Խրախուսել անթափոն արտադրությունը, համապետական մակարդակով ստեղծել աղբի վերամշակման համակարգ. ՄԻՊ

Խրախուսել անթափոն արտադրությունը, համապետական մակարդակով ստեղծել աղբի վերամշակման համակարգ. ՄԻՊ

ԷկոԼուր

Անհրաժեշտ է օրենսդրորեն արտոնություններ սահմանել այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր կկիրառեն առավելագույն անթափոն տեխնոլոգիաներ, որոնք շրջակա միջավայրի վրա ունեն նվազագույն վնասակար ազդեցություն, ինչպես նաև ստեղծել աղբի տեսակավորման և վերամշակմ ան համակարգ համապետական մակարդակով:

Այս մասին նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2019 թ-ի տարեկան հաղորդման մեջ:

ՄԻՊ-ը շեշտում է հանքարդյունաբերական և կենցաղային թափոններով շրջակա միջավայրի աղտոտման խնդիրը: Պաշտպանի զեկույցում նշված է.

«Շրջակա միջավայրի լրջագույն մարտահրավերներից է ջրերի աղտոտումը: Թափոնները, որոնք պոչամբարներում պարունակվող ծանր մետաղներ են և կուտակվում են ջրամբարներում, գետերի հուներում, վտանգավոր են շրջակա միջավայրի, այդ թվում՝ ջրային էկոհամակարգի համար: Շրջակա միջավայրի վրա վատ են անդրադառնում ոչ միայն հանքարդյունաբերության հետևանքով առաջացող քիմիական նյութերն ու թափոնները, այլև կենցաղային թափոնները։ Դրանք աղտոտում են մթնոլորտային օդը, ընդերքը, ջրերն ու հողերը: 2019 թվականի ընթացքում ևս այս խնդիրները շարունակել են առկա լինել: Այդ մասին են փաստում ՀՀ շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքները, որոնց համաձայն՝ օրինակ, Գետառ գետի ջրի որակը գետաբերանի հատվածում հուլիս և սեպտեմբեր ամիսներին գնահատվել է «վատ» (5-րդ դաս, որն էլ ամենացածրն է): Ավելին, արդյունքները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ 2019 թվականի ընթացքում գետի որակը չի համապատասխանել սահմանված նորմայի չափանիշներին:

Գետառի որակի և աղտոտվածության խնդիրը բարձրացրել են նաև բնապահպանները: Այս խնդիրն առկա է այլ ջրային օբյեկտներում ևս. 2019 թվականի 3-րդ եռամսյակի ՀՀ շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքները վկայում են, ընդհանուր առմամբ, ջրային օբյեկտների որակային ցուցանիշների խնդրահարույց լինելու մասին: Խնդրահարույց է նաև աղբի տեսակավորման հետ կապված հարցը: Վտանգավոր թափոնները կուտակելու կամ վնասազերծելու համար նախատեսված հատուկ վայրեր չկան: Արդյունքում, այդ թափոնները կուտակվում են ընդհանուր աղբավայրերում, իսկ չտեսակավորված, խառը կենցաղային թափոնները խիստ վտանգավոր են: Մասնագիտացված աղբավայրերի (շինարարական, արտադրական թափոնների) բացակայության պատճառով շատ հաճախ այդ թափոնները հայտնվում են պատահական, ոչ այդ նպատակի համար նախատեսված վայրերում և հանդիսանում շրջակա միջավայրի աղբոտման պատճառ։ Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ թափոնների գործածության բնագավառում առաջացող խնդիրներից է նաև այն, որ աղբահանություն և սանիտարական մաքրություն իրականացնող ընկերությունները լիցենզավորված չեն, սակայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «14.Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բաժնի 1-ին կետի՝ վտանգավոր թափոնների գործածությունը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Ըստ նախարարության՝ փոփոխություն է կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման մեջ, որով «Վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզիա» արտահայտությունը փոխարինվել է «Վտանգավոր թափոնների գործածության լիցենզիա» արտահայտությամբ: Սակայն փոփոխության չեն ենթարկվել և չեն վերաձևակերպվել տնտեսվարողներին նախկինում տրամադրված՝ գործող «Վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզիաները»: Շրջակա միջավայրի նախարարության տեղեկությունների համաձայն՝ նման պարագայում խնդիրներ է առաջացել նախկինում լիցենզիա ստացած տնտեսվարողների շրջանում:

Մասնավորապես, խնդիրն այն է, որ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա ստացած տնտեսվարողերը իրավասու են իրականացնել միայն այն գործողությունը, որի համար ստացել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության: Նշված խնդիրը խոչընդոտ է առաջացնում թափոնների կառավարման ոլորտում։ 2019 թվականի ընթացքում ձեռնարկվել են որոշակի քայլեր՝ ուղղված ոլորտի խնդիրների վերացմանը: Մասնավորապես, շրջանառվել է «Աղբահանության համակարգի ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է ներդնել հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման և անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման կայուն համակարգ:

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ թեև Երևանն աղբի տեսակավորման դեռ չի անցել, սակայն առաջիկայում քաղաքապետարանը կսկսի աղբի տեսակավորման փորձնական ծրագիր: Այս առումով, հարկ է նշել, որ «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսվում է թափոնների օգտահանմանն ու դրանց գոյացման ծավալների նվազեցմանն ուղղված միջոցառումներ իրականացնող կազմակերպությունների արտոնություններ ստանալու հնարավորությունը: Թափոնների օգտահանմանն ու դրանց գոյացման ծավալների նվազեցմանն ուղղված միջոցառումների խթանման նպատակով, ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումների, 2019 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-63-Ն օրենքը, որի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 52-րդ կետի համաձայն՝ ավելացված արժեքի հարկից ազատվում են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը:

Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ այն գործում է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Շրջակա միջավայրի նախարարության տվյալների համաձայն՝ մշակվել է «Թափոնների կառավարման հայեցակարգային մոտեցումներ» փաստաթուղթը, որի հիմնադրույթները նպատակաուղղված են մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա թափոնների անբարենպաստ ազդեցության ռիսկերի նվազեցմանը, թափոնների առաջացման կանխարգելմանն ու կրճատմանը, դրանց օգտահանմանը և վերամշակմանը, «արտադրողների ընդլայնված պատասխանատվության» սկզբունքի ներդրմանը։

Բնապահպանական խնդիրների լուծման համար կարևոր նշանակություն ունի ոլորտի մարմինների իրավասությունների բաշխման ու դրանց համակարգված իրականացման հարցը: Մասնավորապես, 2019 թվականի ընթացքում արդիական է եղել տարբեր նախարարությունների ենթակայության ներքո գործող մոնիթորինգային մարմինների գործունեության միասնականացման և համակարգման խնդիրը: Բանն այն է, որ տարբեր մարմինների կողմից («Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» և «Անտառային մոնիթորինգի կենտրոն») շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների նկատմամբ մշտադիտարկման պայմաններում չի ապահովվել պետական միասնական քաղաքականությունը: Հարկ է նաև նկատել, որ ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 81-Ն որոշմամբ վերը նշված մոնիթորինգի կենտրոնների միաձուլման արդյունքում ստեղծվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ որպես շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական քաղաքականության ապահովմանն ուղղված օրենսդրական փոփոխություն: Ասվածը վկայում է, որ բարձրացված խնդիրը դեռևս արդիական է եղել 2019 թվականի ընթացքում:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է՝ 1. օրենսդրական փոփոխությունների միջոցով ստեղծել արտոնություններ տրամադրող ու տնտեսական խրախուսանքի այլ միջոցներ կիրառող ծրագիր ( քաղաքականություն ) այն տնտեսվարողների նկատմամբ , ովքեր կներդնե ն , կկիրառեն կամ կիրականացնեն առավելագույն անթափոն միջոցներ , մեխանիզմներ կամ տեխնոլոգիաներ , կամ կընտրեն դրանց այն տեսակները , որոնք էկոլոգիապես անվտանգ են և շրջակա միջավայրի վրա ունեն նվազագույն վնասակար ազդեցություն , 2. ստեղծել աղբի տեսակավորման և վերամշակմ ան գործուն և կայուն համակարգ համապետական մակարդակով՝ ապահովելով դրա նկատմամբ արդյունավետ վերահսկողություն»:

12:54 Ապրիլ 16, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news