Շնողի բնակիչները պահանջում են Թեղուտի ծրագրի պատճառած վնասների փոխհատուցում

Շնողի բնակիչները պահանջում են Թեղուտի ծրագրի պատճառած վնասների փոխհատուցում

ԷկոԼուր

Լոռու մարզի խոշորացված Շնող համայնքի բնակիչները պահանջում են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի պատճառած վնասների փոխհատուցում: Նրանք իրենց պահանջը բարձրաձայնեցին Երևանում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության կազմակերպած «Թեղուտի պատուհասը. ո՞րն է լուծումը» խորագրով քննարկման ժամանակ: Հիշեցնենք, որ 2018թ-ի ձմռանը «Թեղուտ ՓԲԸ-ն դադարեցրեց հանքի շահագործումը և 1190 աշխատակցից 1032-ի հետ լուծարեց աշխատանքային պայմանագրերը: Ընկերությունն արդեն խոստովանել է, որ հանքավայրի շահագործման դադարեցումը կապված է պոչամբարի տեխնիկական անվտանգության հարցերի, ֆինանսական դժվարությունների հետ:

«Թեղուտը մեր հանրապետության ամենագողտրիկ, կենսաբազմազանությամբ հարուստ տարածքն էր, իսկ այսօր հետքը չկա: 3 լուցկու գնով 1 քմ հողը գնեցին, ժողովրդին իրենց հողերից զրկեցին, այդ տարածքին անդառնալի վնասներ պատճառեցին, այդ հողերն գործածությունից դուրս են եկել, հիմա մենք ի ՞նչ ենք անելու, ժողովրդին պատճառված վնասը ո ՞վ է փոխհատուցելու: Նախորդ իշխանություններն այդ ընկերությանը տվել էին լայն լիազորություններ, էդ մարդիկ ասում էին` մեր դեմ խաղ չկա, և, իրոք, չկար, ինչ ուզեցին, արեցին: Ո՞վ է նախագծել այդ պոչամբարը, ո՞վ պետք է պատասխան տա դրա համար, ինչո՞ւ մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել», - ասաց Շնող համայնքի նախկին գյուղապետ Հովիկ Սահակյանը:

Հովիկ Սահակյան

Թեղուտի բնակիչուհի Ռայա Մելքոնյանն էլ նշեց, որ սոցիալական լարվածությունը մարդկանց արդեն դրդում է արտագաղթի: «Մեր հույսն այն է, որ մենք ապրում ենք նոր Հայաստանում, և ինչ-որ բան կփոխվի: Բնակչության մեծ մասի հողատարածքները կառավարությունը գերակա շահ է ճանաչել, ես հուսով եմ, որ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Թեղուտի խախտումները և բնակիչներին պատճառած վնասները: Եթե հանքը չի աշխատելու, պետք է այլընտրանքային աշխատատեղեր գտնել բնակիչների համար», - ասաց Ռայա Մելքոնյանը:

Ռայա Մելքոնյան

Շնողի բնակիչ Լևոն Ալիխանյանը, ում հողերը մնացել են Թեղուտի պոչամբարի տակ, նշեց, որ իր համար առաջնայինը փոխհատուցման հարցն է: «Կարևորագույն հարցը տեղացիներին պատճառված տնտեսական վնասների փոխհատուցումն է, սյն հողերի, որոնք գերակա շահի անվան տակ կես պաղպաղակի գնով վերցրեցին և այն այգիների, որոնք փչացել են պոչամբարի արտահոսքերի պատճառով», - նշեց Լևոն Ալիխանյանը:

Լևոն Ալիխանյան

Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը համամիտ է, որ պատճառված վնասների դիմաց պետք է փոխհատուցում տրվի, բայց հանքի փակմանը դեմ է: Ասում է` այլընտրանք չունեն: «Երբ սկսվում էր Թեղուտի ծրագիրը, ես և իմ ընտանիքն առաջին դեմ հանդես եկողներից ենք եղել: Ինձ համար առաջնային խնդիրը բնապահպանությունն է և բնապահպանական նորմերի պահպանումը, քանի որ դրանից է բխում առողջապահական խնդիրը: Բայց այսօր ես տեսնում եմ հետևյալը. 2 ամիս է` ինչ փակվել է հանքը, տասնյակ մարդիկ մոտենում են ինձ սոցիալական խնդիրներով: Ես համոզված եմ, որ եթե հանքը չշահագործվի, նրանք կդառնան հարյուրավոր: Եթե 1200 աշխատատեղի այլընտրանքային առաջարկ լինի, ես ուրախ կլինեմ, բայց դժվար մեզ մոտ դա լինի: Մեզ համար կարևոր է, որ հանքն աշխատի, բայց աշխատի` բնապահպանական նորմերը պահպանելով: Ես չեմ կարող ասել հանքի շահագործման ավարտից հետո մարդիկ ինչով են զբաղվելու, բայց այսօր մենք ունենք իրականություն. Թեղուտի հանքն արդեն կա: Իմ կարծիքով` պետք է ստեղծվի հանձնաժողով, որը կգա և կասի` որն է ճիշտ աշխատանքային ձևը: Մեր համայնքի բնակիչների համար առաջնային խնդիր է բնապահպանությունը», - ասաց Շնող համայնքի ղեկավարը:

Դավիթ Ղումաշյան

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ներկայում ձևավորվում է մասնագիտական աշխատանքային խումբ, որը պետք է ստուգումներ և գնահատում անցկացնի ՀՀ-ում շահագործվող մետաղական հանքավայրերում, այդ թվում` Թեղուտում:

16:22 Հուլիս 03, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news