ՀՀ Օմբուդսմենի զեկույց. «Առանց իրավաչափ հիմնավորման շուրջ 2 տարի ձգձգվել է «Թեղուտ» ՓԲԸ-ում բնապահպանական տեսչական ստուգումների անցկացումը»

ՀՀ Օմբուդսմենի զեկույց. «Առանց իրավաչափ հիմնավորման շուրջ 2 տարի ձգձգվել է «Թեղուտ» ՓԲԸ-ում բնապահպանական տեսչական ստուգումների անցկացումը»

ԷկոԼուր

ՀՀ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը թերացում է համարում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից «Թեղուտ» ՓԲԸ-ում տեսչական ստուգումներ չանցկացնելը: Օմբուդսմենի «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցում այս կապակցությամբ նշված է. «Առանց իրավաչափ հիմնավորման շուրջ 2 տարի ձգձգվել է «Թեղուտ» ՓԲԸ-ում բնապահպանական տեսչական ստուգումների անցկացումը, ինչով խախտվել է քաղաքացիների՝ պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:

Նախարարությունը բազմիցս (շուրջ երկու տարի) հավաստիացրել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդգրկված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ստուգման ենթակա կազմակերպությունների` 2013, 2014 և 2015 թվականների ցանկերում, սակայն մինչ օրս որևէ տեսչական ստուգումներ չեն իրականացվել: Խնդիրն այն է, որ մի շարք բնապահպաններ ահազանգել են, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը կատարվում է ոչ թե 2006 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԲՓ-135 փորձաքննական դրական եզրակացության պահանջներին համապատասխան, այլ 2010 թվականին փոփոխված նախագծի հիման վրա, որը չի անցել օրենքով սահմանված ընթացակարգերը և չի ենթարկվել բնապահպանական փորձաքննության: Այնինչ, ըստ ստացված բողոքների՝ հանքավայրի անհիմն կերպով կազմակերպված շահագործման արդյունքում նախագծային շեղումների պատճառով վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետությանը, Թեղուտ և Շնող համայնքներին և համայնքի բնակիչներին: Նշենք, որ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 2010 թվականին փոփոխված նախագծով Թեղուտի հանքավայրի շահագործումը չի բխել այն ժամանակ գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» 1995 թվականի ՀՀ օրենքի պահանջներից: Ավելին, նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննական եզրակացության պայմանները խախտելու դեպքում լիազորված մարմինը պարտավոր է մասամբ կամ ամբողջովին փակել,

կասեցնել կամ արգելել նախատեսվող գործունեության իրականացումը մինչև փորձաքննական եզրակացության համար համապատասխան պայմանների ապահովումը: Միաժամանակ, վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Տվյալ դեպքում հակառակն ապացուցելու համար Նախարարությունը չի կատարել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես` օրենքով սահմանված կարգով չի ուսումնասիրել քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բողոքներն ու դիմումները և դրանց ընթացք չի տվել: Այսպիսով, Նախարարությունը խախտել է քաղաքացիների՝ իրավունքների և ազատությունների պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:

Առաջարկ. ողջամիտ ժամկետներում ապահովել «Թեղուտ» ՓԲԸ-ում օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ ստուգումների իրականացումը, ինչպես նաև վերահսկել Թեղուտի հանքավայրի շահագործումը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան»:

Ապրիլ 08, 2015 at 16:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր