ՀՀ վարչապետ՝ «Վալլեքս» խումբը ֆինանսական խնդիրներ ունի

ՀՀ վարչապետ՝ «Վալլեքս» խումբը ֆինանսական խնդիրներ ունի

ԷկոԼուր

«Վալլեքս» խմբի ընկերությունները պղնձի խտանյութի միջազգային գների անկման պատճառով  ունեն ֆինանսական խնդիրներ, ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 4-ին Թեղուտի պղնձմոլիբդենային հանքավայր կատարած այցի ժամանակ եւ նշել, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել այս ընկերությանը, եւ որ այս կապակցությամբ կա ՀՀ նախագահի հանձնարարականը: «Կարևորելով հանքարդյունաբերության զարգացումը՝ մենք մեր աջակցությունն ենք հայտնել նաև մյուս ընկերություններին, որոնք ունեն ֆինանսական խնդիրներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ վարչապետին տեղեկացվել է, որ Թեղուտի պղնձմոլիբդենային հանքավայրի շահագործման առաջին փուլի մեկնարկն ապահովելու համար իրականացվել է ավելի քան 350 մլն դոլարի ներդրում: 2014 թ. դեկտեմբերից 2016-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում ընկերությունն արդյունահանել և վերամշակել է շուրջ 8,8 մլն տոննա հանքաքար, արտադրել է 141 հազար տոննա պղնձի խտանյութ՝ պղնձի 27,89 տոկոս պարունակությամբ: Ներկայում ընկերությունն ունի շուրջ 1200 աշխատող՝ հիմնականում հարակից Թեղուտ, Շնող և Լոռու մարզի այլ համայնքներից: 2016-ի մարտ ամսվա դրությամբ ընկերության աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 352 հազար դրամ: 2015-ի ընթացքում ընկերության վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 2,5 մլրդ դրամ, իսկ 2016-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում այն արդեն իսկ հասել է 4,55 մլրդ դրամի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

14:04 Մայիս 06, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news