ԷկոԼուր
Վերջերս Լոռու մարզի Թեղուտ համայնքում տեղի ունեցավ «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչների հանդիպումը շահագրգիռ կողմերի հետ՝ կապված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ: Հանդիպման ժամանակ «Վալլեքս» խմբի ընկերությունների մամլո խոսնակ Վահրամ Ավագյանը հայտարարեց, որ, ըստ 2013 թ-ի արված սոցիալական ծրագրերի, Թեղուտ և Շնող համայնքներում ընկերությունը կատարել է 60 միլիոն դրամի ներդրում: Հարցին, թե ինչի վրա են ծախսվել գումարները, Թեղուտի գյուղապետ Ֆրունզե Նորիկյանն ասաց. «Ես կարող եմ պատասխանել, մեզ մոտ աղբամաններ են տեղադրել…»: Սակայն ընկերության ներկայացուցիչները թվարկեցին` խաղահրապարակի կառուցում, դպրոցի ռազմագիտության դասարանի վերանորոգում, դպրոցի լաբորատորիայի վերանորոգում և այլն (երկու գյուղերում):
60 միլիոն թիվը զարմացրեց Թեղուտի և Շնողի բնակիչներին: ԷկոԼուրի հարցին, թե զգացել են արդյոք իրենք 60 միլիոն դրամի հասնող փոփոխություններ իրենց համայնքներում, բնակիչները պատասխանեցին. «Ի՞նչ միլիոններ, էդ մի խաղահրպարակը կամ դասարա՞նն են միլլիոներ, գնացեք, տեսեք` էդտեղ միլիոն կա՞: Մենք միլիոնների ներդրումներ չենք տեսել... թոզը շատացելա, ջուրը կտրվելա, ճամփեքը քանդվել են: Եթե դա 60 միլիոն են գնահատում, ուրիշ բան չունենք ասելու... բայց ինչ համեստն են, ինչի 60 և ոչ 360...60 միլիոնը չգիտեմ, բայց մի 600 միլիոնի վնաս են տվել գյուղին, 60 միլիոնի փոշի ենք շնչել»,- ասում էին Թեղուտի բնակիչները:
«Ես համաձայն եմ, որ արվել են որոշակի ներդրումներ, ֆիզիկայի կաբինետ, խաղահրապարակ և այլն, բայց մեզ պետք է ներդրում, որը կլուծի լուրջ սոցիալ-տնտեսական խնդիր: Ընկերությունը պարտավոր է իրականացնել որևէ սոցիալ-տնտեսական ծրագիր, առաջ քաշել խնդիր և լուծել, հիմա մի հատ դարպաս ներկելով խնդիրը չի լուծվի»,- ասաց Թեղուտ համայնքի ավագանու անդամ Ավետ Ավետյանը:
Հարցին, թե ինչու հենց իրենք՝ բնակիչները, չեն գալիս մասնակցելու ընկերության կողմից կազմակերպած հանդիպումներին և բարձրացնում իրենց հուզող խնդիրները, եղավ հետևյալ արձագանքը. «Ու՞մ ասենք, իրե՞նց ասենք, դրանք ստախոս են և հանցագործ, դրանց ինչ ասենք: Էսօր մարդիկ ազատ Թուրքիա են գնում, իսկ մենք պիտի մեր տարածքներում մոմ վառելու համար թույլտվություն ստանանք: Էդ էլ են արգելել: Քննարկումներեն էլ երբ իրենց պետքա լինում, էդ ժամանակ գալիս, կազմակերպում են: Լսումներն էլ էդ 60 միլիոնի նմանա անցկացվել՝ թղթի վրա… Ընկերությունը շահագործում է մարդկանց: Մենք այդքան տարի պայքարում էինք նրա համար, որ 8 ժամ աշխատենք, սակայն ստիպում են երկու անգամ շատ աշխատել: Եւ ոչ ոք դրա համար չի վճարում»:
Բնակիչները համեմատեցին «Վալլեքսի» ներդրումները վարչապետի գործունեության հետ: «Վարչապետը գյուղացիներին խորհուրդ տալու համար բյուջեից 15 միլիոն դոլար էր ծախսել, ասել էր` կովերը կթելիս կուրծքը կլվանաք: Էդ խորհուրդը արժեցավ 15 միլիոն դոլար, սրանք ահագին էլ համեստ են, գոնե դրամ են ասում»,- համեմատում էին բնակիչները:
Հունվար 23, 2014 at 15:06