Շնողի և Թեղուտի բնակիչները փակել են «Թեղուտ» ՓԲԸ-ը տանող ճանապարհը, պահանջում են վերականգնել աշխատատեղերը

Շնողի և Թեղուտի բնակիչները փակել են «Թեղուտ» ՓԲԸ-ը տանող ճանապարհը, պահանջում են վերականգնել աշխատատեղերը

ԷկոԼուր

Հունիսի 11-ի առավոտյան Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները փակել են «Թեղուտ» ՓԲԸ-ը տանող ճանապարհը: Բնակիչների պահանջն է վերականգնել իրենց աշխատատեղերն ընկերությունում, քանի որ Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով նրանք զրկվել են եկամտի իրենց աղբյուրներից:

«Մեր համայնքի բնակիչներին ընչազրկել են, մենք զրկվել ենք մեր հողերից` վարելահողերից, այգիներից, արոտավայրերից, խոտհարքներից, մենք զրկվել ենք անտառներից, որտեղից հավաքում էինք հատապտուղներ, սունկ և կարողանում էինք պահել մեր ընտանիքը: Մեր հողերը խլելու ժամանակ տարբեր միջոցների են դիմել, ստիպել են տալ հողերը` սպառնալով աշխատանքի չընդունել այն ընտանիքի անդամներին, ովքեր իրենց ասածը չեն անում: Օրինակ, իմ ընտանիքը չտվեց հողերը, և նրանք դատարանի միջոցով խլեցին: Մենք ընչազրկվել ենք` հույս դնելով այս հիմնարկի աշխատանքի վրա, վարկեր ենք վերցրել: Ինչո՞ւ պետք է մեզանից վերցված հողի վրա աշխատեն ոչ Շնող համայնքի ներկայացուցիչները: Մեր պահանջը հետևյալն է. պետք է առաջնահերթ աշխատեն Շնողի և Թեղուտի բնակիչները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր բողոք-պահանջը ներկայացրեց Թեղուտի բնակչուհին:
Մեկ այլ բնակչուհի էլ նշեց, որ փոշմանել են ժամանակին իրենց հողերը «Թեղուտ» ՓԲԸ-ին վաճառելու համար. «Շատ ենք փոշմանել, որ մեր հողերը տվել ենք: Մեզ 50 տարվա գարանտ էին տվել, բայց խաբեցին»:

«Այնքան ենք փակելու ճանապարհը, մինչև մեր հարցերին սպառիչ լուծում չտրվի: Անտառը կտրեցին` լռեցինք, գետերը կեղտոտեցին` լռեցինք…մենք կորցնելու ոչինչ չունենք, ինչ կորցնելու էր, կորցրել ենք», - ասում են բնակիչները:

Նրանք նշեցին, որ մեկ շաբաթ առաջ հանդիպում է եղել ընկերության ներկայացուցիչների հետ, խոստացել են լուծել բոլոր հարցերը, բայց ոչինչ չեն արել:

Բողոքի ակցիայի վայրում էր նաև Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը: Նա իր հետ բերել էր այդ հանդիպման ժամանակ կազմված արձանագրությունը: Բնակիչներից մեկն ընթերցեց այն: Արձանագրության համաձայն`ըստ ընկերության ներկայացուցիչների` ներկայում կա 61 աշխատակից, որից 22-ը Թեղուտից են, 15-ը` Շնողից, 14-ը` Ալավերդուց, 10-ն այլ համայնքներից:

Երբ արձանագրությունն ընթերցվեց, Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանն առաջարկեց 4-5 բնակչի հետ միասին գնալ իր աշխատասենյակ, բնակիչների ներկայությամբ հեռախոսով կապնվել ընկերության հետ և ստանալ բարձրացված հարցերի պատասխանները:

«Ճանապարհ փակելով ոչ մի հարց չենք լուծելու, ճանապարհ փակելու իմաստ չկա, որովհետև հիմա բոլորին լսում են: Գնանք իմ աշխատասենյակ, ես զանգում եմ ձեր մոտից, հարցերը տալիս եք, բավարար պատասխաններ չստանալու դեպքում հետ եք գալիս», - առաջարկեց համայքնապետը: 3 կին հետևեցին համայքնապետին, իսկ մնացած ցուցարարները մնացին շարունակելու բողոքի ակցիան:

Հիշեցնենք, որ 2018թ-ի փետրվարին «Վալլեքս» խմբի ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումն անորոշ ժամանակով: ՓԲԸ-ի 1190 աշխատակցից 1032-ը ստացան աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ ծանուցումներ:

 

Հունիս 11, 2018 at 15:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր