2014 թ-ին «Վալլեքս Գրուպ»-ը սկսում է Թեղուտի նախագծի նոր փուլը

2014 թ-ին «Վալլեքս Գրուպ»-ը սկսում է Թեղուտի նախագծի նոր փուլը

ԷկոԼուր

2014թ-ի ապրիլ-մայիսին «Վալլեքս» ընկերությունների խմբի մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն մտադիր է ավարտել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման շինարարական և մոնտաժային աշխատանքները և անցնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման փուլին: Այս մասին Թեղուտ համայնքում հանդիպման ժամանակ հայտարարեց «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանը:

Ընկերությունը արդեն տեղադրում է 7.8 մետր երկարությամբ ջրատար խողովակաշարը, որով Դեբեդ գետից պետք է ջուր մատակարավի լեռնահարստացուցիչ կոմբինատին: Ռուբեն Պապոյանի խոսքով՝ ընկերությունը մտադիր է Դեբեդ գետից տարեկան վերցնել 7 միլիոն խմ ջուր: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014թ-ի ապրիլին: Խողովակաշարի տեղադրման համար արդեն հատվել է 0.7-0.8 հեկտար անտառ:

Ռուբեն Պապոյանը հանդիպման մասնակիցներին նաև ներկայացրեց 2005թ-ից մինչև օրս ընկերության կատարած աշխատանքները. «2005 թ-ից ընկերությունը սկսել է հետախուզական աշխատանքները, 2007թ-ից տրվել է շինարարության նախապատրաստական և շինարարական աշխատանքների սկիզբը և մինչ օրս, ներառյալ 2013թ-ը, կատարվել են բետոնային և երկաթ-բետոնային, շուրջ 30 միլիոն տոննա մակաբարձման, 5000 տոննա մետաղների, մետաղական կոնստրուկցիաների մոնտաժային և հողային աշխատանքներ»:

Ներկայումս նախագծի ներդրումները գերազանցում են 280 միլիոն դոլարը, որից 210 միլիոն դոլար տրամադրել է ՎՏԲ բանկը:

Հանդիպման ընթացքում բարձրացվեցին նաեւ հասարակությանը և տեղի բնակչությանը մտահոգող հարցերը, որոնց մասին ԷկոԼուրը կտեղեկացնի իր հաջորդ հրապարակումներում: Շարունակելի...

13:16 Հունվար 22, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news