Թեղուտի պաշտպանները դիմում են ՀՀ բնապահպանության նախարարությանը ստուգումներ անցկացնել Թեղուտի հանքում

Թեղուտի պաշտպանները դիմում են ՀՀ բնապահպանության նախարարությանը ստուգումներ անցկացնել Թեղուտի հանքում

ԷկոԼուր

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմում է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին՝ ստուգելու Շնող գետի աղտոտվածության չափը եւ տեսչական ստուգումներ անցկացնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում: Նամակում ասված է.

««Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը սույն թվական փետրվարի 8-ին հրապարակեց Թեղուտում կատարված նկարահանումներ և լուսանկարներ, որոնք վկայում են, որ Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը կոպտորեն խախտել է բնապահպանական օրենսդրության նորմերը, ինչի հետևանքով հանքարդյունաբերական թափոնները հարակից գետ են թափվում: Ավելի ուշ՝ փետրվարի 18-ին, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց Շնող գետի լուսանկարներ, որոնք կրկին վկայում են գետի՝ թափոններով աղտոտվածության մասին։
Նկարահանված տեսանյութը լայնորեն լուսաբանվել է էլեկտրոնային մամուլում, հատուկ հղում է կատարվել նաև Բնապահպանության նախարարությանը։

Մեզ հայտնի է, որ ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ին ընդունված համ. 839-Ա և 2016թ. հունվարի 14-ին ընդունված համ. 43-Ա որոշումներով անհասկանալիորեն կասեցվել են ընդերքօգտագործման մի շարք օբյեկտներում, այդ թվում՝ Թեղուտի հանքավայրում բնապահպանական ստուգումներ անցկացնելու գործընթացները:
Այնուհանդերձ, ինչպես նշված է ՀՀ կառավարության ընդունած որոշումներում, ստուգումների կասեցման իրավական հիմքը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքն է: Միևնույն ժամանակ, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն, Ձեր և Ձեր կողմից ղեկավարվող գերատեսչության անմիջական պարտականությունն է նախաձեռնել բնապահպանական տեսչական ստուգումներ, եթե առկա են նշված հոդվածով ամրագրված առանձնահատուկ դեպքերից որևէ մեկը, մասնավորապես՝

  • շրջակա միջավայրին վտանգ սպառնացող արտակարգ և վթարային իրավիճակները.
  • քաղաքացիների և կազմակերպությունների դիմում-բողոքներն ու հաղորդումները.

Վերը նշված տեսանյութը վկայում է, որ առկա են «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավական հիմքերը:

Ակնհայտ է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված համ. 839-Ա և համ. 43-Ա որոշումներում ներկայացված իրավական հիմքերը ՀՀ բնապահպանության նախարարությանը չեն կաշկանդում  «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով սահմանված իրավական հիմքերով ստուգումներ իրականացնել: Ուստի խնդրում ենք օրենքով սահմանված՝ քաղաքացիների և կազմակերպությունների դիմում-բողոքներն ու հաղորդումները հիմք ընդունելով՝ Թեղուտի հանքավայրում, ինչպես նաև հարակից տարածքում և ջրային աղբյուրներում իրականացնել ստուգումներ և հրապարակել ստուգումների արդյունքները, քանի որ այդ հանքավայրի շահագործման ընթացքում առնվազն Շնող և Թեղուտ համայնքների համար առաջացել է շրջակա միջավայրին վտանգ սպառնացող արտակարգ և վթարային իրավիճակ»:

Լուսանկարը վերցված է www.teghout.am կայքից:

12:46 Փետրվար 23, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news