

ԷկոԼուր
Ներկայում առաջնահերթ խնդիր է Հայաստանում առկա քիմիական, ռադիոակտիվ թափոնների ոչնչացումը, որի համար չկան համարժեք հնարավորություններ: Տարածաշրջանային դիրքը լրացուցիչ բարդություններ է ստեղծում: Այս մասին ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հոկտեմբերի 1-ին ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ հանդիպման ժամանակ:
Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, որ Իրանի Սպահան քաղաքում կա թափոնների ոչնչացման գործարան, և իրանական կողմը պատրաստ է թափոնները տեղափոխել ոչնչացման, սակայն կա ֆինանսական խնդիր: Ըստ նախարարի՝ այս հարցում շատ օգտակար կարող է լինել միջազգային համագործակցությունը:
Իր հերթին Անդրեա Վիկտորինը հավաստել է Հայաստանի զարգացմանն աջակցելու ԵՄ պատրաստակամությունը՝ նշելով, որ այս դիրքորոշումն արտահայտված է ԵՄ-Հայաստան խոր և համապարփակ գործընկերության պայմանագրում, որտեղ քաղաքացիական պաշտպանության բաղադրիչը խիստ կարևորված է:
Ըստ Անդրեա Վիկտորինի՝ անհրաժեշտ է բարձրացնել աղետների ռիսկի տեղեկացվածությունը և մշտապես հիշել ավերիչ հետևանքների մասին:
Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ներքո բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման և ընդլայնման ուղղություններով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հոկտեմբեր 08, 2019 at 16:48