Երևանի քաղաքապետարանը միակողմանի և ամբողջությամբ լուծեց «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերը

Երևանի քաղաքապետարանը միակողմանի և ամբողջությամբ լուծեց «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերը

ԷկոԼուր

Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 3-ին միակողմանի և ամբողջությամբ լուծել է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը: Այս մասին տեսաուղերձով այսօր հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Հայկ Մարությանը նշել է, որ 2017 թ. ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում:

«Թերացումներն ահագնացել են 2018 թ. կեսերին և շարունակվել մինչև 2019-ի սեպտեմբերը: Այս հանգամանքները պարզելու համար 2019 թ. հուլիսից իմ հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են «Սանիթեք» ընկերության տեխնիկայի, ինչպես նաև գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունն ու գույքագրումը: Այն ավարտվել է օրեր առաջ, և մենք այս պահին ունենք ամբողջական պատկերը:

Ելնելով վերը նշվածից և հաշվի առնելով`

1) Աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը,

2) Աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը, շահագործվող աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած անհնար են դարձնում պայմանագրով սահմանված պահանջներին և ժամկետներին համապատասխան ծառայությունների մատուցումը,

3) 2019 թ. օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը,

4) Պայմանագրերով նախատեսված ապահովագրության պայմանագրերի բացակայությունը,

5) Գնումների մասին օրենսդրությամբ մասնագիտական փորձառության և ֆինանսական միջոցների, որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրվող ծանուցման մեջ:

Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով, սույնով ամբողջությամբ միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրերը»,- նշել է Հայկ Մարությանը:

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանն էր փոխանցել 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց և տարածել հայտարարություն. «Երևանի քաղաքապետարանն այսօր «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019թ. օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց:

Հորդորում ենք «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթորեն ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը:

Հայտնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով ս.թ. օգոստոսի 29-ից ի վեր Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից»։

 



14:27 Հոկտեմբեր 03, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news