ՀՀ կառավարությունը երրորդ անգամ ստանում է Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի բացասական որոշումը

ՀՀ կառավարությունը երրորդ անգամ ստանում է Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի բացասական որոշումը

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը երրորդ անգամ ստանում է Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի բացասական որոշումը: Այս մասին նշված է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից տարածած մամլո հաղորդագրության մեջ: 

«Սույն թվականի հունիսի 29-ից հուլիսի 02-ը Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի Կողմ երկրների հինգերորդ հանդիպումը, որի ընթացքում քննվել են Հայաստանի կառավարության կողմից Օրհուսի կոնվենցիայի ձախողման և դրա համար պատասխանատվության հարցերը: Կողմերի հանդիպման ընթացքում հաստատվել  է Համապատասխանության կոմիտեի որոշումն այն մասին, որ Թեղուտի հանքավայրի շահագործման օրինականությունը վիճարկող հայցով հասարակական միավորումներին դատարան դիմելու իրավունքից զրկելով՝ Հայաստանի կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիայով ամրագրված՝ հանրային շահերի պաշտպանության հայցով հասարակական միավորումների դատարան դիմելու իրավունքը:

Սա Հայաստանի կառավարության կողմից իր միջազգային պարտավորությունները ձախողելու վերաբերյալ երրորդ որոշումն է, ինչը նշանակում է, որ Ղազախստանի ու Թուրքմենստանի հետ միասին Հայաստանը հայտնվել է Օրհուսի կոնվենցիայի նույն դրույթները պարբերաբար ձախողած երկրների շարքում: Այս որոշմամբ իրավաբանորեն ամրագրվել է շահագրգիռ հանրության իրավունքը՝ ինչպես Թեղուտի, այնպես էլ շրջակա միջավայրին առնչվող այլ անօրինական նախագծերը դադարեցնելու հայցով դիմելու դատարան:

Հանդիպմանը մասնակցած՝ Հայաստանի բնապահպանական հարցերով շահագրգիռ հանրության և մասնավորապես՝ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը հնչեցրել է ավելի քան 50 տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի պատգամավորների և այլ անհատների առաջարկը՝ Հայաստանի կառավարության նկատմամբ պատասխանատվության անհատական միջոցներ կիրառելու վերաբերյալ, որոնց միջոցով Հայաստանի հանրությունը հնարավորություն կստանա կասեցնել բնապահպանական, կայուն զարգացման և այլ նպատակների անվան տակ միջազգային կառույցներից Հայաստանի կառավարությանը տրվող և վատնվող ֆինանսական միջոցները, քանի դեռ կառավարությունը չի կատարել Օրհուսի կոնվենցիայի պահանջները: Նշված առաջարկությունը հետաքրքրել է մասնակիցներին: Համապատասխանության կոմիտեի նախագահի Ջոնաս Էբեսսոնը խնդրել է առաջարկը գրավոր ուղարկել և հրավիրել է մասնակցելու Ժնևում կայանալիք Համապատասխանության կոմիտեի առաջիկա նիստին՝ մոտեցումը ավելի մանրակրկիտ քննարկելու համար:

Առաջիկայում նախատեսվում է լայն հասարակական-քաղաքական համագործակցության միջոցով ավելացնել ճնշումը և հանրային վերահսկողությունը Հայաստանի կառավարության ֆինանսական հոսքերի, այդ թվում՝ Համաշխարհային բանկի վարկերի օգտագործման արդյունավետության նկատմամբ, ընդհուպ մինչև դրանց կասեցում, քանի դեռ բնապահպանական օրենսդրությունն ու ժողովրդավար կառավարումը Հայաստանում տեղ չեն գտնում։

Հարցերի դեպքում դիմել՝

Արթուր Գրիգորյանին [email protected] էլ հասցեով»,- նշված է հաղորդագրության մեջ:

12:37 Հուլիս 21, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news