«Վալլեքս Գրուպը» արձագանքել է ԷկոԼուրի հոդվածին

«Վալլեքս Գրուպը» արձագանքել է ԷկոԼուրի հոդվածին

ԷկոԼուր

Վերջերս ԷկոԼուրը հրապարակեց «Թեղուտցիներ՝ մեր վարչապետը բյուջեից 15 միլիոն դոլար ծախսեց կովերի կուրծքը լվանալու խորհրդի համար, սրանք համեստ են, դրամով են խոսում» (http://www.ecolur.org/hy/news/teghout/teghout-residents-our-premiere-spent-15-million-usd-from-budget-for-advice-how-to-wash-cow-udder-while-these-modest-people-say-in-drams/5736/ , 23.01.2014թ.) խորագրով հոդվածը, որտեղ ներկայացված էր Թեղուտ և Շնող համայքների բնակիչների արձագանքը «Թեղուտ» ՓԲԸ-ի հայտարարությանը: Ի պատասխան ԷկոԼուրի այդ հոդվածին` «Վալլեքս Գրուպ» խմբի ընկերությունների մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը ուղարկել է հետևյալ պաշտոնական գրությունը.

«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությանը

Հարգելի գործընկերներ

Հաշվի առնելով ecolur.org կայքում 23.01.2014 թ.տեղակայված «Թեղուտցիներ` մեր վարչապետը բյուջեից 15 միլիոն դոլար ծախսեց կովերի կուրծքը լվանալու խորհրդի համար, սրանք համեստ են, դրամով են խոսում» վերնագրով հոդվածում հրապարակված տեղեկություններն ու հոդվածի ընդհանուր ոճաբանությունը, հարկ ենք համարում հայտնել հետևյալը.

2013 թ. ընթացքում «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից «Մանես» բարե­գոր­ծա­կան հիմնադրամի միջոցով կամ ուղղակիորեն իրականացված ծախսերն ունեն հետևյալ կառուցվածքը (որոշ համեմատաբար փոքրածավալ ծախսեր ներառված չեն).

1.Տեղական հեռուստաընկերությունների եթերը Թեղուտ և Շնող համայնքներում ապահովելու համար հեռուստատեսային կապուղու ստեղծում՝ հեռուստատեսային աշտարակների կառուցում, ընդունիչ և հաղորդիչ սարքերի ձեռք բերում, ներմուծում, մաքսազերծում, մոնտաժում, սպասարկման ենթակառուցվածքների ապահովում – 47 մլն ՀՀ դրամ (աշխատանքները և համապատասխան ծախսերը կատարվել են 2012թ. – 2013 թթ. ընթացքում, և կատարված ներդրումների վերջնական չափը հստակեցվել է 2013 թ. մայիսին)

2.Աջակցություն տեղական հեռուստաընկերություններին Թեղուտ և Շնող համայնքներում եթերի հեռարձակման համար – 5.4 մլն ՀՀ դրամ

3.Շնող և Թեղուտ համայնքների կարիքների համար աղբամանների ապահովում – 2.8 մլն ՀՀ դրամ

4.Շնող և Թեղուտ համայնքների դպրոցների համար  լաբորատոր փորձասարքերի ձեռքբերում  1.9 մլն ՀՀ դրամ

5.Թեղուտ համայնքում փոքր բիզնեսի զարգացման ծրագրերին օժանդակության նպատակով փոխառության տրամադրում – 1.8 մլն ՀՀ դրամ

6.Թեղուտ համայնքի դպրոցի ռազմագիտության կաբինետ նորոգում – 1.5 մլն ՀՀ դրամ

7.Շնողի և Թեղուտի մշակույթի կենտրոնների համար վարագույրների և էկրանների ձեռք բերում և մոնտաժում – 1 մլն ՀՀ դրամ

8.Շնողի մշակույթի կենտրոնի համար ձայնային սարքավորումների ձեռքբերում և մոնտաժում – 0.9 մլն ՀՀ դրամ

9.Շնող և Թեղուտ համայնքների 180 տնային տնտեսության համար ալեհավաքների և դրանց հետ կապված այլ սարքավորումների ձեռք բերում և մոնտաժում – 0.9 մլն ՀՀ դրամ

10.  Օժանդակություն Շնողի գյուղապետարանին՝ շախմատի խմբակի աշխատանքն ապահովելու համար – 0.8 մլն ՀՀ դրամ

11.  Թեղուտ և Շնող համայնքների դպրոցների վաստակաշատ ուսուցիչներին պարգևատրում գիտելիքի օրվա առթիվ – 0.6 մլն ՀՀ դրամ

12.  Շնող համայնքի տարածքում, Թեղուտ և Շնող համայնքների ճանապարհի մերձակա հատվածում 4 տեղանոց մեխանիկական կարուսելի և 3 հատ ճոճանակների ձեռք բերում և տեղադրում – 0.5 մլն ՀՀ դրամ

13.  Շնող և Թեղուտ համայնքներում գործող «Երազ, երազ աշխարհ» պարի ուսումնական կենտրոնի համար պարի հագուստների ձեռք բերում – 0.3 մլն ՀՀ դրամ

14.  Թումանյանի տարածաշրջանի դպրոցականների Շնողում կազմակերպված շախմատի առաջնության կազմակերպում – 0.3 մլն ՀՀ դրամ

15.  «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրման ծախսեր, Շնող և Թեղուտ համայնքներում – 0.2 մլն ՀՀ դրամ:

Ընդամենը՝ 65.9 մլն ՀՀ դրամ

Եթե ս.թ. հունվարի 17-ին ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մշակույթի կենտրոնում կազմակերպված Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման շահագրգիռ հանրության ներկայացուցիչների հանդիպման շրջանակներում «Թեղուտ» ՓԲ ընկերության համապատասխան ներկայացուցչի զեկույցը բավականաչափ մանրամասն չի եղել իրականացված ծախսերի ուղղու­թյուն­ների վերաբերյալ Ձեզ մոտ առավել կոնկրետ պատկերացումներ ձևավորելու համար, ապա այդ առթիվ հայտնում ենք մեր ափսոսանքը և պատրաստակամությունը այսուհետ կազ­մակերպվելիք հանդիպումների շրջանակներում առավել մանրամասն տեղե­կատ­վու­թյուն տրամադրելու շահագրգիռ հանրությանը: «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության, որպես Ծրագրի իրականացման շահագրգիռ հանրության ներկայացուցչի կողմից Թեղուտ և Շնող համայնքներում «Վալլեքս» խմբի իրականացրած սոցիալական ծրագրերի բարելավման և համայնքների կարիքներին առավել համարժեք դարձնելու ուղղությամբ առաջարկներ լինելու դեպքում ուրախ կլինենք դրանք քննարկել Ձեզ հետ»:

16:35 Հունվար 29, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news