Անտառը Ամանորի նախաշեմին

Անտառը Ամանորի նախաշեմին

ԷկոԼուր

Դեկտեմբերի 13-ից  կարգելվեն սոճուտների հատումները: Այս մասին դեկտեմբերի 12-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: ««Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2003 թ-ից վաճառքի համար սոճու ծառատեսակ չի կտրում: Այս տարի մենք տվել ենք 6000 ճյուղ Երևան քաղաքի կենտրոնական տոնածառի և 3000 ճյուղ Գյումրիի տոնածառի համար»,- ասաց  նա:

Ռուբեն Պետրոսյանը նշեց, որ ապօրինի անտառհատումների վերահսկողության մեխանիզմները կատարելագործվում են: «Նախարարի հրամանով  համարակալվում է յուրաքանչյուր գերան, իսկ վառելափայտը նշվում է կարմիր կնիքով, որը չի անցնում»,-ասաց նա:

Ըստ Ռուբեն Պետրոսյանի՝ ապօրինի հատումների միտումը նվազել է:  « 2004թ-ին հատվել է  32 000 ծառ,  2011թ-ին՝  2520 ծառ, 2012թ-ին` 1320 ծառ, իսկ այս տարի դեռ ֆիքսված է 768 ծառ»,- նշեց անտառապետը:

Ըստ Ռուբեն Պետրոսյանի` նվազել են նաև հրդեհները:«Հրդեհները այս տարի համեմատաբար քիչ են՝  87 հեկտար անտառային տարածք, որից 23 հեկտարը` բուն անտառ: Սա 10 անգամ ավելի քիչ է, քան նախկին տարիներին: Օրինակ՝ 2010թ-ին  այրվել է 810 հեկտար անտառային տարածք: Պատճառը բնակիչների կողմից արոտավայրերի այրումն է»,- ասաց նա:

Նոյեմբերի 14-ին կառավարության N1045 որոշման համաձայն` ոչ անտառային նպատակներով անտառ վնասողը ՊԱՐՏԱՎՈՐ Է կրկնակի անգամ ավել անտառ տնկել և աճեցնել մինչև անտառի շարք փոխադրելը: Այս կապակցությամբ Ռուբեն Պետրոսյանը օրինակ բերեց Թեղուտի անտառը, որի հատման համար «Թեղուտ» ՓԲԸ-ն պարտավորվեց տրամադրել «Հայանտառ»-ին գումար անտառատնկման աշխատանքների համար. «Աշխատանքներ են իրականացվել 158 հեկտարի վրա, իսկ ևս 315 հեկտարի վրա պետք է իրականացվեն»:

Մեր կողմից նշենք, որ անկախ փորձագետների գնահատականի համաձայն, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հետևանքով անտառը ոչնչացվում է ոչ թե 315 հեկտարի վրա, այլ 1400 հեկտարի վրա: 

Ռուբեն Պետրոսյանը նաև նշեց, որ 2013թ-ին «Հայանտառ»-ը  ավիացիոն պայքար է տարել 8870 հեկտարի վրա: 2004 թ-ից մինչև հիմա իրականացվել է ավիացիոն պայքար 77 000 հեկտար եւ ավելի տարածքի վրա, հիմնականում` Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Տավուշի և Լոռու մարզերի անտառներում: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը անտառվերականգնման աշխատանքների համար բյուջեից ֆինանսավորում չի ստանում, և աշխատանքները իրականացնում է միաջազգային ֆինանսավորման հաշվին:

2013թ-ի թվականի բյուջեով «Հայանտառ»-ին տրված է եղել 700 միլիոն դրամ,  հիմնականում որպես աշխատավարձ, իսկ 2014թ-ին կտրամադրվի  900 միլիոն դրամ:

Հայաստանի անտառների մոտ 25 տոկոսը` 60 000 հեկտար, գտնվում է հատուկ պահպանվող տարածքներում` «Շիկահող» պետական  արգելոցում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Արևիկ», «Դիլիջան», «Սևան» ազգային պարկերում և այլն: Այդ տարածքները վերահսկում և օգտագործում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նախարարության ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել մամուլի ասուլիսին:

Դեկտեմբեր 13, 2013 at 11:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր