս 06, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news