«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն նախատեսում է ամրացնել Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշը եւ կառուցել դրենաժային համակարգ

«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն նախատեսում է ամրացնել Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշը եւ կառուցել  դրենաժային համակարգ

ԷկոԼուր

 

«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» (ԴՓՄԿ) ՓԲԸ-ն նախատեսում է ամրացնել Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշը եւ կառուցել  դրենաժային համակարգ`վթարային ռիսկերը նվազեցնելու և մեծ սեյսմիկ երևույթներին դիմակայելու համար:

Սույն թվականի սեպտեմբերի 10-ին` ժամը 15.00-ին, ԴՓՄԿ -ի ինֆորմացիոն կենտրոնում տեղի կունենան Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշի ընդհանուր ստատիկ կայունության բարձրացման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Գեղանուշի պոչամբարը գտնվում է Զանգեզուրի ֆիզիկաաշխարհագրական շրջանի հարավային մասում` Բարգուշատ լեռնաշղթայի հարավային տարածաշրջանում: Այս պոչամբարում են կուտակվում  ԴՓՄԿ -ի կողմից շահագործվող Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչերը:

Գեղանուշի պոչամբարը ընդհատումներով շահագործվել 1962 թ.-ից:  

 «Գեղանուշի պոչամբարը արևելքից և արևմուտքից շրջափակված է բարձր  լեռնալանջերով, իսկ հյուսիսից և հարավից՝ պատնեշներով: Ակնհայտ է, որ հնարավոր սեյսմիկ ռիսկերի թիրախ կարող են դառնալ բացառապես պոչամբարի հյուսիսային և հարավային պատնեշները: ԴՓՄԿ-ի կողմից իրականացված կրկնակի գեոֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հնարավոր սեյսմիկ ռիսկերի կառավարման տեսանկյունից այս փուլում արդիական է հյուսիսային պատնեշի կայունության բարձրացման հարցը»,- մասնավորապես նշված է հայտում:

 Նախագծով նախատեսված աշխատանքները բաղկացած են երկու փուլերից՝

1) դրենաժային համակարգի կառուցում

2) հյուսիսային պատվարի ամրացում:

Դրենաժային համակարգի միջոցով պետք է իրականացվի արտահոսքերի կառավարում: Կառուցվելու է նաեւ  մակերեւութային ջրերի հավաքման համակարգ: Հյուսիսային պատնեշի ստորին շեպի կայունությունը բարձրացնելու, ինչպես նաև մեծ սեյսմիկ երևույթների հետևանքով հնարավոր դեֆորմացիաններից խուսափելու նպատակով կկառուցվի մոտավորապես 380,000 մ3 ծավալով պատվար՝ հյուսիսային հենարանի համար: Հյուսիսային պատվարը կկառուցվի բարձր ֆիզիկական և քիմիական հատկություններ ունեցող ապարներից` հասնելով մինչև պոչամբարի 840 մ նիշը: Նախատեսվող գործունեության հողատարածքը կազմում է 3.74122 հա: Հողատարածքը բաղկացած է համայնքային սեփականություն հանդիսացող երկու հողամասերից: Հողամասերը վարձակալված են կառուցապատման իրավունքի տրամադրմամբ: Մինչև 2006 թ-ի ընդլայնումը Գեղանուշի պոչամբարի նախագծային ծավալը կազմում էր 8.7 միլիոն մ3: 2006 թ-ին պոչամբարի ընդլայնման նախագծման ժամանակ պոչամբարում կուտակված պոչերի փաստացի ծավալը կազմում էր 4.6 միլիոն  մ3: Գեղանուշի պոչամբարի ընդլայնման նախագծով պոչամբարի պատվարը բարձրանալու էր մինչև ծովի մակերևույթից 852-854 մ, իսկ պարզվածքի հայելու նիշը կազմելու էր ծովի մակերևույթից 848.2մ: Պոչամբարի պատնեշի բարձրացման արդյունքում դրա ընդհանուր ծավալը կազմելու էր 11.37 միլիոն  մ3: Պոչամբարի հայելու մակերեսը կազմում է 108,000 մ2, իսկ ընդհանուր մակերեսը՝ մոտ 180,500 մ2: Պոչամբարը իր ենթակառուցվածքներով զբաղեցնում է մոտ 32 հա տարածք»,- մասնավորապես նշված է հայտում:

 2007 2015թթ.  Գեղանուշի պոչամբար են տեղափոխվել մոտ 2,1 միլիոն մ3 ծավալով պոչեր:

15:18 Սեպտեմբեր 02, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news