«Թեղուտ» ՓԲԸ-ի՝ շահառուների հետ հանդիպման արձանագրություն (Լուսանկարներ)

«Թեղուտ» ՓԲԸ-ի՝ շահառուների հետ հանդիպման արձանագրություն (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ «Թեղուտ» ՓԲԸ-ի  կողմից Շնող և Թեղուտ համայնքների բնակիչների հետ հանդիպում: Հանդիպմանը մասնակեցեցին  «Թեղուտ»  ՓԲԸ-ի աշխատակազմի ղեկավար Դավիթ Թադևոսյանը, Բնապահպանության բաժնի պետ Սուրեն Երիցյանը, Սուցիալական օժանդակության ծառայության պետ Արտաշես Բոշյանը, մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության պետ Ֆելիքս Լազարյանը, մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը, ՀԿ-ների և լրատվամիջոցների  ներկայացուցիչներ,  Շնող և Թեղուտ համայնքների բնակիչներ:

 «Թեղուտ» ՓԲԸ-ի բնապահպանական բաժնի պետ Սուրեն Երիցյանը ներկայացրեց 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները.

-…Սկսվել են կենսաբազմազանության ուղղությամբ 2015 թվականի մոնիտորինգային աշխատանքները ԳԱԱ ինստիտուտի և մեր մասնագետների համատեղ ուժերով: Շարունակվում են  օդի, ջրի, ինչպես նաև թթվային արտահոսքերի ներուժի գնահատման ուղղությամբ աշխատանքները: Դեռևս շարունակվում են 2 տարի առաջ մեկնարկած բնապահպանական և տեխնիկական անվտանգության կառավարման համակարգերի ներդրման աշխատանքները: Ինչպես նաև բացահանքում մակաբացման աշխատանքների ժամանակ հանվել և պահեստավորվել է շուրջ 190 հազար տոննա սևահող, հետագայում լցակույտերի և պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքները կազմակերպելու համար: Այս տարվա բնապահպանական ոլորտում հիմնական ուղղությունները սրանք էին:

Բաբկեն Հարությունյան, «Civilvoice» ՀԿ.

- Ի՞նչ խնդիրներ եք բացահայտել և ի՞նչ աշխատանքներ եք իրականացնելու մոնիtորինգի արդյունքում բացահայտված խնդիրները լուծելու համար:

Սուրեն Երիցյան.

 - Հիմնական խնդիրները վերաբերվում են ջրային ավազանում կախույթային մասնիկների ավելացմանը, որը որոշակիորեն պայմանավորված է եղել խճի ջարդման, լվացման  մասի աշխատանքներով: Այդ առումով բավական քննարկումներ են եղել համայնքների և խորհրդատվական կազմակերպություննների հետ: Կառուցվել են պարզարաններ, բարելավվել  է նախօրոք կառուցված պարզարանների աշխատանքը, այս պահին այդ խնդիրն, ըստ էության, հասցված է նվազագույնի:

Լարիսա Փարեմուզյան, լրագրող.

- Գյուղացիներից մեզ հայտնեցին, որ հատկապես գիշերով Շնող գետը աղտոտվում է պոչամբարի հոսքերով, ի՞նչ կասեք:

Սուրեն Երիցյան.

- Դրանք պոչամբարի հոսքեր չեն, դրանք պարզեցման լճից կատարվող արտահոսքեր են, որոնք տեղի են ունեցել շրջանառու պոմպակայանի պոմպերից մեկի խափանման պատճառով: Արդեն իսկ խափանված պոմպը վերանորոգված է, և առաջիկա օրերին խնդիրն ընդհանրապես կվերանա:

Լարիսա Փարեմուզյան.

- Բայց գետի եզրերի քարերը խոսում են այն մասին, որ այնտեղ իսկապես պոչանքաջրեր հոսել են:

Սուրեն Երիցյան.

- Դրանք պոչամբարի պարզեցման ավազանից կատարվող արտահոսքերն են: Շրջանառու ջուրը, որը պետք է գնար արտադրական պրոցես, պոմպի խափանման պատճառով տեղի է ունեցել որոշակի արտահոսքեր:

Լարիսա Փարեմուզյան.

- Դրանք ազդու՞մ են շնողցիների  այգիների վրա, բերքի վրա:

Սուրեն Երիցյան.

- Դժվար է գնահատել ազդեցությունը: Իհարկե, տվյալներ չունենք, որովհետև դա երկարաժամկետ ազդեցություն է: Ինչ խոսք, այդ ջուրը մաքուր չէ, չի կարելի ասել, որ մաքուր ջուր է, բայց թե ինչ ազդեցություն կունենա, դա դժվար է գնահատել:

«Թեղուտ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ  Վահրամ Ավագյան.

- Եթե հասցված վնասի որևէ ապացույց լինի, եթե որևէ վնաս ապացուցվի, որ ընկերության գործունեությամբ է պայմանավորված, ընկերությունը, բնականաբար, պատրաստակամորեն կքննարկի փոխհատուցման հնարավորությունները:

Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ.

- Ինչպես հայտնի է, ընկերություններում տեսչական ստուգումներն արգելված են վարչապետի հրամանով: Եթե մոնիտորինգ չեք անցկացնում, ապա ինչպե՞ս պետք է հաշվարկի այդ վնասը, ինչպե՞ս ստանանք այդ արդյունքները, ո՞ւմ դա պետք է ներկայացվի, և ո՞վ պետք է ակտը կազմի, վնասը գնահատի և փոխհատուցում տրամադրի:

Սուրեն Երիցյան.

- Մոնիտորինգ իրականացվում է:  Արդյունքներն, իհարկե,  կան: Դրանց հիման վրա ազդեցությունը գյուղացիների դաշտերի (խոսքն անավարտ մնաց):

Վահրամ Ավագյան.

- Մոնիտորինգ իրականացվում է: Պարոն Երիցյանի պատասխանը վերաբերվում էր այն հարցին, թե արդյոք վնասը գնահատված է, թե՝ ոչ: Այդ հարցի պատասխանը բացասական է. այս պահին որևէ վնասի գնահատման հարցի պատասխանել չենք կարող: Ընկերությունն այդ խնդրի հետ կապված իր բոլոր պարտավորությունները կատարում է և այսուհետ ևս կկատարի ՀՀ օրենսդրության հետ կապված:

Գագիկ Թամազյան, Շնողի բնակիչ.

- Երեք տարի առաջ ջրի հարց եմ բարձրացրել, ու Ռուբիկը Պապոյան ասաց, որ պարզարաններ են սարքում ու փորձարկում են: Դեռ փորձարկո՞ւմ եք, թ՞ե վերջացրել եք:

Սուրեն Երիցյան.

- Պարզարանները նորմալ աշխատում են:

Գագիկ Թամազյան.

– Իջնե՞նք հիմա գետը նայենք:

Սուրեն Երիցյան.

– Իջնենք... Պարոն Ռուբիկի ասած պարզարանները վերաբերվում են խճի լվացման տեղամասին, ձեր ասածը, հավանաբար, վերաբերվում է տիկին Փարեմուզյանի հարցին:

Գագիկ Թամազյան.

- Իմ ասածը վերաբերվում է ընդհանուր գետին: Ի՞նչ կապ ունի՝ խճից է աղտոտվել, թե պոչամբարից: Ցեմենտի գույնի պոչի արտահոսք ամեն օր, կամ գոնե երկու օրը մեկ լցվում է մեջը:

Վահրամ Ավագյան.

- Ընկերությունն այդ մասին պարզաբանում տվել է, նաև համապատասխան պետական մարմնի հարցմանն է պատասխանել: Հետագայում համապատասխան պետական մարմինն ընկերության պատասխանի հիման վրա արձագանքել է ՀԿ-ների հարցմանը և հրապարակել տեղեկատվություն, որում՝ այո, ընդունվում է, որ եղանակային պայմաններով պայմանավորված, կոնկրետ ժամանակահատվածներում ընկերության պոմպակայանի հզորությունը չի բավարարել, որ ընկերության պոչանքային տնտեսության երկրորդային պարզեցման ավազանում կուտակվող ջրի ամբողջ ծավալը հետ մղվի արտադրություն, և դրա որոշակի մասի վթարը կանխող արտանետումներ տեղի են ունեցել: Ընկերությունը դա ընդունել է, և ընկերության համապատասխան պատասխանը՝ պետական լիազոր մարմնին, հրապարակվել է որպես ՀԿ-ների հարցման արձագանք: Մենք այսօր էլ չենք կարող նախկինում տված պարզաբանումից  հրաժարվել: Այդ հանգամանքը ընդունում ենք, համարում, որ վթարը կանխելու նպատակով իրականացված այդ արտանետումը չի կարող համարվել տեխնոլոգիական բնականոն ցիկլի բնութագիր և հույս հայտնում, որ այսուհետ նման վթարային, իսկ, ավելի ճշգրիտ, վթարը կանխելու նպատակով արվող արտանետումներ Շնող գետ չեն լինի:

Գագիկ Թամազյան.

- Ես պարբերաբար անալիզ եմ վերցնում, սրանից հետո էլ կվերցնեմ, ում պետք է կներկայացնեմ, որ ապացուցեմ, որ այդ արտանետումները եղել են, կան ու կլինեն: Իսկ պարզարանները գործու՞մ են:

Վահրամ Ավագյան.

- Խճի լվացման պարզարանները գործում են:

Գագիկ Թամազյան.

- Ուրեմն էլ պոչ հաստատ բաց չե՞ք թողնելու: Մի տարվա կտրվածքով պոչի արտահոսք ամեն օր, կամ գոնե 2-3 օրը մեկ եղել է:

Վահրամ Ավագյան.

- Ես ուրախ կլինեի ասել, որ դա կբացառվի, բայց հաշվի առնելով տխուր նախադեպը, չեմ կարող:

Գագիկ Թամազյան.

- Այս ամբողջ մի տարվա ընթացքում վթարը նո՞ր եք վերականգնում: Ես ամբողջ մի տարի հետևել եմ այդ ջրին:

Վահրամ Ավագյան.

- Դրանք պոչ չեն, դրանք երկրորդային պարզեցման ավազանից արտանետումներ են, որոնց մեջ կարող  է կրել որոշակի քանակություն: Դա նորմա չի: Ընկերությունը որդեգրել է բնապահպանական քաղաքականություն: Դրա շրջանակներում ներդրել է արտադրական ջրերի շրջանառու փակ համակարգ: Որդեգրած քաղաքականությունն ու ներդրած տեխնոլոգիան չի ենթադրում որևէ միլիգրամ արտադրական ջրի արտահոսք: Պետք չէ եզրահանգում անել, որ արտադրական ջրերի շրջանառու համակարգ չի գործում:

Գագիկ Թամազյան.

- Ամեն օր պարտադիր արտանետումներ լինում են: Պարբերաբարը լինում է ժամը 1-ից հետո... Դե դուք, իհարկե, տեղյակ չեք:

Բաբկեն Հարությունյան, «Civilvoice» ՀԿ.

- 2014-2016 թվականների մոնիտորինգի ընթացքում Շնող գետի աղտոտվածությունը նվազե՞լ, թե՞ ավելացել է : Ի՞նչ պարբերությամբ եք կատարում մոնիտորինգը:

Սուրեն Երիցյան.

- Ամենամսյա մոնիտորինգ ենք անցկացնում: Շատանալը պայմանավորված է եղել վերջին ամիսների ընթացքում նշված արտահոսքերով: Մինչ այդ, տենդենցը մնացել է նույնը: Թվերը մոտիկ են եղել մինչ շահագործելը կատարված ելակետային մոնիտորինգային արդյունքներին:

Լարիսա Փարեմուզյան.

-  Ձեզ չէր հաջողվել անառապատել հսկայական տարածք: Եթե չեմ սխալվում, 70 հեկտար:

Սուրեն Երիցյան.

- Անտառվերականգման աշխատանքներն ընթանում են նախատեսված պլանով: Մինչ օրս անտառպատվել է 570 հեկտարին մոտ անտառ, տարբեր համայնքներում: Թե «Հայանտառի», թե այլ հողերում:

Հովհաննես Սահակյան՝ Շնողի համայնքապետ.

-  Իրենք ներկայումս Բազիքին կոչվող տարածքում են աշխատանքներ կատարում: Մինչ այդ 67 հեկտար տնկել են, առյուծի բաժինը Թեղուտում: Բայց աշխատանքները կատարվել են լուրջ թերություններով, ոչ արդյունավետ:

Սուրեն Երիցյան.

- 17 հեկտար տարածքում տնկիները չորացել են: Անտառպատողի հետ մենք ունեցել ենք դատական վարույթ, և դրանից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել այլ անտառպատողի հետ՝ վերականգնելու այդ 17 հեկտարը, որից 5 հեկտար նախորդ տարի վերականգնվել է, իսկ 12-ը հետագայում կվերականգնվի: Այդ գործընթացը համաձայնեցված է և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ, և կա գյուղատնտեսության ու բնապահպանության նախարարների համատեղ հրաման, որտեղ նշված  են թե պայմանները, թե ժամանակացույցը:

Վարդան Վարդանյան՝ Շնողի բնակիչ.

- Պարոն Ավագյան, Ձեզ որ լսում եմ, մինչև հանքի բացումը մեր բնության մասին այսքան գեղեցիկ խոսող չի եղել, քան հիմա Դուք՝ մեր ավերած բնության մասին: Շատ գեղեցիկ եք խոսում, ու ավելի սիրուն է ստացվում, քան մինչ դա էր: Գետի աղտոտումը կատարվում է պարբերաբար: Դուք ասեք բացառելու մեխանիզմը, ի՞նչ եք արել, որ դա բացառեք: Դուք որևէ անցում չունեք ջրի համար: Շնողի ջուրն այսօր  օգտագործելու չէ: Եթե ուզում եք բացառել, միջոցներ ձեռնարկեք:

Վահրամ Ավագյան.

- Շրջանառու համակարգի պոմպակայանի հզորությունները համալրվել են նոր ագրեգատով, և դա մեզ հույս է տալիս, որ առաջիկայում նման վթարականխիչ արտանետումներ իրականացնելու անհրաժեշտություն ընկերությունը այլևս չի ունենա:

Վարդան Վարդանյան.

- Ենթադրենք, դա վերաբերվում է պոչամբարին, բայց «Թեղուտ» ՓԲԸ-ն ամբողջ տարածքում է գործում. հողը բացում են, դա լցվում է գետը, որոնց առաջ դուք պարզեցման համակարգեր չունեք: Խոսքը Դուքանաձորի մասին է, որից սելավները դա բերում են ու լցնում գետը:

Սուրեն Երիցյան.

- Խոսքը գնում է գետում կախույթային մասնիկների ավելացմանը, առանց ծանր մետաղներ  ավելացման, որովհետև մոնիթորինգի արդյունքները որևէ ծանր մետաղների ավելացում չեն արձանագրել: Երևի արդեն սեպտեմբերին կսկսվեն այն լցակույտերի հատվածների ռեկուլտիվացման աշխատանքները: Դրա արդյունքում սելավաջրերի հետևանքով կախույթային մասնիկների լվացումները էականորեն կնվազի: Իսկ մյուս հատվածների համար քննարկվում են միջոցառումներ: Դեռևս միջոցառումների վերջնական ծրագիր չկա:

 Ինգա Զարաֆյան.

- Մոնիտորինգի արդյունքները միշտ պետք է հրապարակված լինեն: Եթե մենք այն չենք տեսնում ձեր կայքում, ապա ո՞րտեղ կարող ենք տեսնել: Թեղուտի հանքավայրը մետաղական է, և պարզ չէ, թե դուրս հանվող մետաղը, որ չի կորզվում հանքավայրում,  որտեղ է գնում: Եթե, իրոք, իրականացնում եք ջրի և օդի մոնիտորինգ, ապա լավ կլինի, որ հասկանանք, թե ինչ ծավալով է դա կատարվում: Ես ուզում եմ հիշեցնել, որ իսկզբանե, երբ քննարկվում էին բնապահպանական հարցերը և ՇՄԱԳ-ը, բոլորն ասում էին, որ, այո, կան ռիսկեր, բայց մենք այստեղ աշխատատեղեր ենք ստեղծում: Ես ուզում եմ, որ սոցիալական և բնապահպանական խնդիրները չտարանջատեք:

Շնողի բնակիչ.

- 12-ից հետո ամեն երեկո չենք կարողանում անցնել մեր թաղամաս ոչ ոտքով, ոչ էլ մեքենայով:

Հովհաննես Սահակյան՝  Շնողի համայնքապետ.

- Արդեն երկու տարի է՝ այդ խնդիրը բարձրացված է: Մի ամբողջ թաղամաս մանկահասակ երեխաներ ու կանայք չեն կարողանում մտնել թաղամաս: Կամուրջ էին կառուցել, հետո ծառն ընկավ այդ կամուրջի վրա ու քանդեց: Խայտառակ վիճակ է այնտեղ: Խոստումներից այն կողմ, գործը տեղից չի շարժվում:

 Վահրամ Ավագյան.

- Ցավով պիտի ընդունենք, որ ընկերությունն իր գործունեության այնպիսի փուլում է հիմա, որ չի կարող սրտից բխած ամեն ինչ անել համայնքների համար, և այն ամենը, ինչ ընկերության համար սահմանված չէ որպես պարտավորություն, ընկերությունը իր ֆինանսական պարտավորությունների վերաձևակերպման փուլում չի կարող իրականացնել: Այդ խնդիրը մեր օրակարգում է և մենք նման կարգի հարցերի լուծմանը առաջնահերթ պետք է անդրադառնանք: Այս պահին  ընկերությունը հնարավորություն չունի որևէ ֆինանսական գործողություն կատարելու:

Հովհաննես Սահակյան.

- Դա ոչ լուրջ ծախսեր ու ներդրումներ է ենթադրում:

Բնակիչ.

- Եթե դա չեղավ, մենք ամբողջ ճանապարհը կփակենք:

Հանդիպման ժամանակ բնակիչները նաև արտահայտեցին իրենց բողոքը՝ աշխատատեղերի կրճատման հետ  կապված: Այս առիթով փորձեց պարզաբանումներ տալ «Թեղուտ» ՓԲԸ-ի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության պետ Ֆելիքս Լազարյանը.

-  Այս տարի կրճատվել է մոտ 25 հոգի: …Մարդիկ որ ռեզերվում են, դա չի նշանակում, որ իրենց այսօր ազատելու են:

 Վահրամ Ավագյան.

- Ընկերությունն ընդօրինակել է մեխանիզմներ, որ կիրառում են  աշխարհի առաջատար կազմակերպությունները: Դա կիրառվում է, որպեսզի աշխատանքից կրճատվողների սոցիալական բացասական ազդեցությունները մեղմեն: Դրանից մեկը ռեզերվային տեղամաս կոչված մեխանիզմն է, որը համարվում է ընկերության կողմից ամենալուրջ  ընդառաջումներից մեկը սոցիալական ազդեցությունները կանխելու տեսանկյունից: Այսինքն, ընկերությունը պատրաստ է ունենալ տեղամաս, որում ներգրաված մարդիկ որևէ աշխատանք չեն անում, բայց վարձատրվում է գոնե նվազագույն աշխատավարձի չափով: …Կա այդպիսի 73 մարդ:

Ֆելիքս Լազարյան.

- … Մի մասը ռեզերվում է  մինչև օգօստոսի 8-ը, մի մասը՝ մինչ 15-ը , մնացածն էլ մինչ օգոստոսի վերջ: Մարդիկ մինչև օգօստոսի 8-ը կլինեն իրենց աշխատանքի մեջ: Դրանից հետո կլինի ընտրություն, այսինքն, նրանց մեծ մասը կարող է լինել իր աշխատանքի մեջ:

Բնակիչները նաև բողոքեցին, որ գործարանում աշխատում են այլազգիներ, իսկ իրենք կամ իրենց ամուսիններն ու որդիները կրճատվում են:

Վահրամ Ավագյան.

-  Թեղուտցին ու շնողեցին միշտ էլ առավելություն ունի:

Ֆելիքս Լազարյան.

- Մենք արել ենք վիճակագրական անալիզ՝ աշխատում է 18 այլազգի ու դա կազմում է 1300-ի աշխատողի այնքան տոկոս, ինչքան Լոռու մարզում կազմում են այլազգիները: Դա պատահական համընկել է:

 
 
 
 
 
 
 
 
 


14:15 Հուլիս 29, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news