ԷկոԼուր
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ի պոչամբարի ընդլայնման համար ՀՀ կառավարությունը մայիսի 21-ին բացառիկ գերակա շահ ճանաչեց Սյունիքի մարզի Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք համայնքների վարչական սահմանների 491.8093 հա հողերի նկատմամբ:
Գործադիրը միեւնույն որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց ՀՀ կառավարության 2011թ-ի ապրիլի 28-ի 627-Ն որոշումը, որով նույն սկզբունքով բացառիկ գերակա շահ էր ճանաչվել վերոթվարկյալ համայնքների հետ նաեւ Քաջարան համայնքի 181.7 հա հողատարածքի նկատմամբ: Սակայն Քաջարան համայնքի ընդվզման եւ հասարակայանության պայքարի արդյունքում 627-Ն որոշումը կյանքի չկոչվեց: Կառավարությունն այս անգամ հրաժարվել է Քաջարան համայնքի հողերի նկատմամբ բացառիկ գերակա շահ ճանաչելուց: Սակայն որպես պատճառաբանություն նշվում է ոչ թե բարձրացված բողոքի ալիքը, այլ այն, թե N627-Ն որոշման հավելվածներով սահմանված տարածքները մասամբ չեն համընկել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման և ընդլայնման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տարածքների հետ, որի պատճառով էլ որոշմամբ սահմանված ժամկետում չի սկսվել հողամասերի օտարման գործընթացը:
Ամենից շատ հողատարածք պետք է օտարվի Արծվանիկ համայնքում`274.8378 հեկտար: Այս ցուցանիշով երկրորդ տեղում է Սևաքար համայնքը` 79.4636 հա օտարվող հողերով, երրորդ տեղում Չափնին է` 59.1013 հեկտար հողերով, չորրորդում` Սյունիքի համայնքը 52.3047 հա հողերով, հինգերորդում`Աճանանը 26.1019 հա հողատարածքներով:
Նշենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը այս որոշմանը համաձայնություն է տվել մի պայմանով, որ Չափնիի և Աճանանի համայնքներում բնակավայրի և նախատեսվող պոչամբարի միջև ապահովվի նորմատիվային 300 մետր հեռավորությունը:
Պոչամբարի համար հատկացվող տարածքում՝ Արծվանիկի համայնքի վարչական սահմաններում, առկա է «Դամբարանադաշտ» պատմամշակութային հուշարձանը, իսկ Չափնիի համայնքում հայտնաբերվել են հնագույն կառույցի մնացորդներ և հնագիտական շերտեր: ՀՀ մշակույթի նախարարությունն առաջարկել է որոշման մեջ կետ մտցնել , որ ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ պոչամբարի տակ ընկնող հողամասերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների, ինչպես նաև պատմամշակութային արժեք ներկայացնող նորահայտ օբյեկտների տարածքներում իրականացվեն հնագիտական պեղումներ, սակայն առաջարկը մերժվել է: Նշվել է, որ որոշման մեջ մտցնելու փոխարեն այդ առաջարկը կներառվի պայմանագրում:
Որոշման հիմնավորման համաձայն` պոչամբարի ընդլայնման տարածքների ընտրությունը իրականացվել է` հաշվի առնելով համայնքների կարծիքները:
Հիշեցնենք, որ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն պատրաստվում է վերամշակել ԶՊՄԿ-ի երկու ռեկուլտիվացված պոչամբարների` Փխրուտի եւ Ողջիի, ինչպես նաեւ շահագործման ավարտից հետո նաեւ Արծվանիկի պոչամբարում կուտակված եւ կուտակվող թափոնները: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ԶՊՄԿ-ի պոչամբարներում եղած մոտ 300 միլիոն տոննա ընդերքօգտագործման թափոններին տարեկան ավելանում է ևս 18-20 միլիոն տոննա:
Մայիս 21, 2015 at 17:31