Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները պայքարում են իրենց «կանաչ» իրավունքների վերականգնման համար

Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները պայքարում են իրենց «կանաչ» իրավունքների վերականգնման համար

ԷկոԼուր

2014 թ-ից «Թեղուտ» ՓԲԸ-ն («Էյ-Սի-Թի») ՀՀ Լոռու մարզում բաց եղանակով շահագործում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: Այս ծրագրի տակ անցավ 357 հեկտար անտառ: Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները զրկվեցին անտառի բարիքներից և իրենց հասանելիք անվճար թափուկից: Ծրագրի իրականացման հետևանքով աղտոտվեցին Դեբեդ և Շնող գետերը, իսկ Դուքանաձոր և Խառատանոց վտակները վերացվեցին: Թեղուտ և Շնող գյուղերի համայնքային և սեփական 81,483 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ ՀՀ կառավարության 2007 թ-ի նոյեմբերի 1-ին 1279-Ն որոշմամբ: Իրենց հողերի դիմաց բնակիչները ստացան չնչին գումարներ: Հանքի շահագործման ընթացքում՝ 2014 թ-ից, աղտոտվեցին ջրային ռեսուրսները, գյուղատնտեսական հողերը, այգիները, արոտավայրերը: Երկու գյուղերը հայտնվեցին բաց հանքի վտանգավոր արտանետումների ազդեցության տակ:

Լալվարի անտառը՝ Թեղուտի ծրագրի մեկնարկից առաջ և մեկնարկի ընթացքում

Թեղուտի պոչամբարը

Դեբեդ գետը՝ Թեղուտի պոչամբարի արտահոսքերից հետո

Հանքի շահագործումից 3 տարի անց ընկերությունը դադարեցրեց հանքավայրի շահագործումն անորոշ ժամանակով և 1190 աշխատակցից 1032-ին աշխատանքից ազատման ծանուցագրեր ուղարկեց:

Հանքավայրի շահագործման հետևանքով խախտվել են բնակիչների հիմնարար իրավունքները:

  • ԱՌՈՂՋ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - ջրային ռեսուրսների, հողի, գյուղմթերքների աղտոտում ծանր մետաղներով
  • ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - գյուղատնտեսական գործունեության և զբոսաշրջության զարգացման խոչընդոտներ
  • ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - ծանր և տոքսիկ տարրերով աղտոտվածություն
  • ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - համայնքային և սեփական հողերը չնչին գումարներով՝ բացառիկ հանրային գերակա շահի անվան տակ հանձնվել են ընկերությանը ծրագրի ենթակառուցվածքների համար
  • ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ -հանրային քննարկման վերաբերյալ պատշաճ ծանուցման բացակայություն
  • ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - հանրային քննարկման վերաբերյալ պատշաճ ծանուցման բացակայություն
  • ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ՝ ՋՐԻ, ՀՈՂԻ, ԸՆԴԵՐՔԻ, ԱՆՏԱՌՆԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ, ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - ՀՀ Անկախության հռչակագիր, հոդված 7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է:
  • ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ
  • ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ
  • ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ
  • ԱԶԱՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ, ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ

Բնակիչների իրավունքների վերականգնման համար իրականացվել են հետևյալ գործողությունները՝

  • 2006 թ-ից հասարակական սեկտորի կողմից կանաչ իրավունքների վերաբերյալ բնակչության շրջանում պարբերաբար իրազեկվածության բարձրացում
  • Իրավաբանական խորհրդատվություն
  • Բազմաթիվ նամակներ, դիմումներ ՀՀ նախագահին, վարչապետին, Ազգային ժողովին, Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեին, Թեղուտի ծրագրին աջակցող միջազգային կազմակերպություններին ու բանկերին:
  • Քննարկումներ Եվրահանձնաժողովում, ՀՀ Ազգային ժողովում:
  • Բազմաթիվ բողոքի ակցիաներ Հայաստանում և Եվրոպայում:
  • Հայտնի հանրային դեմքերի և քաղաքական գործիչների մասնակցություն ծրագրի դեմ պայքարում:
  • Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն որոշում ընդունեց ծրագրի իրականացման ընթացքում կոնվենցիայի դրույթների խախտման վերաբերյալ:
  • Դատական գործընթացներ ընդդեմ Թեղուտի ծրագրի:
  • Բնակիչները պահանջում են ՀՀ կառավարությունից հետաքննել բոլոր խախտումները, պարտադրել ընկերությանը վերականգնել շրջակա միջավայրին պատճառած վնասները, տարածքները, վերականգնել իրենց կանաչ իրավունքները, հանքարդյունաբերական գործունեությունը դարձնել անվտանգ շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար, փոխհատուցել պատճառված վնասների դիմաց, խախտումները չվերացնելու դեպքում ընկերությանը զրկել հանքի շահագործման լիցենզիայից:

Արդյունքներ

  • Կանաչ իրավունքների պաշտպանության գործընթացն ակտիվորեն շարունակվում է:
  • Թեղուտի խնդրի հարցը կրկին հանրային օրակարգում է:
  • Դանիական «Pension Denmark» կենսաթոշակային հիմնադրամը և Դանիայի EKF արտահանման վարկային գործակալությունը ճանաչեցին խախտումները, հրաժարվեցին ծրագրի ֆինանսավորումից և հետ պահանջեցին իրենց գումարները:
  • 2018թ-ին առաջին անգամ «Թեղուտ» ՓԲԸ-ում կանցկացվեն տեսչական ստուգումներ:
  • ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը դադարեցրեց «Թեղուտ» ՓԲԸ-ի՝ հանքավայրի ընդլայնման վերաբերյալ նոր հայտի փորձաքննությունը և հետ ուղարկեց այն:
  • «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» զեկույցում, որը Համաշխարհային բանկի հանձնարարությամբ պատրաստել է «Սվիդիշ Ջիոլոջիքըլ Էյ-Բի» ընկերությունը «Էս-Էլ Ար Քոնսալթընթսի», «ԱՎԱԳ Սոլյուշնսի», ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի, ՀԱՀ-ի Թուրփանջյանի անվան քաղաքականության վերլուծության կենտրոնի հետ, Թեղուտի պոչամբարի նախագիծը միջազգային չափանիշների համեմատությամբ անընդունելի է համարվում թե՛ բնապահպանական, թե՛ ֆիզիկական կայունության առումով: Ըստ աշխատության` հատկապես վտանգի տակ են Շնող գյուղի բնակիչները, որոնք գտնվում են պոչամբարի փլուզման սցենարի ստորին գոտում:

ԹԵՂՈՒՏԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ «ԿԱՆԱՉ» ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ-ԳՈՐԾԻՔ -  (Հայ.)

Մարտ 15, 2018 at 16:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր