Թեղուտի հանքավայրն ու լեռնահարստացուցիչ ֆաբրիկան հուլիսի 1-ից կվերագործարկվեն

Թեղուտի հանքավայրն ու լեռնահարստացուցիչ ֆաբրիկան հուլիսի 1-ից կվերագործարկվեն

www.azatutyun.am, Կարինե Սիմոնյան

Հուլիսի 1-ից Թեղուտի հանքավայրն ու լեռնահարստացուցիչ ֆաբրիկան կսկսեն աշխատել։

ՎՏԲ բանկին պատկանող «Թեղուտ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանն ասում է, թե մոտ 400 միլիոն դոլարի վարկային պարտավորություններ ժառանգած ընկերությունն ի վիճակի է մարել պարտքերն ու օգուտով աշխատել։

Նրա խոսքով՝ հուլիսին նախատեսվում է արտադրել կես միլիոն տոննա պղնձի խտանյութ, որն ամբողջությամբ կարտահանվի։

«Այո՛, մենք ունենք նախնական հաշվարկ, կազմել ենք ընկերության բյուջեն մինչև տարվա վերջ, եթե գները պահպանվեն 6 հազար դոլարի սահմաններում, համախառն շահույթի մակարդակը կկազմի 30-ից 40 տոկոս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը։

Շնողին և հարակից համայնքներին առաջիկա տասնամյակների համար հազարավոր աշխատատեղեր խոստացած ընկերությունը մեկուկես տարի առաջ փակեց բանկում խոշոր պարտքի դիմաց գրավադրված հանքն ու լեռնահարստացուցիչ ֆաբրիկան։ Ամիսներ անց հայտնի դարձավ, որ ՎՏԲ-ն առգրավել է «Թեղուտ» ընկերության ամբողջ ունեցվածքը։ 1200 աշխատակիցների հիմնական մասը գործազուրկ դարձան։

Այսօր արդեն բանկին անցած ընկերությունն աշխատանքի է ընդունել ավելի քան 700 մարդ։ Բայց դա չի գոհացնում տեղի բնակիչներին։ Նրանք ասում են, որ հանքի անմիջական ազդեցությանը ենթարկվող համայնքների բնակիչներին պետք է աշխատանքի ընդունեն առաջնահերթության կարգով։ Օրերս բնակիչներն անգամ հանքավայր տանող ճանապարհն էին փակել՝ ի նշան բողոքի։

«Առաջնահերթ պետք է աշխատի մեր համայնքի ժողովուրդը հետո նոր մյուսները, մենք ուրիշ պահանջ չունենք», - ասում էին ցուցարարները։

Թեղուտի բնակիչ Անահիտ Ամիջանյանը 10 տարի առաջ կորցրել է հանուն հանքարդյունաբերության հանրային գերակա շահ ճանաչված իր 4500 քառակուսի մետր վարելահողն ու պտղատու այգին, որի դիմաց, ասում է, չնչին փոխհատուցում է ստացել։ Նրա փոխանցմամբ, հանքի փակվելուց առաջ իր ընտանիքից աշխատողներ կային, այսօր՝ բոլորը գործազուրկ են. - «Մենք կորցրել ենք այն ամենն, ինչը մեր ապրուստի միջոցն է, ամեն ինչ կորցրել ենք և մենք հարակից համայնք ենք, եթե նրանք մեզ դարձրել են ընչազուրկ, պետք է առաջինը մեզ ընդունեն աշխատանքի»։

Մինչդեռ «Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն շեշտում է՝ նախկինում 1200 աշխատողից 300-ն էր Շնող համայնքից, այսօր 700-ի գրեթե կեսն են հարակից բնակավայրերից։ Եվս 200 մարդ ընդունել են Ալավերդի քաղաքից, որտեղ նույնպես պղնձաձուլարանի փակվելուց հետո 500 մարդ անգործ է մնացել։

«Ինձ համար տարբերություն չկա՝ ալավերդցի, շնողցի, թեղուտցի։ Բայց ես խնդիր եմ դրել մեր ղեկավարության առաջ՝ տեղացի կադրեր վերցնել, աշխատել դրսից չներգրավել, բայց չեմ կարող, քանի որ ես չեմ կարող Թեղուտ գյուղում ինժեներ-տեխնոլոգ, ծրագրավորող կամ թարգմանիչ գտնել։ 702-ից 524-ը Ալավերդի, Շնող, Թեղուտ և հարակից մյուս համայնքներից են։ Իսկ մնացած 200-ը ինձ նմաններն են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նալիվայկոն։

Ռուսաստանում 35 տարի հանքարդյունաբերության ոլորտում բարձր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Նալիվայկոն պնդում է, որ փակվելուց առաջ հանքավայրում և ֆաբրիկայում աշխատել է մոտ 300 ավելորդ մարդ։ Նա համոզված է, որ նրանք արտադրության համար իրականում անկարևոր են եղել, բայց նրանց վրա լուրջ գումարներ են ծախսվել։

Նալիվայկոն օրինակ է բերում. լեռնահարստացման ֆաբրիկայում կիրառել են արտադրական պրոցեսը վերահսկող 12 սարքավորումներ։ Ըստ նրա, դրանք աշխատեցնում էին հատուկ Ավստրալիայից հրավիրված չափազանց բարձր վարձատրվող մասնագետներ։ Իրենք շքեղ աշխատավարձերը խնայել ու փոխարենը տեղացի աշխատողներին են նույն գործի համար վերապատրաստել։

Ընկերության գլխավոր տնօրենն ասում է՝ նախկին 1200 աշխատողի փոխարեն կունենան ընդամենը 900-ը։ «Հակառակ դեպքում ավելորդ աշխատատեղերն ընկերությանը սնանկության կտանեն», - ասում է ընկերության ղեկավարը։

«Այստեղ կային չափազանց շատ տեղակալներ, օգնականներ, խորհրդականներ։ Այսօր ոչ մի տեղակալ չունենք։ Մենք ստեղծել ենք շատ սեղմված, շատ խնայող կառուցվածք. ես եմ և գործադիր տնօրենը։ Իսկ հետո մենք ունենք արտադրամասերի պետեր։ Ոչ մի իրար նույնացնող ղեկավարներ չկան։ Մենք ուղղակի նրանց հանել ենք», - ասաց Նալիվայկոն։

Միայն աշխատավարձն ու դրանից բխող հարկերը կազմում են ընկերության ընդհանուր ծախսերի 40 տոկոսը։

Ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանն ասաց՝ պահպանել են աշխատավարձերի նախկին դրույքաչափերը, համենայնդեպս, վերագործարկման առաջին ամիսների համար։

Նշենք, որ Թեղուտի և Շնողի 106 ընտանիքներ, որոնք 10 տարի առաջ հանքարդյունաբերության պատճառով զրկվել են սեփական հողատարածքներից, մտադիր են վերաբացել իրենց գործերի քննությունը հայաստանյան դատարաններում։

Կարեն Ղազարյանն ասաց՝ հայցերը բավարավելու դեպքում որպես իրավահաջորդ պարտավոր կլինեն փոխհատուցել բնակիչներին. - «Մենք ուղղակի կսպասենք դատական համակարգի ու դատարանների վճիռներին ու որոշումներին»։



16:21 Հուլիս 01, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news