Էկոլոգիական հասարակությունը չի մասնակցի մարտի 23-ին Վանաձորում տեղի ունենալիք «Vallex» ընկերության ծրագրերի քննարկմանը, բայց կանցկացնի բողոքի ակցիա

Էկոլոգիական հասարակությունը չի մասնակցի մարտի 23-ին Վանաձորում տեղի ունենալիք «Vallex» ընկերության ծրագրերի քննարկմանը, բայց կանցկացնի բողոքի ակցիա

ԷկոԼուր

Էկոլոգիական հասարակությունը չի մասնակցի մարտի 23-ին Վանաձորում տեղի ունենալիք «Vallex» ընկերության ծրագրերի քննարկմանը: Նման որոշում են ընդունել Թեղուտի պաշտպան ակտիվիստները եւ մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք հրավեր են ստացել` մասնակցելու «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և  պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի» հանրային քննարկմանը: Քննարկումը կազմակերպել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը: Ակտիվիստները տարածել են բաց նամակ, որում գրված է.
«Ի պատասխան «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և  պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի» վերաբերյալ կազմակերպվող  հանրային քննարկման հրավերի

ՀՀ վարչապետի N212-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի քարտուղար

Խաչիկ Հակոբյանին

Պատճենը` ՀՀ Վարչապետ

Տիգրան Սարգսյանին

Երևան, 21 մարտի, 2012թ.

Սույն թվականի մարտի 13-ին ՀՀ վարչապետի թիվ 212-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հանրային քննարկում կազմակերպելու նպատակով: Նշված որոշման շրջանակներում ս.թ մարտի 23-ին Վանաձոր քաղաքում կազմակերպվում է «հանրային քննարկում», որին հրավիրված ենք նաեւ ներքոստորագրյալներս:

-         Կառավարության նշյալ որոշման մեջ և մեր խնդրանքով ուղարկված մյուս փաստաթղթերում չի պարզաբանվում, թե ինչ նպատակով է կազմակերպվում սույն հանրային քննարկումը: Մեր այն հարցին, թե ինչ արդյունքներ են ակնկալվում հանդիպումից, ստացել ենք հետևյալ պատասխանը` «կախված է ընթացքից»: Հայտնի չէ, թե այս հանրային քննարկումը և դրա հնարավոր արդյունքները որքանով ազդեցություն ունեն կառավարության որոշումների կայացման վրա, մասնավորապես հաշվի առնելով, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ապօրինի ծրագիրն արդեն ընթացքի մեջ է:

-         Հանրային քննարկման մանրամասն օրակարգ չի ներկայացվել, ի պատասխան հանդիպման ֆորմատի և զեկուցողների մասին մեր հարցադրման` աշխատանքային խմբի ներկայացուցիչ Խաչիկ Հակոբյանը գրել է. «Օրակարգը մշակվում է, բոլոր կողմերը ունենալու են ելույթի հնարավորություն»: Նշենք, որ հրավիրյալների ցանկում 90 հոգի է, չհաշված վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի 12 անդամներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Իսկ հանրային քննարկմանը հատկացված ժամանակն ընդամենը 2 ժամ է. ի դեպ, նույնքան ժամանակ է նախատեսված նաև ճաշի ու սուրճի ընդմիջման համար: Քննարկման ֆորմատը և օրակարգի մանրամասները հայտնի չեն/դեռ որոշված չեն:

Նշենք, որ չենք պատրաստվում մեր մասնակցությամբ լեգիտիմացնել մի գործընթաց, որի շրջանակներում ներկայացված հրավերների բնույթից և ոչ պրոֆեսիոնալ կազմակերպումից իսկ բխում է դրա անարդյունավետությունը և ձևական մոտեցումը:

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օրից` մարտի 27-31-ը Ժնեւում տեղի է ունենալու ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննվելու է Թեղուտի գործով Հայաստանին ներկայացված պահանջների կատարման ընթացքը: Ենթադրում ենք, որ այս պայմաններում ՀՀ Կառավարությունը փորձում է կեղծ տպավորություն ստեղծել, թե իբր ջանք է գործադրում` ապահովելու Օրհուսի կոնվենցիայից բխող միջազգային պարտավորությունները:

Մենք պատրաստ ենք ՀՀ Կառավարության հետ քննարկել և բանակցել, եթե օրակարգում դրվեն Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման օրինականության հետ կապված հիմնահարցերը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանքավայրի շահագործման թույլտվության փաստաթղթերի անվավերության հետեւանքների կիրառումը, ազգային ունեցվածքի պաշտպանությունը և ողջամիտ օգտագորումը` ի շահ հանրության և ապագա սերունդների` հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը:

Էական է հստակ մեխանիզմների առկայությունը, որպեսզի նմանօրինակ հանրային քննարկումները լինեն քննադատական մտածողության ֆորումներ և որպեսզի դրանց արդյունքները հստակ մեխանիզմներով ազդեն ու ներառվեն կառավարության կամ որևէ հանրային կառավարման որոշումների կայացման գործում: Քանի դեռ մեխանիզմները հստակ չեն և բացակայում է կամքը, նման հանրային քննարկումները չեն կարող լինել իրապես ժողովրդավարական ու արդյունավետ:

Ապրես Զոհրաբյան, քաղաքացիական ակտիվիստ 

Արփինե Գալֆայան, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ, քաղաքացիական ակտիվիստ 

Գոռ Հակոբյան, քաղաքագետ, քաղաքացիական ակտիվիստ 

Եղիա Ներսեսյան, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ 

Ինգա Զարաֆյան, Էկոլուր ՀԿ 

Մարիամ Սուխուդյան, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ 

Նիկիտա Զարոբյան, տեխնիկական գիտությունների թեկնածու 

Ռուզաննա Գրիգորյան, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ 

Տիգրան Խզմալյան, ռեժիսոր»: 

Ակտիվիստները մտադիր են մարտի 23-ին Վանաձորում բողոքի ակցիա անցկացնել:

Մարտ 22, 2012 at 16:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր