Ի՞նչ է սպասվում Թեղուտի հանքավայրը շրջափակող անտառներին

Ի՞նչ է սպասվում Թեղուտի հանքավայրը շրջափակող անտառներին

ԷկոԼուր

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ընթացքում բնակչության անվտանգության ապահովման նպատակով 775 հա հանքավայրը շրջափակող անտառների նկատմամբ սահմանվելու է հատուկ իրավական ռեժիմ՝ սանիտարական գոտի: Այս մասին նշված է ՀՀ Լոռու մարզի 2014 - 2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում: Աղբյուրի համաձայն՝ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համատեքստում «Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է անտառապատման աշխատանքների իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի (357 հա) կրկնակիին հավասար գումարային մակերեսով տարածքներում (714 հա): «Անցած ժամանակահատվածում իրականացվել է անտառահատում շուրջ 128,9 հա գումարային մակե­րեսով տարածքներում: Զուգահեռաբար անտառապատման ծրագրի շրջանակներում ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել  ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Լեռնահովիտ, Օձուն և Արջուտ համայնքների վար­չական սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում գտնվող շուրջ 300 հա գումարային մակերեսով տարածքներում»,- մասնավորապես նշված է Ծրագրում:

Հիշեցնենք, որ երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը իր հեղինակային Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքում (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ, էջ 107) գրում է, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արդյունքում կոչնչացվի մոտ 2070 հեկտար անտառ:

 «…ընկերությանն է հատկացվել 1970 հեկտար հողատարածք, որից 1589,6 հեկտարը անտառային ֆոնդի հողերն են…ընկերությանը հատկացված հողատարածքն ամբողջությամբ դրվելու է Թեղուտի հանքավայրի շահագործման եւ շահագործման հետ կապված օժանդակ կառույցների տակ (հակառակ դեպքում ինչո՞ւ է հատկացվել), անտառահատման ու ոչնչացման է ենթարկվելու ոչ միայն 1589,6 հեկտար «անտառային ֆոնդը», այլ դրանից շատ ավելին,- գրում է Հրաչյա Ավագյանը եւ բացատրում,- եթե զառիթափ լեռնալանջերում անտառապատ բաց հանքի տարածքը զբաղեցնում է 240 հեկտար, ապա ոչնչացման ենթակա անտառները ոչ թե կարող են զբաղեցնել հենց այդքան, (240հա տարածք), այլ դրանից մոտ 3 անգամ ավելի: Բանն այն է, որ բաց հանքից լեռնալանջերով վերեւ ընկած անտառները եւս ենթակա են ոչնչացման. այդ տարածքի ծառերը սնուցող ջրերը, կորցնելով ներքեւի ապարների դիմադրությունը, ազատ եւ սրընթաց հոսելու են դեպի բաց հանքի դատարկ տարածքը, որի հետեւանքով էլ բաց հանքից վերեւ ընկած տարածքի (մակերեսով մոտ 2 անգամ ավելի, քան բաց հանքի տարածքն է) ամբողջ ծառերը չորանալու եւ ոչնչանալու են: Հետեւապես ոչնչացման ենթակա անտառների մակերեսը կազմելու է ոչ թե 1589,6 հա, այլ մոտ 2070 հա»,- մասնավորապես գրված է գրքում: 

Եթե Հրաչյա Ավագյանի կանխատեսումը իրականանա, ապա հարց կառաջանա, թե որ անտառների նկատմամբ է սահմանվելու հատուկ իրավական ռեժիմ՝ սանիտարական գոտի:

18:05 Փետրվար 13, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news