Դատարանը «Թեղուտ»-ին պարտավորեցրել է նախկին տնօրենին վճարել մոտ 250 մլն դրամ

Դատարանը «Թեղուտ»-ին պարտավորեցրել է նախկին տնօրենին վճարել մոտ 250 մլն դրամ

www.azatutyun.am, Կարինե Սիմոնյան

Դատարանը «Թեղուտ» ընկերությանը պարտավորեցրել է նախկին սեփականատերերի օրոք գլխավոր տնօրենի պաշտոնն զբաղեցրած Սահակ Կարապետյանին վճարել մոտ 250 միլիոն դրամ։ Թեղուտի հանքավայրի սեփականատիրոջ փոփոխությունից հետո նոր սեփականատեր դարձած ՎՏԲ բանկը նրան ազատել էր աշխատանքից։

Սահակ Կարապետյանը, որն այժմ նաև նախկին սեփականատիրոջ՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահն է, իրեն գլխավոր տնօրենի պաշտոնից ազատելը համարել էր անհիմն ու անօրինական և դիմել դատարան՝ պաշտոնում վերականգնվելու և իրեն չվճարված գումարներն ստանալու պահանջով։

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հայցը քննել և պարզել է, որ հանքավայրի նախկին սեփականատեր «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը Սահակ Կարապետյանի հետ կնքել է մի պայմանագիր, որով նա աշխատանքից ազատվելիս 150 միլիոն դրամ միանվագ պարգևատրում ստանալու իրավունք է ունեցել։ Դատարանը գտել է, որ հայցվորի աշխատանքից ազատվելուց հետո կես միլիոն դոլարից ավելի միանվագ պարգևատրում ստանալու պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման։

Ուշագրավ է, որ դատարանում քննված պայմանագիրը Սահակ Կարապետյանի հետ կնքվել է հանքավայրի գործունեությունը դադարեցնելուց տասն օր անց՝ 2018 թվականի հունվարի 26-ին։ Դրանից երկու ամիս անց ընկերությունը հայտարարեց, որ հանքավայրի գործունեության դադարը կլինի երկարատև, և սկսեց ազատել աշխատողներին, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ չվճարված մոտ 400 միլիոն դոլարի վարկի դիմաց ՎՏԲ բանկն առգրավել է «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող հանքավայրը։

Նշենք, որ Սահակ Կարապետյանը «Թեղուտ» ընկերության գործունեության առաջին իսկ օրից աշխատել է որպես իրավաբան, այնուհետև, մինչև գլխավոր տնօրեն դառնալն զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը։

Դատարանի վճռում նշված է, որ գլխավոր տնօրեն դառնալուց հետո Սահակ Կարապետյանի ամսական աշխատավարձը կազմել է 8 միլիոն դրամ՝ ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարներ: Ընդ որում, ըստ նրա հետ կնքված պայմանագրի, աշխատանքից ազատվելուց հետո նրա գործատուն պարտավոր է եղել ևս մեկ տարի վճարել ամսական 8 միլիոն դրամ, որի մեջ, սակայն, չեն ներառվում հարկերը և այլ պարտադիր վճարները:

Դատարանի գնահատմամբ՝ աշխատանքային պայմանագիրը լուծարելուց հետո ևս մեկ տարի ամսական 8 միլիոն դրամի վճար սահմանելը չի հակասում օրենսդրությանը և նպատակ է հետապնդում երաշխավորելու աշխատողին հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը՝ նրա պաշտոնը թողնելուց հետո։ Դատարանը բավարարել է նաև հայցվորի այս պահանջը։

Դատարանի վճռով նախկին գլխավոր տնօրենը ներկայիս սեփականատիրոջից ևս մեկ միլիոն դրամ կստանա՝ որպես վճարումներն ուշացնելու տուգանք։

«Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունն օրերս բողոքի ակցիա էր իրականացրել՝ ընդդեմ «Վալլեքս» խմբի ընկերությունների և նրա նախագահ Վալերի Մեջլումյանի, որն, ըստ ակցիայի մասնակիցների, Թեղուտի հանքավայրը կորցնելուց հետո արհեստական խոչընդոտներ է ստեղծում հանքավայրի աշխատանքի համար։ Նախաձեռնության ղեկավար Կարեն Միքայելյանն «Ազատության» հետ զրույցում աբսուրդային որակեց հանքավայրի նախկին սեփականատիրոջ կնքած պայմանագրի արդյունքում առաջացած ավելի քան կես միլիոն դոլարի ֆինանսական բեռը հանքավայրը ընդամենը մեկ ամիս առաջ վերագործարկած ընկերության համար։

«Իրանք էդ նույն աստղաբաշխական միլիոնների պայմանագիրը կնքել են Սահակ Կարապետյանի հետ էն ժամանակ, երբ որ 800 մարդու կրճատում էին աշխատանքից, անհասկանալի է, երբ մի երկրում, որտեղ մինիմալ աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ, այսինքն եթե մինիմալ աշխատավարձով մի մարդ աշխատի, պետք է 378 տարի աշխատի այդ մարդը, որ էդ գումարը վաստակի։ Սա մի բան է վկայում, եթե Վալերի Մեջլումյանը շարունակեր շահագործել ընկերությունը, ինքը նման պայմանագիր, ինձ թվում է, չէր կնքի, որովհետև երևի Հայաստանի պատմության մեջ կամ աշխարհի պատմության մեջ տենց պայմանագիր չկա։ Ինքը ընկերության դեմ հակասող պայմանագիր է կնքել մի մարդու հետ», - ասաց Միքայելյանը։

«Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունը կասկածի տակ է դնում՝ արդյո՞ք աշխատողի համար բավականին բարենպաստ պայմաններով պայմանագիրը կնքելիս «Վալլեքս» ընկերությանը հայտնի չէր «Թեղուտ» ընկերությունը կորցնելու հավանականության մասին, և դա չի արվել «իրենցից հետո նոր սեփականատիրոջն առավելագույն ֆինանսական վնաս պատճառելու համար»։

«Թեղուտ» ընկերությունը դատարան ներկայացրած առարկություններում պնդել է, որ «բռնագանձման ենթակա գումարների մասին պայմանագրի դրույթներն իրավաբանական ուժ չունեն», քանի որ վիճելի պայմանագիրը կնքվելուց հետո չի հաստատվել տնօրենների խորհրդի կողմից։ «Տնօրենների խորհուրդը հաստատել է միայն հայցվորի ամսական վարձատրության չափը», - գրված է դատարանի վճռում՝ որպես պատասխանող կողմի առարկություն։ Մինչդեռ դատարանը գտել է, որ ընկերության միակ բաժնետեր Վալերի Մեջլումյանն իրավունք ուներ առանց խորհրդի հաստատման գլխավոր տնօրենի հետ միանձնյա պայմանագիր կնքել՝ «ներառելով փոխհատուցման այլ դրույթներ»։

Նախկին գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանը հրաժարվեց մեկնաբանել դատարան հասած աշխատանքային պայմանագրի դրույթները։

«Ազատության» դիտարկմանը, որ երբ Թեղուտի հանքավայրի աշխատանքները դադարեցված են եղել, իր հետ կնքվել է բավականին բարենպաստ պայմաններով պայմանագիր, Կարապետյանն արձագանքեց. «Դուք եք բարենպաստ համարում, ես դա բարենպաստ չեմ համարում ինձ համար առավել ևս և այլ կերպ որևէ ձևով չեմ մեկնաբանում ո՛չ դատական ակտը, ո՛չ պայմանագիրը, ո՛չ դրա հանգամանքները, որովհետև այս պահին համենայն դեպս էդ դատական ակտը օրինական ուժ չի ստացել։ Հնարավոր է, որ բողոքարկվի, հնարավոր է՝ չբողոքարկվի»։

Հարցին էլ՝ ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով է նշանակվել տնօրեն այն ժամանակ, երբ հանքավայրը արդեն չէր աշխատում, Սահակ Կարապետյանը պատասխանեց. «Որևէ կերպ չեմ մեկնաբանում ես դա»։

«Թեղուտ» ընկերությունից դեռևս չեն հայտնում՝ կբողոքարկե՞ն առաջին ատյանի դատարանի վճիռը, թե՞ ոչ։

15:07 Օգոստոս 09, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news