«Վալլեքս» ընկերությունների խումբը 320 մլն դոլար է ներդրել Թեղուտի հանքավայրի հետազոտման և մշակման գործում

«Վալլեքս» ընկերությունների խումբը 320 մլն դոլար է ներդրել Թեղուտի հանքավայրի հետազոտման և մշակման գործում

Մարիաննա Մկրտչյան, ԱրմԻնֆո

«Վալեքս» ընկերությունների խումբը 320 մլն դոլար է ներդրել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հետազոտման և շահագործման գործում: Այդ մասին օգոստոսի 6-ին լրագրողներին հաղորդել է «Վալեքս» ընկերությունների խմբի փոխնախագահ Գագիկ Արզումանյանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի Թեղուտ կատարած այցի ընթացքում: Նրա խոսքերով` ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 350 մլն դոլար: Մնացած միջոցները նախատեսվում է ներդնել մինչև տարեվերջ: Պղնձի և մոլիբդենի պաշարների ծավալով Թեղուտի հանքավայրը երկրորդն է հանրապետությունում` Քաջարանի պղնձամոլիբդենայինից հետո, ասել է նա:  Ապրանքային արտադրության տարեկան ծավալը կարող է տատանվել 180-200 մլն դոլարի սահմաններում` կախված մետաղների գներից, ասել է փոխնախագահը: Բյուջեի հարկային մուտքերը կարող են կազմել տարեկան առնվազն 10 մլն դոլար, հավելել է Արզումանյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին` նա հավաստիացրել է, որ ընկերությունը մտադիր է կիրառել հանքավայրի շահագործման ամենառաջավոր  տեխնոլոգիաներ և ըստ ամենայնի նվազեցնել էկոլոգիական վնասը:«Մենք ձգտում ենք ձեռնարկել միջոցներ, որպեսզի համալիրը համապատասխանի ամենաառաջավոր միջազգային ստանդարտներին: Թեղուտի համալիրը զինված է գերժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք  չեն կիրառվում Հայաստանի լեռնահանքային արտադրություններից ոչ մեկում», - ասել է Արզումանյանը:

Նա հավելել է, որ 2008-2009 թթ. հանքավայրի շուրջ անտառահատմանը զուգընթաց տարվում են ծառատունկի ակտիվ աշխատանքներ: Լոռու մարզում արդե տնկվել է ավելի քան 300 հա ծառ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով հատուկ ստեղծված «Թեղուտ» ՓԲԸ-ն  նախատեսում է Թեղուտի հանքավայրը շահագործել մինչև 2014 թվականի վերջը: Առաջին 14 տարում կարտադրվի տարեկան միջին հաշվով շուրջ 63 տոննա պղնձի խտանյութ` մինչև 32 տոկոս պղնձի պարունակությամբ, և շուրջ 960 տոննա պղնձի խտանյութ` մինչև 50 տոկոս մոլիբդենի պարունակությամբ:

«Թեղուտ» ՓԲԸ հիմնադրվել է  2006 թվականի մայիսի 22-ին «Վալլեքս» խմբի կողմից: ՓԲԸ-ի բաժնետոմսերի ամբողջ փաթեթը պատկանում է կիպրոսյան «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթիդ» ՓԲԸ-ին, որի քվեարկող բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Արմենիան քոփր Փրոգրամ» ՓԲԸ-ին, որի սեփականատերը Վալերի Մեջլումյանն է: 1991 թվականին Թեղուտում հաստատված պաշարները կազմել են 450 մլն տոննա հանքաքար, այդ թվում 1,6 մլն տոննա պղինձ` 0,355% պարունակությամբ, և 99 հազար տոննա մոլիբդեն` 0,022% պարունակությամբ:

Օգոստոս 11, 2014 at 14:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր