«Վալլեքս» խումբը մտադիր է ընդլայնել իր տարածքները Լալվարի անտառում

«Վալլեքս» խումբը մտադիր է ընդլայնել իր տարածքները Լալվարի անտառում

ԷկոԼուր

«Վալլեքս» խմբի ընկերությունների  մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է Լոռու մարզի անտառային տարածքներում, Շնող գետի ավազանում,  իրականացնել պղնձի եւ մոլիբդենի որոնման աշխատանքներ: Սույն թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող Թեղուտ լեռնային համալիրի տարածքում, տեղի կունենան «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ծախկաշատ-Ախտեքի պղինձ-մոլիբդենային հանքային դաշտի տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումները:

Հայտի համաձայն` Ծաղկաշատ-Ախետքի հանքային դաշտը գտնվում է ՀՀ Լոռու մարզում` Թումանյանի տարածաշրջանում: Ընդգրկում է մոտ 140կմ2 տարածք: Ուսումնասիրվող տարածքում են գտնվում Ակներ, Հաղպատ և Ծաղկաշատ գյուղերը: Մոտակա բնակավայրերն են` Ալավերդի, Ախթալա քաղաքները, Շամլուղ, Թեղուտ, Շնող, Ճոճկան, Արճիս, Մեծ Այրում, Այրում համայնքները:  ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացված հայտի փաթեթի համաձայն` ազդակիր համայնքներից Ալավերդի, Շնող, Ծաղկաշատ, Նեղոց, Հաղպատ համայնքների ղեկավարները գրավոր համաձայնություն են տվել Ծաղկաշատ-Ախետքի հանքային դաշտում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել:

Նախատեսվում է կատարել 1:25000 մասշտաբի հետևյալ համալիր երկրաբանաորոնողական աշխատանքները`

  • Ախտեքի տեղամասում` ՀԲ մեթոդով էլեկտրահետախուզում 10 կմ2  տարածքում, մագնիսահետախուզում 10 կմ2  տարածքում, երկրաքիմիական ուսումնասիրություններ 10 կմ2  տարածքում, հորատանցքերի հորատում 2500 մ:
  • Ծաղկաշատի տեղամասում` ՀԲ մեթոդով էլեկտրահետախուզում 15 կմ2  տարածքում, մագնիսահետախուզում 15 կմ2 տարածքում, երկրաքիմիական ուսումնասիրություններ 15 կմ2  տարածքում, հորատանցքերի հորատում 2500 մ:

Ծաղկաշատ-Ախետքի հանքային դաշտի մնացած մասում՝ մոտ 90 կմ2 տարածքի վրա, նախատեսվում է իրականացնել տեղազննական և որոնողական երթեր (մոտ 30կմ), ինչպես նաև BLEG և SS մեթոդներով երկրաքիմիական հանույթ (մոտ 70կմ2 տարածքի վրա):

Նշենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն շահագործում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, որի համար, ըստ Թեղուտի ծրագրի, ոչնչացվելու է Լալվարի անտառից 357 հա, իսկ ըստ փորձագետների` մինչեւ 2070 հա անտառ: Ինչպես պարզ է դառնում «ՀՀ Լոռու մարզի Ծաղկաշատ-Ախետքի հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների» աշխատանքային ծրագրից, Ծաղկաշատ-Ախետքի հանքային դաշտի երկրաբանական ուսումնասիրութունը փոխկապակցված է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ: «Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Կենտրոնական տեղամասի առաջիկա շահագործումը, բնականաբար, պահանջում է նաև նրա շրջակա հանքայնացված տեղամասերի երկրաբանական լիարժեք ուսումնասիրության և գնահատման անհրաժեշտություն… Համալիր որոնողական, իսկ անհրաժեշտության դեպքում հետագայում նաև հետախուզական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ շահագործման նախապատրաստվող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շրջակա տարածքում այս կամ այն չափով հանքայնացված, սակայն ոչ բավարար կերպով ուսումնասիրված տեղամասերի լիարժեք երկրաբանական գնահատականը առաջին հերթին տնտեսական, ինչպես նաև գործնական նշանակություն ունեցող խնդիր է »,- մասնավորապես նշված է  աշխատանքային ծրագրում:

Թեպետ աշխատանքները նախատեսվում են իրականացնել Լոռու մարզի անտառներում, սակայն հայտում նշվում է, որ դիտարկվող տիրույթը ընկած է ՀՀ Տավուշի մարզի Իջևանի ֆլորիստիկ շրջանի հյուսիսում և դասվում է Կովկասյան նահանգի Ցիրկումբորելյան ֆլորիստիկ շրջանին: «Ուսումնասիրվող տարածքների բուսականությունը ներկայացված է գլխավորապես կաղնի-բոխի անտառներով, հիմնական էդիֆիկատորն է Quercus iberica (կաղնի վրացական), որին ուղղեկցում է Carpinus betulus (բոխի սովորական), առանձին ծառերի տեսքով հանդիպում են հաճարենի, լորենի, թխկի, թեղի, հացենի, ենթաանտառում զանգվածային ներկայացված են տխլենի, ցախակեռաս բուրավետ, զկեռենի, մասրենի, մոշենի, ազնվամորի, բոխի արևելյան, իլենի, հոն, հաղարջենի: Այստեղ կա նաև կաղամախիի ոչ մեծ պուրակ: Տարածքում առկա է ափամերձ բուսականությունը` ներկայացված բարդու, ուռենու տեսակներով և գերխոնավ տեղանքների խոտերով, ինչպես նաև բաց անտառային տարածության համակեցություններով:

Բնական բուսականության կազմում առկա են դեղաբույսերի և ուտելի բույսերի տեսակներ»,- մասնավորապես նշված է հայտում:

Տեղի ֆաունայի առնչությaմբ նշվում է, «միջատներից կարծրաթևերի 231 կարգաբանական միավորներից 11-ը Կովկասի, 4-ը՝ Հարավային Կովկասի, 2-ը`Հայաստանի էնդեմիկներ են, իսկ մեկը (Cerambyx cerdo acuminatus Motsch.) գրանցված է Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր Գրքում: Թեփուկաթևերի 29 տեսակներից մեկը (Parnassius apollo L.) նույնպես գրանցված է Միջազգային Կարմիր Գրքում: …Շամլուղ գյուղի շրջակայքում նախկինում հայտնաբերվել է փոքրասիական տրիտոնի (Triturus vittatus) պոպուլյացիա, որը միակն է հանրապետությունում: …

Ուսումնասիրման ենթակա տարածքում հայտնի են թռչունների 59 տեսակներ:… Ըստ գրականության տվյալների` տվյալ տարածքի կաթնասունների տեսակներից 7-ը ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքի նախկին հրատարակությունում, իսկ 14-ը` նախատեսվում է ընդգրկել հաջորդ հրատարակության մեջ»:

Ծրագիրը չի նախատեսում նոր մուտքային ճանապարհների կառուցում, օգտվելու են նախկինում հետախուզական աշխատանքների համար շահագործված ճանապարհներից: Հորատման աշխատանքները կազմակերպվելու են արդեն իսկ նախկինում խախտված հրապարակներում, որոնք ժամանակին օգտագործվել են հորատման համար, լրացուցիչ տարածքներ չեն խախտվելու, հողի բերրի շերտը չի վնասվելու, էրոզիոն օջախներ չեն առաջանալու, նշվում է հայտում:

16:20 Օգոստոս 24, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news